Ի՞նչ են անելու ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա կրելու հնարավորություն ունեցող տեսուչները․ նոր նախագիծ
ՀՀ վարչապետի աշխատակազմը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ նոր օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկվում է ուժեղացնել Հայաստանում տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունը` այսօր գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին տալով լրացուցիչ հնարավորություններ ու իրավունքներ։ Օրինակ՝ ՀՀ բոլոր ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, երկաթուղային տրանսպորտի ու տաքսիների գործունեության վերահսկողությունն է իրականացնելու։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ առկա կարգավորումներն ընդհանրական են և չեն համապատասխանում ամբողջապես ոլորտում իրականացվող քաղաքականությանը և տեսչական մարմնի կանոնադրությանը:
Պատշաճ կերպով հնարավոր չէ իրականացնել, օրինակ՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների, բեռնատար փոխադրումների վերահսկողությունը: Այսինքն՝ միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ սահմանված են այնպիսի կարգավորումներ, որոնց նկատմամբ վերահսկողությունն օրենսդրությամբ օժտված ներկայիս գործիքակազմով պատշաճ իրականացնել հնարավոր չէ: Այդպիսիք են՝ ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումները, միջպետական փոխադրումներ իրականացնող տրանպորտային միջոցներում տախոգրաֆի առկայության պահանջը, միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս ուղևորների թվի սահմանափակումը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջները և այլն:
Նախագծով նախատեսվում է՝
– հստակեցնել տրանսպորտի բնագավառի վերահսկողության ուղղությունները և վերահսկողության ենթակա ընդհանուր պահանջների շարքը.
– սահմանել նոր վերահսկողության ձևը՝ դիտարկումը, որով Տեսչական մարմինը հնարավորություն կունենա վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանման նկատմամբ, և այն իրականացվելու է առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման, ինչպես նաև դիտարկման շրջանակներում հնարավորություն կընձեռվի հսկիչ կետերի միջոցով իրականացնել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների նկատմամբ.
– դիտարկման շրջանակներում տեսչական մարմնին վերապահել լիազորություն տրանսպորտային միջոցը կանգնեցնելու.
– սահմանել սահմանային վերահսկողության կազմակերպմանը վերաբերող կարգավորումներ.
– Ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելու լիազորությունը վերապելու շրջանակներում սահմանել նաև համազգեստ կրելու պահանջ, ինչպես նաև ծառայողական ռազմամթերք, ձեռնաշղթա (հատուկ միջոցներ) կրելու հնարավորություն.
– Երկաթուղային տրանսպորտի օրենսդրությամբ նկատմամբ վերահսկություն իրականացնելու լիազորությունը վերապահել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։
Վարորդներից շատերը ծանոթանալով նախագծի կետերին՝ 168.am-ի հետ զրույցում կասկած հայտնեցին նախագծի իրականություն դառնալու և գործելու մասով։
«20 տարի մի տաքսու ոլորտից գլուխ չկարողացան հանել, էլ չեմ ասում նույն գազելների մասին, հիմա էլ, թե՝ միանգամից ամեն ինչ կկարգավորե՞նք։ Հուսամ՝ այդպես կլինի, չնայած այնքան էլ չեմ հավատում»,- նշեց վարորդներից մեկը։
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի կարծիքով՝ գաղափարը վատը չէ։
Հարցին՝ ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել, արդյո՞ք այս երկու նախագծերն իրար չեն խանգարում, կոնկերտ գազաբալոնների մասով, նա պատասխանեց․
«Չէ, նորմալ է, որ ստեղծում են, որովհետև այս գործունեությունը լիցենզավորմամբ պետք է լինի, ու իրենք պետք է հետևեն լիցենզավորման գործընթացին։ Իհարկե, մեկը մյուսին չի խանգարում։ Այնպես չէ, որ իրենք ստուգելու են՝ մեքենայի գազաբալոնը փորձարկված է, թե ոչ։ Իրենց խնդիրը լինելու է, որ գազալցակայաններում կոնկրետ նայեն, որ չփորձարկված բալոններով չլիցքավորեն, այդ գործունեությամբ զբաղվողներն ունենան լիցենզիաներ։ Նորմալ է, մի օղակ պետք է վերահսկե՞ր, կատարումը ստուգե՞ր, թե՞ ոչ»։