Ո՞ւր ա 5 միլիարդանոցը, ինչի՞ չի գալիս նիստերին, իսկ ձեր շեֆի հաշվին քանի՞ միլիոն կար. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ առնվազն պաշտոնատար անձինք տեղյակ են, որ Արցախը ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով բանակցություններին մասնակցել է 1996 թվականի նոյեմբերի 22-ին Հելսինկիում։

«Ես վստահ եմ, որ շատ լավ տեղյակ են, որ իսկապես 1997 թվականի հունվարի 25-ին, հունվարի 28-ին Ժիրայր Լիպարիտյանը խոսում էր, ի դեպ, այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանն էլ էր խոսում այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցային պրոցեսին, թե այս ելակետային պայմաններում 1998 թվականն ինչպես է ստացվում, իհարկե, լավ չեմ պատկերացնում։ Կարծում եմ՝ սա քաղաքականություն է, այլ ոչ թե իրականության ներկայացում»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Միաժամանակ հիշեցրեց, որ նախորդ հարցուպատասխանի ժամանակ հարցը ներկայացրել էր, բայց  ժամանակի սղության պատճառով Նիկոլ Փաշինյանը չէր պատասխանել, այսօր էլ  Տիգրան Աբրահամյանի հարցին պատասխանելիս՝ ասաց, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին արդեն իսկ կային տեղեկություններ, որ հնարավոր է՝ պատերազմ լինի։

«Հիմա, երբ սեպտեմբերի 25-ին պատերազմ սկսելու տեղեկություն էիք ստացել, ի՞նչ արվեց այդ տեղեկության հետ»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականի հուլիսին տավուշյան դեպքերից հետո ամբողջ բանակը բերված է եղել ուժեղացված ծառայության, և այդ պայմաններում չէր կարող հակառակը լինել։

«Մի քանի անգամ քննարկում ենք ունեցել և Գլխավոր շտաբում ինձ զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ առաջնագծի մոտ Ադրբեջանն այնքան ուժեր է կուտակել, որ ցանկացած պահի կարող է իրականացնել հարձակում։ Այսինքն՝ գործնականում այդ հարվածները հասցնելու համար, մեծ զորաշարժեր անելու անհրաժեշտություն չկա։ Էլի եմ ասում՝ տեղեկությունները եղել են միշտ, դրանք միշտ անցել են ֆիլտրերով, ես լսել եմ ՊՆ-ի և ԳՇ-ի գնահատականը, թե ի վերջո ինչպես պետք է վերաբերվել այդ տեղեկություններին, և ինչ է էդ ամենը նշանակում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Արցախը բանակցություններից դուրս թողնելուն, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր տեղեկություններով՝ Արցախի բանակցային գործընթացում վերջին եռակողմ հանդիպումը եղել է ոչ թե 1996 թվականին, այլ 1997 թվականի ապրիլին։

«Պիտի արձանագրեմ՝ այն , որ Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս է թողնվել Ռոբերտ Քոչարյանի օրոք և նրա կողմից, հենց ինքն է վկայել 2004 թվականի ապրիլի 3-ին Գոլոս Արմենիի թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս»,- շեշտեց նա և մեջբերեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերը։

Արձագանքելով, Արամ Վարդևանյանն ասաց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին եղել է տեղեկություն, որն անցել է որոշակի ֆիլտրում։

«Այդ ֆիլտրման գործընթացում, բացի ԳՇ-ից , այլ պաշտոնատար անձ մասնակից եղե՞լ է, ենթադրենք՝ զինվորական, բայց ոչ ԳՇ-ի կազմում հանդես եկող։ Ինչպե՞ս է ստացվել, որ Պաշտպանության բանակում թիվ մեկ տագնապ չի եղել, կարո՞ղ է՝ ֆիլտրման արդյունքում դա հերքվել է։ Երկրորդը՝ Ձեր վկայակոչած տեղեկության համաձայն, չեղավ, որ հենց Երկրորդ նախագահի ժամանակ է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Դուք ասում էիք՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այդ ժամանակ դուք գիտեի՞ք 2010 թվականի վարչատարածքային ոչնչի մասին օրենքը, թե՞ երբ ասում էիք՝ վերապահում էիք ուզում անել այդ օրենքից, որը որևէ կապ չունի պետական սահմանի հետ»,- հարցրեց  Արամ Վարդևանյանը։

Հարցին Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց՝ ի՞նչ են ուզում այդ ամենով պարզել, երբ հարցնում են, թե ո՞վ է տվել տեղեկատվություն, ի՞նչ են արել դրա հետ, և այլն։

«100 անգամ հարցրել ենք, 100 անգամ պատասխանել ենք, հարցն ինչի՞ համար եք տալիս։ Դուք էլ չեք հասկանում՝ ի՞նչ եք հարցնում, տպավորություն եք ստեղծում, որ խորհրդավոր տեղեկատվության եք տիրապետում, ունե՞ք տեղեկություն բացահայտեք։ Էլի եմ ասում՝ ո՞ւր է 5 միլիարդանոցը, ինչո՞ւ չի գալիս նիստերին։ Ես էլ ասում եմ՝ ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք, տո պետք լինի՝ կապացուցենք էլ, ի՞նչ է եղել որ, ի։ Իսկ այդ ժամանակ ձեր շեֆի հաշվին քանի միլիոն դոլար կար»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս