Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ սեպտեմբերի 25-ին տեղեկացել է պատերազմի ռիսկի մասին. Տիգրան Աբրահամյան

«Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիշեցնելով երկու օր առաջ ԱԺ-ում խորհրդարան-կառավարություն  հարցուպատասխանի ընթացքում իր բարձրացրած հարցը, թե որ օրն է Նիկոլ Փաշինյանին հայտնի դարձել, որ իրավիճակը մոտ է պատերազմական գործողություններին կամ երկիրը պատերազմի շեմին է, և դրան տրված պատասխանը, թե սեպտեմբերի 25-ին տեղեկացել է պատերազմի ռիսկի մասին, համարեց կարևոր  այն տեսանկյունից, թե իրավիճակից բխող գործողություններն ինչքանով են համահունչ եղել ստեղծված իրավիճակին:

Աբրահամյանը հիշեցրեց նաև, որ 2020թ. հուլիսի տավուշյան դեպքերից հետո Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին համատեղ զորավարժությունների շարքը, ներդաշնակեցրին իրենց քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տեղեկատվական, քարոզչական մոտեցումները, սկսել էին վարձկանների տեղափոխությունն Ադրբեջան: Իսկ Ադրբեջանում հայտարարվել էր մոբիլիզացիա, այսինքն՝ կային պատերազմական գործողություններ  սկսելու մասին  ակնհայտորեն հուշող գործողություններ:

«Սրա վերջնակետը կարծես դրեց հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ռադիոկլանում, ընդ որում, ասաց, որ դա եղել է վստահելի աղբյուր առ այն, որ հրահրվում են ռազմական գործողություններ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ եղել են մեծաթիվ գործոններ, որոնք հաստատում էին, որ, նվազագույնը, պատերազմի հավանականությունը կտրուկ մեծացել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանը թվարկեց այն գործողությունները, որոնք երկրի «նորմալ ղեկավարը» պետք է աներ, երբ ուներ նման գործոնների և փաստերի համադրում, բայց որոնք նախորդ տարի չեն արվել: Աբրահամյանն անդրադարձավ նաև ճակատի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացվող ակտիվ ինժեներական նախապատրաստական աշխատանքներին՝ առաջնագծի ենթակառուցվածքների բարելավմանը, հարձակողական գործողությունների համար կոմունիկացիաներ ստեղծելուն:

ԱԺ պատգամավորի խոսքով՝ պատերազմի պարտության հիմքում կար մի քանի հիմնական գործոն: Առաջին՝ պատերազմի ռիսկի առկայության պայմաններում քայլեր չգործադրվեցին, երկրորդ՝ պատերազմական ժամանակահատվածում համալրման գործընթացը տապալվեց: Երրորդ գործոնը, ըստ Աբրահամյանի, պաշտպանության բանակում տեղի ունեցած հրամանատարական կազմի փոփոխությունն է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս