Լայնամասշտաբ գործողությունների նպաստավոր պահը որսալու դեպքում հակառակորդի հարվածի հիմնական ուղղությունը լինելու է Սյունիքը. Վիտալի Մանգասարյան

168.amի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում հոկտեմբերի 19-ին հրամանատարաշտաբային վարժանքներ էին սկսվել՝ ցամաքային զորքերի վերապատրաստման ծրագրի շրջանակում: Զորավարժությունները տեղանքում անցկացվել են կապի միջոցների, քարտեզների և մանրակերտների լայն կիրառմամբ: Մոտ ամիս առաջ այս հատվածում Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ էր զորավարժություն անցկացնում: Տեղանքի ընտրությունը, տվյալ դեպքում՝ Քաշաթաղի (Լաչին) շրջանում կամ Լաչինի միջանցքին մոտ հատվածում զորավարժությունների անցկացումն ի՞նչ մեսիջներ են պարունակում և ո՞ւմ են ուղղված: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը ձգտում է հասնել Լաչինի միջանցքի լիակատար վերահսկողությանը:

Նախ նշեմ, որ վերջին 7-8 ամիսների ընթացքում Ադրբեջանն ավելի քան 40 զորավարժություն է իրականացրել տարբեր ստորաբաժանումների և զորատեսակների մասնակցությամբ, որի միջոցով մի քանի խնդիր է լուծում:

Առաջին՝ վերականգնում է 44-օրյա պատերազմից հետո իր ստորաբաժանումների մարտունակությունը, քանի որ դրանք նույնպես մեծ կորուստներ են կրել՝ թե՛ մարդկային ուժի, թե՛ զինտեխնիկայի, ուստի փորձում են զորավարժությունների միջոցով վերականգնել կորսվածը։

Երկրորդ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իրենց տիրապետության տակ անցած տարածքների տեղանքին են ծանոթացնում բանակի ստորաբաժանումներին:

Պետք է նշեմ, որ հատուկ նշանակության տարբեր ստորաբաժանումների ներգրավումն այդ տարածքներում բավականին մեծ ռիսկեր են առաջացնում, քանի որ շատ մեծ հավանականությամբ լեռնային տեղանքին մանրակրկիտ ծանոթացման փուլին հաջորդելու է արդեն սադրիչ գործողությունների փուլը: Եվ հնարավոր է՝ տեղի ունենան դիվերսիոն ներթափանցումների տարբեր փորձեր՝ դիպուկահարների ակտիվացմամբ և այլն։

Երրորդ՝ Թուրք-ադրբեջանական տանդեմը, Ադրբեջանը նաև քաղաքական խնդիր են փորձում լուծել Քաշաթաղի (Լաչին) շրջանում կամ Լաչինի միջանցքին մոտ հատվածում կազմակերպվող զորախաղերի միջոցով՝ ցանկանալով ցույց տալ Ռուսաստանին, որ այդ հատվածում իրենք են թելադրողի դիրքերում հանդես եկողը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից արդեն բաց տեքստով հայտարարում են, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը, և Հայաստանը, այսպես ասած, անվտանգային մասով «ձեռքերը լվացել» է Արցախից, ուստի այդ համատեքստում ադրբեջանական կողմը Հայաստանին, մեծ հաշվով, ցույց տալու բան չունի։

Մնում է հուսալ, որ ռուսական կողմն ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին և իրավիճակից բխող համապատասխան գործողություններ է իրականացնում։

– Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ ուղղակի կամ անուղղակի կերպով հետախուզությանը մեղադրում է պատերազմի սկսման մասին համապատասխան տեղեկություններ չփոխանցելու մեջ, անգամ՝ պատերազմից 2 օր առաջ: Օրերս էլ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի դերը կատարած Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հետախուզության խնդիր կար նաև պատերազմի օրերին, այդ թվում՝ Շուշիի հետ կապված: Այսինքն, ավելի ուշ է պարզվել, որ Շուշիի շրջակայքում 200-300-ից ավելի թուրք է եղել: Ինչո՞ւ է թերացել մեր հետախուզությունը և ինչո՞ւմ, ո՞վ է մեղավոր:

Պատերազմի արդյունքները և այս պահին առկա վերլուծությունները ցույց են տալիս, որ թերացել է ոչ միայն հետախուզությունը, այլև ռազմաքաղաքական ղեկավարությունը և պետական ամբողջ ապարատը՝ վարչապետից մինչև համայնքների ղեկավարներ։

Պատերազմը կոնկրետ կառույց չի վարում, պատերազմը վարում է պետությունը՝ իր բոլոր կառույցներով միասին։ Պետական ամբողջ ապարատի սինխրոն աշխատանքի դեպքում է միայն հնարավոր արդյունքներ գրանցել, հակառակ դեպքում՝ կունենանք այն, ինչ ունեցանք և ունենք։

Իրենց գործում թերացողները պետք է պատժվեն, սակայն այսօր մենք չենք տեսնում պատժվողներ, հակառակը՝ տեսնում ենք պարգևատրումների շարք, որոնց զգալի մասի տրամաբանական բացատրությունը բացակայում է։

Եթե հանրագումարի բերենք բոլոր զարգացումները Հայաստանի շուրջ, Ադրբեջանի կատարած և շարունակվող գործողությունները՝ ինժեներաշինարարական, ենթակառուցվածքների կառուցման, ռազմական, ռազմատեխնիկական, ընդ որում՝ և՛ արցախյան թևում, և՛ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ու նախիջևանյան թևում, ապա հնարավոր լայնամասշտաբ գործողությունների օջախը ո՞ր հատվածում է լինելու:

– Նախքան 44-օրյա պատերազմը՝ ակնհայտ էր, որ Ադրբեջանի հարվածի հիմնական ուղղությունը լինելու է արցախյան հատվածը: Այդ մասին նախազգուշացնում էին ոչ միայն հայաստանյան փորձագետները և ռազմական գործիչները, այլև դրա մասին ուղղակի և անուղղակի խոսում էին ադրբեջանական մեդիա տիրույթում, ինչը և տեղի ունեցավ։

Կարճաժամկետ կտրվածքում քիչ հավանական եմ համարում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, սակայն հաշվի առնելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, երկարաժամկետ կտրվածքով այն առավել քան հավանական է։ Կարծում եմ, լայնամասշտաբ գործողությունների նպաստավոր պահը որսալու դեպքում հակառակորդի հարվածի հիմնական ուղղությունն այս անգամ լինելու է Սյունիքը։

Վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են ԳՇ-ն ՊՆ-ին միացնելու մասին խոսակցությունները, իհարկե, սրա համար պետք է սահմանադրական փոփոխություններ լինեն: Ռազմական գերատեսչությունը բանակում ընթացող բարեփոխումները, կառուցվածքային փոփոխությունները չի գաղտնազերծում, և, թերևս, չենք կարող հստակ պնդումներ անել ԳՇ-ՊՆ միացման կամ ՊՆ-ի ռազմականացման մասին: Ամեն դեպքում, հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, պետական ապարատի կարողությունները, քաղաքական խաղի կանոնները, ՊՆ-ԳՇ ձուլումը և ՊՆ պաշտոնում զինվորական անձի նշանակումն ի՞նչ ռիսկեր և դրական կողմեր է պարունակում իր մեջ:

– Վերջին շրջանում ակտիվ խոսում են բանակում տեղի ունեցող բարեփոխումների մասին, սակայն հստակ տեղեկատվություն չկա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ բարեփոխումներ ասվածը, ի՞նչ օրենսդրական լուծումներ պետք է լինեն դրանք իրականացնելու համար, ուստի այս փուլում դժվար է գնահատական տալ ռիսկերի, առավել ևս՝ դրական կողմերի վերաբերյալ։ Կարծում եմ, այդ բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է այդ գործընթացում ներգրավել նաև ոլորտի մասնագետներին և փորձագետներին, ինչն այս փուլում տեղի չի ունենում։

Եթե Գլխավոր Շտաբի լիազորությունների մի մասը որոշեն փոխանցել ՊՆ-ին, ապա մեծ հավանականությամբ Սահմանադրության հետ խնդիրներ կառաջանան, որի լուծումն այս պահին լավ չեմ պատկերացնում, քանի որ, ինչպես գիտենք՝ իշխող ուժը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունի։

Տեսանյութեր

Լրահոս