Լինելով կալանավորված՝ հաղթել Փաշինյանին. սրանից ուժեղ ապտակ իշխանությունը չէր ստացել. Կարեն Քոչարյան
Հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 3 մարզերի 6 խոշորացված համայնքներում` Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում և Դիլիջանում, կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։
Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ Գորիս խոշորացված համայնքում 10.400 քվեարկողից 6286-ն իր քվեն տվել է առաջադրված ընդդիմադիր թեկնածու Առուշ Առուշանյանին։
Նախնական տվյալներով՝ Առուշանյանի ստացած ձայների թիվը կրկնակի գերազանցել է իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի ստացած քվեին: Ի դեպ, իշխանական թեկնածուն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ պատվով է ընդունում իր պարտությունը։
168 T-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Կարեն Քոչարյանը Գորիսում և Գյումրիում իշխանության պարտությունը պայմանավորեց՝ ինչպես ընդդիմության որդեգրած ճիշտ մարտավարությամբ, այնպես էլ՝ իշխանության ղեկավարի տված և չկատարած խոստումների շարքով։
«Թե՛ 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհդարանական ընտրություններից հետո իշխանությունների ցուցաբերած անգործությունը, թե՛ ընդդիմության կողմից որդեգրված ճիշտ ռազմավարությունն արձանագրեցին նման արդյունք։ Այս ընտրություններում ընդդիմությունն ընտրողին միայնակ՝ դեմ առ դեմ թողեց իշխանության հետ։ Ընդդիմությունը շատ լավ գիտակցեց, որ մանիպուլյացիաներին տիրապետող Փաշինյանը սկսելու է խաղացնել նախկիններ ու ներկաներ, թալանչիներ ձևակերպումները, թեև այս երեք տարիների ընթացքում թալան չի վերադարձել, ուստի ընդդիմությունն իր ճիշտ մարտավարությամբ այս անգամ Փաշինյանին դրանք խաղարկելու հնարավորություն չտվեց»,- ասաց քաղտեխնոլոգը։
Կարեն Քոչարյանի համոզմամբ՝ 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրություններում հաղթանակից հետ Փաշինյանի համար երեկ արձանագրված պարտությունը չափազանց ցավոտ է, որովհետև պայքարը լրիվ այլ հարթության մեջ էր ընթանում։
«Ցավոտ է առավել, քան երբևէ։ Պարզ է՝ հիմա իշխանությունը կասի, թե իրենք ժողովրդավար են, ու ժողովրդավարությունը հաղթեց, սակայն ակնհայտ է՝ այն իրավիճակը, որը ստեղծվել էր Գորիսի ընդդիմադիր թեկնածուի շուրջ, լրիվ այլ իրադրություն ստեղծեց. հաղթել իշխանությանը կալանավորված վիճակից, դրանից ավելի ուժեղ ապտակ այս իշխանությունը մինչև օրս չէր ստացել։ Այս առումով՝ եթե մինչև հիմա իշխանությունը ճոճում էր, թե՝ մանդատ ենք ստացել, ինչ ուզենք՝ կանենք, ապա հիմա այդ մանդատի ուժը զգացին ՏԻՄ ընտրություններում. կարծում եմ՝ դեկտեմբերի 5-ին էլ ավելի ուժեղ են զգալու»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 17-ին կայացած ընտրություններն ապացույցն են նրա, որ փաշինյանական իշխանությունը գնում է իներցիայով իր ռեսուրսները մաշելու ճանապարհով, հետևաբար՝ ընդդիմադիր գործիչներին քաղաքական հայացքների համար կալանավորելն ու նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումը մշտապես աշխատելու է դրան գնացող իշխանության դեմ։
«Սյունիքը մերժեց այս իշխանությանը, իսկ մերժման պատճառը գործող իշխանության ստերն են՝ խոստացած խաղաղությունն է, որն այդպես էլ չկա, խոստացած սոցիալական ծրագրերն են, որոնք այդպես էլ չկան, խոստացած ֆինանսական ռեսուրսները, որոնք այդպես էլ չկան։
Ի դեպ, նույն վիճակն է նաև Գյումրիում. իհարկե, այնտեղ հաղթել է այլ ընդդիմադիր դաշինք, սակայն այս դեպքում կարևոր չէ, թե ո՞ր ուժն է հաղթել, կարևոր է, որ իշխանությունը պարտվել է ընդդիմությանը»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով՝ այն, որ ընդդիմությունը հասել է ՏԻՄ ընտրություններով հաղթանակի, դա վկայում է այդ ընդդիմության ղեկավարության ճիշտ աշխատանքի մասին, հետևապես՝ իր համար անընդունելի է պնդումը, թև այդ աշխատանքն անարդյունավետ է։
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ թեև ընդդիմության աշխատանքն իդեալական չէ, սակայն, իշխանությանը կա ռեալ հակազդեցություն, ինչը շատ դեպքերում առերևույթ չի էլ երևում։
Ըստ Քոչարյանի՝ սպասել, որ վաղը միանգամից ամեն բան կփոխվի, կամ, որ Գորիսում և Գյումրիում ընդդիմության հաղթանակը հիմք կդնի նոր որակի իշխանության ձևավորման, այդքան էլ ռեալ չէ, ուստի այս հարցում միանգամից լուծումների սպասելը կլինի ուղղակի ռոմանտիզմ, քանի որ իրականությունն այլ է, իշխանափոխության բուն պատճառները՝ ևս։
«Ուժային կառույցների վրա է իշխանությունը դեռ կարողանում հենվել, որովհետև դա աշխարհաքաղաքական կոնսենսուսի հետևանք է։ Ո՛չ Ազգային անվտանգության ծառայությանը, ո՛չ Պաշտպանության նախարարությանն ամենևին էլ այս իշխանությունը չի տիրապետում։ Պետք եղած ժամանակ ԱԱԾ-ն և ՊՆ-ն կանեն այն, ինչ պետք կլինի այդ աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք անգամ ներհայաստանյան կյանքում են որոշում կայացնողներն այս վերջին երեք տարիներին»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է իշխանության ձևավորման անհրաժեշտությանը, ապա այս հարցում Կարեն Քոչարյանը կարևոր է համարում նոր էլիտաների ձևավորման անհրաժեշտությունը, որոնք իրենց հետ կբերեն նոր համակարգային փոփոխություններ, որովհետև 2018 թվականի իշխանափոխությունից հետո փորձը ցույց տվեց, որ անձերը, դեմքերը փոխվեցին, իսկ համակարգային փոփոխություններ ուղղակի չեղան, հետևապես՝ հասարակությունը պետք է ծնի նոր էլիտաներ, որոնք կգան հենց այդ նոր համակարգային փոփոխություններն անելու։
«Մենք խնդիր ունենք նոր էլիտաների ձևավորման։ Նման բան անում է հասարակությունը՝ կրթվելով ու պետությանը սպառնացող վտանգը զգալով։ Այդ էլիտաները միմյանց հետ համագործակցելով՝ կկարողանան երկիրն այս իրավիճակից դուրս բերել։ Փորձը ցույց տվեց, որ մինչև հիմա՝ այս 30 տարիների ընթացքում, եղած էլիտաները ժամկետանց էին ու փտած, հետևապես՝ յուրաքանչյուր հասարակություն ի վիճակի է ստեղծել իր էլիտան։ Էլիտաների փոփոխություն է պետք, և դա օբյեկտիվ պատճառներով պայմանավորված է լինելու։ Կլինեն կա՛մ նոր, կա՛մ հին ու չերևացած ու մոռացված դեմքեր, թե ոչ, կարևոր չէ, խոսքն այստեղ ոչ թե անձերի, դեմքերի մասին է, այլ՝ նոր որակի։ Այդ նոր էլիտաները հենց պետք է բացառեն նախկին համակարգի կրկնությունը, որովհետև նրանց առաջ դրված պետք է լինեն բոլորովին այլ խնդիրներ»,- խոսքը եզրափակեց Քոչարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում