Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի և Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի հետ, 2006թ. փետրվարի 28-ին հայտարարել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ (ընդհանուր 2611.2 քմ մակերեսով) վարչական շենքի՝ շուկայականից անհա­մեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վար­ձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերա­նո­րոգ­ման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:

Այնուհետև, Դիլիջան համայնքի ղեկավարը, հանդիսանալով համայն­քային հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրելու մրցութային հանձնա­ժողովի նախագահ, համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետը՝ հանձնաժողովի անդամ, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորը՝ հանձնաժողովի քարտուղար, ի սկզբանե տեղյակ լինելով վերոնշյալ հասցեում գտնվող շինության վար­ձա­կալության համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայման հան­դիսացող կապիտալ վերանորոգման ծրագրի բացակայության մասին՝ հաստատել են նույն մրցույթի անց­կացման վերաբերյալ ձևական բնույթ կրող արձանագրութ­յու­նը, որի հիման վրա էլ 2006թ. հունիսի 28-ին նշված շինությունը, ոչ բնակելի տարածքի վար­ձակալության պայմանագրով, տարեկան 1.448.700 ՀՀ դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից` տվյալ մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու նպատակով, իր դստեր անունով, հիմնադրված ՍՊ ընկերությանը:

Շարունակելով իր հանցավոր գործողությունները` Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից պայմա­նագրով նախատեսված վերանորոգման համար որևէ ծրագիր չներկայացնելու, ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի հա­մար ակնհայտ անշահավետ պայ­մաններով կնքված և մինչև 2018թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձա­կա­լության պայմանագիրը, որի արդյունքում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հաս­ցեում գտնվող շենքում առկա տարածքների տարբեր ենթավար­ձակալ­ներից նշված ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր 69.897.673,5 ՀՀ դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17.166.598,7 ՀՀ դրամ, և համայնքին պատճառվել է էական՝ ընդհանուր 46.512.486,8 ՀՀ դրամի գույ­քա­յին վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Բացի այդ, 2008-2019թթ. աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն չկատարելու համար, քաղաքապետարանի գլխավոր աուդիտորի օժանդակությամբ, իր, որդու և եղբոր հաշվեհամարներին բանկային փոխանցման եղանակով Դիլիջան համայնքի նախկին ղեկավարն ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 19.002.983.6 ՀՀ դրամ կաշառք:

Նշված հաշվեհամարներին ստանալով վերոգրյալ չափով կաշառքը՝ վերջինս դրա մի մասի ծագումը խեղաթյուրելու, տեղաշարժը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով, առանձնապես խոշոր չափերի՝ 12.867.602,2 ՀՀ դրամն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանը, իսկ 2.944.539,6 ՀՀ դրամը կանխիկացրել` այդ կերպ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Քննությամբ պարզվել է նաև, որ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու և սահմանված կարգով որևէ տեսակի փաստաթղթային ձևակերպումներ կատարելու, Դիլիջան համայնքին պատկանող և համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը պարբերաբար, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է իր մտերիմին՝ արտադրական կոոպերատիվի (ԱԿ) նախագահին, և իր հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, 2017թ. ապրիլի 1-ին վերջինիս հետ կնքել է ձևական բնույթ կրող համաձայնագիր՝ հիշյալ ավտոմեքենաներն ԱԿ-ի տարածքում կայանելու վերաբերյալ՝ մինչ համայնքային ավտոպարկի կառուցումը: Սակայն ավտոպարկի կառուցումից հետո տվյալ ավտոմեքենաները չեն վերադարձրել համայնքային ավտոպարկ և մինչև 2019թ. սեպտեմբեր շարունակվել են անհատույց շահագործվել նշված ԱԿ նախագահի կողմից: Արդյունքում, պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ավելին, երբ իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է վերոնշյալ էքսկավատորը ԱԿ-ի նախագահին անհատույց հանձնելու հանգամանքը, համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստը թաքցնելու դիտավորությամբ, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը, 2019թ. սեպտեմբերի 30-ին հեռախոսազանգի միջոցով նախնական համաձայնության գալով նշված ԱԿ-ի նախագահի հետ, հետին ամսաթվով՝ 2019թ. սեպտեմբերի 27-ի թվագրմամբ, կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող պայմանագիր՝ իբր 2019թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2019թ. հոկտեմբերի 2-ը նշված էքսկավատորը նշված կոոպերատիվին օրեկան 25.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու վերաբերյալ:

Բացի այդ, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքն օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. իր մտերիմի՝ ԱԿ նախագահի հետ կնքել է 4 պայմանագիր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին, և չի գանձվել յուրաքանչյուր խորանարդ մետրի համար նախատեսված բնօգտագործման գումարը, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 2.226.525 ՀՀ դրամի էական վնաս, ինչպես նաև արժեզրկվել է տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը: Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշ­խա­տակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով, իսկ Դիլիջանի քաղաքապետարանի գլխավոր աուդիտորին՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշված երեք անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս