Պուտինի ասածը ՌԴ ԳՇ-ում պահվող 1926 թ. քարտեզն է, որը բխում է Հայաստանի շահերից. քարտեզագիր Ռուբեն Գալչյան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանին պատկանող «Ալիք-Մեդիան» հոկտեմբերի 22-ին գրել է այն մասին, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու։

«Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին»,- նշել էր կայքը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, խոսելով հնարավոր նոր փաստաթղթերի ստորագրման մասին, շեշտեց՝ եթե նման բան տեղի ունենա, ապա հայկական կողմը պետք է հղում անի բացառապես 1926 թվականին տպագրված Խորհրդային Միության քարտեզին։

«Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այդ քարտեզները պահպանվում են ՌԴ ԳՇ-ում։ Սա նշանակում է, որ Պուտինը նկատի չուներ, օրինակ, 1975-1976 թվականների քարտեզները. նա նկատի ուներ 1926 թվականին տպագրված քարտեզը։ Այդ քարտեզի բնօրինակը, այսինքն՝ այն, որը պատրաստել է ՌԴ Գլխավոր Շտաբը, մենք չունենք։ Եթե մենք խոսում ենք 1926 թվականի քարտեզի մասին, ապա դա շահեկան է Հայաստանի համար։ Այստեղ Հայաստանը միացած է Լեռնային Ղարաբաղին և միայն Աղավնո գետով է բաժանվում։ Կապանի օդանավակայանի տարածքը Հայաստանի տարածքում է, Շուռնուխի շրջանը հայկական է, անկլավներ էլ գոյություն չունեն, Արծվաշենը Հայաստանինն է։ Սա նշանակում է, որ այս քարտեզով անկլավների թեման փակվում է, Ալ լճերն էլ Հայաստանինն են։ Հետևապես՝ մինչև հստակ չիմանանք, թե ո՞ր թվականի քարտեզին են հղում անելու սահմանագծման և սահմանազատման ժամանակ, անհնար է հստակ որևէ բան ասել։ Պարզապես պնդում եմ՝ քանի որ Պուտինն ասում է, որ այդ քարտեզները միայն իրենք ունեն, դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է հենց 1926 թվականին տպագրված իմ ասած այս քարտեզին, որովհետև Խորհրդային Միությունում որևէ քարտեզ չէր կարող տպագրվել, եթե դա չէր վավերացվել մի շարք գերատեսչությունների կողմից, իսկ այս քարտեզից, ՌԴ-ից բացի, բացառությամբ Վրաստանի, որևէ այլ երկիր չունի։ Մենք էլ չունենք»,- ասաց քարտեզագիրը։

Դիտարկմանը, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովում ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը կատարվելու է 1975-1976 թվականների քարտեզներով, ԳԱԱ պատվավոր դոկտորն արձագանքեց.

«Եթե սահմանագծում և սահմանազատում արվի 1970-ական թվականների քարտեզներով, ապա այդ դեպքում անկլավների հարց է առաջանալու, իսկ զուտ տարածքի տեսակետից մեզ համար ձեռնտու չէ անկլավների փոխանակումը, որովհետև թեև Արծվաշենն իր 44 կմ տարածքով ավելին է մեզ մոտ գտնվող 3 անկլավների համեմատ, միևնույն է՝ Արծվաշենը մեզ ոչինչ չի տալու, իսկ մեզ մոտ գտնվող անկլավները ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա են գտնվում ու դրանց՝ Ադրբեջանին տալը նշանակում է այդ ճանապարհների վերահսկողությունը տալ Ադրբեջանին։

Պետք է նշեմ, որ ժամանակին Խորհրդային Միությունը միտումնավոր կերպով է Հայաստանի մայրուղին ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու խնդիր ստեղծել, նույնը նաև արել է Տիգրանաշենում, որը եթե տանք Ադրբեջանին, ապա Իրանի հետ մեր կապը կկտրվի, ուստի Հայաստանի համար նվազագույն կորուստներ կարող է բերել 1926 թվականի քարտեզով սահմանագծում անելը, որով Սոթքից Խոզնավար հատվածում առաջացած ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները ևս պետք է ետ քաշվեն, պետք է ետ քաշվեն Սև լճի 90 տոկոսից, որովհետև այն մայիսից վերահսկում են կեղծ քարտեզներին հղում անելով»,- ասաց նա։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հոկտեմբերի 25-ին ասել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծումը հիմք կդառնա, որ Սոթքից մինչև Խոզնավար հատվածում ադրբեջանական Զինված ուժերի ներկայացուցիչները նահանջեն։

Քարտեզագիրը խոսեց նաև «Սյունիքի միջանցք» ասվածի մասին՝ շեշտելով, որ այդ ծրագրի իրականացումը պետք է բացառել՝ ինչպես ռուսական վերահսկողությամբ, այնպես էլ՝ առանց դրա։

««Սյունիքի միջանցք» ասվածը հնարավոր չպետք է լինի՝ անգամ ռուսական վերհսկողության ներքո, որովհետև Թուրքիան և Ադրբեջանն աստիճանաբար տարածքը կլայնացնեն. չէ՞ որ այսօր անգամ ռուսական վերհսկողության տակ են նրանք առաջ եկել, օրինակ, Սև լճի տարածքում, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է այս հարցում գնալ ընդամենը ճանապարհների ապաշրջափակման՝ առանց սահմանների սահմանագծման ու սահմանազատման փաստաթղթի։

«Դա հիմա բխում է հայկական շահից, որը պետք է պնդել, իսկ եթե Ադրբեջանը խնդիրներ առաջացնի ապօրինի քարտեզների հետ կապված, ապա դա կարելի է վիճարկել միջազգային դատարաններում՝ խնդիրը հանձնելով այդ ատյաններին։ Կրկնում եմ՝ պարտադրանքով հիմա պետք չէ չգնալ սահմանագծման։ Եթե մի բան շտապեցնում են, ուրեմն շտապեցնողները ունեն այլ նպատակ, սահմանագծումները մինչև 20 տարի են տևում բարեկամ երկրների միջև, իսկ հակառակորդ պետությունների մեջ՝ ավելի երկար, այնպես որ, «Սյունիքի միջանցք» ադրբեջանական տարբերակը նշանակում է՝ Հայաստանը բաժանել երկու մասի ու տալ երրորդ երկրի»,- ասաց Գալչյանը։

Քարտեզագիրը նաև պնդեց՝ Հայաստանի իշխանությունը եթե անգամ նոյեմբերի 9-ին որևէ փաստաթուղթ ստորագրի, պետք է հստակ գիտակցի, որ իրավունք չունի Հայաստանից բացի՝ Արցախի սահմանների վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրելու։

«Հայաստանը Արցախի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու իրավունք ուղղակի չունի, դա Արցախի ղեկավարության որոշելիքն է»,- ասաց քարտեզագիրը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս