Գորիսի ու Գյումրիի ՔՊ պարտությունը ճաք է առաջացնում իշխանության մեջ. Արթուր Համբարձումյան

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»-ը պարտություն է կրել հանրապետության 2-րդ քաղաքում՝ Գյումրիում, և Սյունիքի մարզի խոշոր համայնքներից մեկում՝ Գորիսում, որը ներառում է ոչ միայն Գորիս քաղաքը, այլև Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վանանդ, Աղբուլաղ, Հարթաշեն, Շուռնուխ, Վերիշեն, Բարձրավան, Ձորակ, Որոտան, Քարահունջ բնակավայրերը։

Գյումրիում նախնական տվյալներով հաղթել է «Բալասանյան» դաշինքը, իսկ Գորիսում «Առուշանյան» դաշինքը հավաքել է 2 անգամ ավելի շատ ձայն, քան ՔՊ թեկնածուն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանի խոսքով՝ Գյումրիում և Գորիսում ՔՊ պարտությունը ՀՀ քաղաքացիների ուղերձն է: 168.am-ի հարցերին պատասխանելիս Համբարձումյանը նախ նշեց, որ այս երկու համայնքում ընտրությունների արդյունքներով փաստվում է այն, որ երբ քաղաքացին ունի Նիկոլ Փաշինյանին այլընտրանք, որը «նախկինների» դեմքով չէ, ապա ընտրում է այդ թեկնածուին:

– Ի՞նչ դիտարկումներ կարելի է  անել երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, երբ Գյումրիում և Գորիսում իշխող ՔՊ-ն պարտություն կրեց:

– Առաջին դիտարկումը վերաբերում է նրան, որ ևս մեկ անգամ քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխող վարչախումբը կազմված է մեկ մարդուց և իրեն շրջապատող տարբեր ուսապարկերից, որ Հայաստանի Հանրապետության վարչախումբը կազմված է մեկ մարդուց և իրեն շրջապատող մարդկանցից, ովքեր ամեն գնով  ոչ թե փորձում են էֆեկտիվ իրականացնել կառավարչական գործողություններ, այլ ամեն գնով փորձում են գերազանցել Փաշինյանին՝ ստի, կեղծիքի ոլորտում: Իմիջիայլոց, ես սրա վերաբերյալ բազմիցս արտահայտվել եմ նախկինում, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ իշխանության չէր: Այն ժամանակ ևս Փաշինյան Նիկոլն իրեն շրջապատում էր մարդկանցով, ովքեր իրեն են նմանակում և իր արտաբերած տեքստերը պատեհ-անպատեհ առիթով կրկնում են: Նախկինում այդ գործառույթներն իրականացնում էին Սիմոնյան Ալենը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, և այսպես շարունակ, իսկ հետագայում, երբ ինքը եկավ իշխանության, արդեն իրեն նմանակողների թիվը տասնապատկվեց և հարյուրապատկվեց: Այսինքն՝ ունենք այս որակի իշխանություն:

Երկրորդ շատ կարևոր դիտարկումը հետևյալն է, որ ՀՀ քաղաքացին ևս մեկ անգամ իր ուղերձը հղեց քաղաքական դաշտի ներկայացուցիչներին՝ ասելով՝ «եթե դուք մեզ տաք Նիկոլ Փաշինյանին այլընտրանք՝ մի մարդու, ով նախկինների դեմքով չի, մենք ընտրելու ենք այդ մարդուն»: Սա ամենակարևոր ուղերձն էր: Իմիջիայլոց, այս ուղերձը ՀՀ քաղաքացին սկսեց ուղղել քաղաքական դաշտի խաղացողներին դեռ 2018թ.-ին: Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2018թ., երբ էյֆորիան դեռ չէր իջել, Փաշինյան Նիկոլը կրեց իր անդրանիկ քաղաքական պարտությունը, և այդ պարտությունը Կապանում էր: Եվ այդ պարտությունը կերտողը մի մարդ էր, ով չէր ներկայանում նախկինների դեմքով: Փաշինյան Նիկոլը կարողացավ այդ նախկին-ներկա անջրպետը ստեղծել և դա մանիպուլյացնելով՝ մնալ իշխանության: Հետագայում՝ 2018թ. խորհրդարանական ընտրություններում, կային նախկիններ, դա իրենց (Նիկոլ Փաշինյանի.- Ա.Հ.) հարմար հնարավորություն էր տալիս մանիպուլյացնել, մնալ իշխանության: Հետագայում եղավ այս խայտառակ դավադիր պատերազմը, որից հետո էլի նախկինները կային, դրա համար ինքը հաղթել է: Այսինքն, եթե նախկինները չեն լինում, Փաշինյան Նիկոլը շատ արագ հեռանում է, հեռացվում է քաղաքական դաշտից:

Կարելի է ասել, որ Գորիսում և Գյումրիում ապագա կա: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Գորիսում և Գյումրիում ապագա կա:  Ասում են՝ ֆուտբոլիստները իրենց սպորտային կոշիկները կախում են մեխից, եթե նախկին իշխանությունները որոշեն այնուամենայնիվ «սպորտային կոշիկները կախել մեխից», և 1970-1980-ականներին ծնված նոր լիդերները կամ քաղաքական լիդերները որոշեն պատասխանատվություն վերցնել և չվախենալ, Փաշինյան Նիկոլը ռադ կլինի և ապագա կլինի ոչ միայն Գորիսում և Գյումրիում,  այլ ապագա կլինի նաև Հայաստանի Հանրապետությունում:

– Պրն Համբարձումյան, նշեցիք, որ երբ չկա «նախկինների» գործոնը, ՔՊ-ն, ըստ էության, չի հաղթում: Գյումրիում, օրինակ, կար առաջադրված թեկնածու ՀՀԿ-ից: Այս դեպքում, ըստ Ձեզ, դեմքերի փոփոխությո՞ւնն է, որ ՔՊ-ին հնարավորություն չտվեց կենտրոնանալ առաջադրված թեկնածուների շարքում՝ «նախկինների» լինելիության վրա:

– Փաշինյանը նախկիններին սարքել էր օդիոզ: Ինչ-որ առումով արդար էր, որ նախկիններին օդիոզ էր սարքել, որովհետև իրենք իրոք այդպիսինն են եղել, և այդտեղ ինչ-որ առումով ինքը մանիպուլյացրել էր այդ թեզը: Չմոռանանք նաև, որ Փաշինյանը ևս եղել է նաև նախկին այդ բարքերի ծնունդը: Այսինքն՝ Փաշինյանը բարոյական իրավունք չուներ նախկին բարքերը սև գույներով ներկայացնելու, որովհետև ինքը ոչ թե իրականում պայքարել է նախկին բարքերի դեմ, այլ իրականում ինքը եղել է նախկին բարքերից ծնված անձնավորություն, և ինքը բարոյական իրավունք չուներ այդպես սևացնելու: Նախկին բարքերը կարող էր սևացնել մեկը, ով նախկին բարքերի հետ կապ չի ունեցել:

Գյումրիում ՀՀԿ-ն ներկայացված էր, բայց ոչ օդիոզ դեմքով: ՀՀԿ-ն ներկայանում էր մի մարդով, ում Փաշինյան Նիկոլը, Փաշինյան Նիկոլի իշխանությունը չէր սևացրել և/կամ չուներ նաև որևէ հիմք, որպեսզի այդ մարդուն սևացներ: Եթե հանկարծ Հանրապետական կուսակցության վերնախավը Գյումրիում առաջադրեր որևէ օդիոզ կերպարի, ես Ձեզ վստահորեն կարող եմ ասել, որ Փաշինյանի թիմակիցները տեղում խաղալու էին այդ նախկին-ներկա թեզի վրա և ավելի շատ ձայներ էին տանելու: Նույնը վերաբերում է նաև Գորիսին: Այսինքն՝ քանի դեռ Փաշինյան Նիկոլն ունի հնարավորություն՝ այդ խաղը խաղալու, ինքը, կարելի է ասել, անպարտելի է: Կար հրեական հերոս՝ Սամսոնը, ում մասին ասում էին, թե իր ուժն իր մազերի մեջ է: Փաշինյանի ուժն այդ մանիպուլյացիաների մեջ է: Չկա այդ մանիպուլյացիան, Փաշինյան Նիկոլը պարտվում է:

– Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում Գորիսում Առուշ Առուշանյանի հաղթելու փաստը: Առուշանյանն ասոցիացվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, «Հայաստան» դաշինքի անդամ է:

– Դա կապ չունի: Եթե Առուշ Առուշանյանի տեղը Գորիսում առաջադրվեր Սուրիկ Խաչատրյանը, Փաշինյան Նիկոլը ջախջախիչ հաղթանակ էր տանելու: Եթե «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, թեկուզ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ մասնակցեր քարոզարշավին, դա ևս բացասական ազդեցություն էր թողնելու ընտրության արդյունքների վրա:

– Այս երկու օրինակը կարո՞ղ են որոշակի բան փոխել ներկա քաղաքական դաշտում:

– Այս պարտությունները ըստ էության նյութական առումով ոչ մի բան չեն տալիս: Ինչո՞ւ, որովհետև քանի որ տեղական ինքնակառավարման ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում զարգացած չի, քաղաքային իշխանությունների գործունեության էֆեկտիվությունը կախված է նրանից, թե ինչպիսի դրական հարաբերություններ նրանք ունեն կառավարության հետ: Եվ կառավարությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որպեսզի նոր ընտրված քաղաքապետերին իրենցով անի, որպեսզի սուբորդինացիոն հարաբերություններ ստեղծվի քաղաքային իշխանություն-կառավարություն հարաբերություններում, այնինչ տեղական ինքնակառավարումը պետական համակարգից դուրս է:

Բայց սա խոշոր հոգեբանական ազդեցություն է թողնում ՀՀ քաղաքական դաշտում, սա ճաք է առաջացնում իշխանության մեջ և սա ցույց է տալիս, որ իշխանությունները մերկ են, սա ցույց է տալիս, որ իշխանությունները անպարտելի չեն, սա ցույց է տալիս, որ իշխանությունները ունեն բազում խոցելի տեղեր, և եթե այս երկրորդ գործոնը քաղաքական դաշտի ներկայացուցիչները հաշվի առնեն, ապա Փաշինյան Նիկոլի վերջը շատ շուտ կգա: Ես միշտ այս թեզը կրկնում եմ, որ ասում են՝ 1980-ականների զենքը անպիտան է, բայց հլը որ անպիտանը ոչ թե 1980-ականների զենքն է, այլ 1980-ականների սերունդը, և այդ 80-ականների սերնդի անպիտանությունն է, որ դեռ պահում է Փաշինյան Նիկոլին իշխանության:

Տեսանյութեր

Լրահոս