Քաղաքական սակարկությո՞ւն, թե՞ ծննդյան նվեր. ինչի՞ դիմաց վերադարձվեցին 5 գերիները և որքա՞ն տղաներ չեն վերադարձվել հայրենիք
Այսօր վաղ առավոտյան լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Հայաստանում ռուսական խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել էր Հայաստան։
Ըստ«Հրապարակ» օրաթերթի՝ ԱԱԾ աղբյուրների՝ գեներալ Մուրադովն առավոտյանժամը 9-ին գնացել էր ԱԱԾ՝ ԱրմենԱբազյանի 50-ամյակը շնորհավորելու։ Իսկ օրվա երկրորդ կեսին նախապատրաստվում էր աշխատանքային այցով մեկնել Բաքու։
Օրվա ընթացքում արդեն լուրեր սկսեցին շրջանառվել, որ Հայաստան են վերադարձվելու մի քանի ռազմագերիներ: Երեկոյան հաստատվեց լուրը և ժամը 20:15-ի կողմը ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստան՝ թվով 5 ռազմագերիններ վերադարձան հայրենիք՝ Ամբարդանյան Մելս Կարապետի, Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Մանուկյան Ժորա Վանոյի, Սողոմոնյան Սեդրակ Սամվելի, Մանուկյան Հովսեփ Ռոբերտի:
Հիշեցնենք, որ մինչ այս պահը Հայաստանին չի հաջողվել որևէ գերի վերադարձնել առանց գեներալ Մուրադովի անմիջական մասնակցության։
Մինչ սոցիալական ցանցում շատերը փորձում են հասկանալ, թե այս անգամ ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին՝ մի քանի ռազմագերիներին վերադարձնելու համար, կամ՝ այս անգամ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել, ի՞նչ քարտեզներ է տվել:
Անհետ կորածների և զոհվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանը նրանց ի պատասխան ասում է՝ Ալիևը ասում է իրենց մոտ գերիներ չկան կամ ասում է՝ Սևանն ու Երևանը տուր՝ կտամ:
Ի դեպ, Մուրադովի և Աբազյանի՝ առավոտյան հանդիպումից հետո ֆեյսբուքում կարծիքներ են նաև հնչում, թե ռուսական կողմը, անձամբ Մուրադովը թվով 5 ռազմագերիներին վերադարձնելով՝ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի 50-ամյակին յուրօրինակ նվեր է արել: Ռուսները սիրում են նման ժեստեր:
Ի դեպ, կարծիք կա նաև, որ հայ ռազմագերիները վերադարձվել են Կապանի Փելա սարի (Փայլասարի)՝ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական կողմին հանձնելու դիմաց:
Հիշեցնենք, որ Փաշինյանը և նրա կառավարությունը գերիներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը փակ են պահում, իսկ որոշ փաստագրական տվյլաները հասարակությունը և պաշտոնական կառույցներն իմանում են իրավապաշտպան կառույցների աշխատանքի շնորհիվ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես բացարձակապես չեն էլ տիրապետում նման տեղեկատվության: Իսկ լրատվամիջոցների կողմից հնչեցված հարցեին ի պատասխան ասում են՝ պետական գաղտնիք է: Այն դեպքում, երբ թշնամին ոչ միայն տիրապետում է այդ տեղեկատվությանը, այլև սակարկում է:
«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում՝ քաղաքական սակարկությունների համար»,-ամիսներ առաջ արձանագրել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի զրույցի տեսանյութը։
Տեսանյութում Ալիևն ասում է, որ, եթե ամբողջությամբ ստանան ականադաշտերի քարտեզները, մեծ առավելություն կունենան, քանի որ այդ տարածքները (2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքները-խմբ․) ականներից մաքրելու համար10 տարի կպահանջվի։ Էրդողանի կինն արձագանքելով՝ հարցնում է Իլհամ Ալիևին՝ ունե՞ն արդյոք գերիներ, ինչին վերջինս պատասխանում է՝ այո, ընթացքի մեջ է։ Էմինե Էրդողանը վրա է բերում՝ այո, մաս-մաս տվեք։
Հիշեցնենք նաև, որ այս ընթացքում Ադրբեջանը 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել: Ադրբեջանը նրանց պահում է որպես քաղաքական պատանդ՝ շարունակելով նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:
ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ