ՀՀ–ում ոռոգման ջրերի որակը չի վերահսկվում. որոշ տեղամասերում հանքային պոչամբարներից դուրս եկած ծանր մետաղները և թունավոր այլ նյութերը թափվելով գետը՝ հոսում են դեպի դաշտերի ցանված սերմերը. Սարգիս Սեդրակյան
Կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում 329 մլն դրամ հատկացրեց էկոնոմիկայի նախարարությանը «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման՝ 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի համար:
Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով։
Ծրագրի շրջանակում 2021թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած մատակարարների կողմից ծրագրով նախատեսված ՀՀ բոլոր մարզերում իրականացվելու է աշնանացան ցորենի սերմացուի վաճառք: Մարզերից ստացված նախնական տեղեկատվությամբ՝ պահանջարկը կազմում է 4 700 000 կգ աշնանացան ցորենի սերմացու, որի արդյունքում կիրականացվի շուրջ 13 429 հա ցանքս: Ծրագրով սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը, որի համար անհրաժեշտ է 329.0 մլն դրամ գումար: Պահանջվող գումարն առաջարկվում է տրամադրել մի շարք միջոցառումներով նախատեսված չօգտագործված ֆինանսական միջոցներից:
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագիրն առաջին անգամ գործարկվել է անցած տարի. 4200 տոննա ցորեն է ցանվել 15.000 հեկտարի վրա: Նախարարն ընդհանուր առմամբ դրական և հաջողված է համարել ծրագրի իրականացումը:
Անդրադառնալով որոշմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրեցինք, որ շատ դեպքերում մեր գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություններ անելու պատճառով ոչ թե բարձրորակ սերմացու են ցանում, այլ ուղղակի իրենց նախորդ բերքից ստացած կամ շուկայից գնած սովորական ցորենը կամ հացահատիկը, ինչը ի սկզբանե արդեն որևէ արդյունավետություն չի խոստանում: Այս ծրագիրը ստեղծեցինք հետևյալ նկատառումներով. քաղաքացուն ասում ենք` ենթադրենք՝ դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն գնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնում ենք այնքան, որպեսզի դուք կարողանաք լիցենզավորված սերմ գնել»:
Նա ընդգծել է, որ կառավարության պատասխանատվությունն է գյուղացիներին, իրոք, սերտիֆիկացված սերմերով ապահովելն ու երաշխավորելը:
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ողջունելի է կառավարության մոտեցումը, որով սուբսիդավորվում կամ փոխհատուցվում է սերմերի արժեքի որոշ մասը, սակայն, նրա խոսքով, բերքատվությունը բարձրացնելու համար որակյալ սերմերի ընտրությունը միայն բավարար պայման չէ՝ անհրաժեշտ է գյուղատնտեսության ոլորտում իրականացնել հրատապ լուծում պահանջող այնպիսի քայլեր, ինչպիսիք են՝ ստեղծել ցանքի համար բարվոք վիճակում գտնվող հողային միջավայր, մշակելի հողատարածքը զերծ լինի կողմնակի խառնուրդներից, ապահովի ոռոգման ջրի առկայությունը, իրականացվի ագրո գիտությամբ նախատեսված հողի ճիշտ մշակություն, ճիշտ ցանքաշրջանառություն, կիրառվեն որակյալ պարարտանյութեր և թունաքիմիկատներ, գոյություն ունենան սարքին վիճակում և շահագործման համար ճիշտ կարգավորումներով գյուղատնտեսական տեխնիկա:
«Արդյո՞ք ցանքի համար հողային միջավայրը բարվոք վիճակում է գտնվում: Երկրի մշակելի հողատարածքներում օրգանահանքային պարարտանյութերը խիստ անբավարար են՝ գոմաղբը օգտագործվում է խիստ մասնակի, բացի դա, հանրապետությունում օգտագործվում է միջին հաշվով 30․000-50․000 տոննա ամոնիակային սելիտրա։ Տարիներ առաջ գյուղատնտեսության նախարարության կազմում գոյություն ունեին հատուկ մասնագիտացված ՊՈԱԿ-ներ, որտեղ հանրապետության տարբեր մարզերից բերվում էին մշակելի հողերի նմուշներ, լաբորատոր պայմաններում ստուգվում էին այդ հողանմուշները և պարզում դրանց պիտանելիության աստիճանը՝ պատրաստ լինելը ցանքի գործընթացին: Եթե հողանմուշի կազմը ստուգելիս պարզվեր, որ այն պետք է հարստացնել, ապա մշակելի հողատարածքը հարստացվում էր տարբեր տիպի պարարտանյութերով և այլ նյութերով։ Իսկ եթե պարզվեր, որ հողը վարակված է տարբեր տեսակի գյուղատնտեսական հիվանդություններով և վնասատուներով, ապա կազմակերպվում էին գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների (մասնավորապես՝ կրծողների) դեմ պայքարի միջոցառումներ։ Սակայն վերջին տարիներին երկրի ղեկավարության կողմից այդ ՊՈԱԿ-ները համարվեցին ավելորդ և «օպտիմալացման» անվան տակ փակվեցին, վերացան»,- մանրամասնեց Սարգիս Սեդրակյանը:
Նրա կարծիքով՝ հրատապ քայլերից են կողմնակի խառնուրդներից (քար, փայտ, արտադրական թափոններ, ծանր մետաղներ և այլն) զերծ ցանքի հողատարածքի և ոռոգման ջրի առկայությունը:
«Հարկ է նշել, որ Հայաստանում ոռոգման ջրերի որակը չի վերահսկվում։ Գաղտնիք չէ, որ որոշ տեղամասերում հանքային պոչամբարներից բացթողումներ են լինում և այնտեղից դուրս եկած ծանր մետաղները և թունավոր այլ նյութերը ձնհալի ջրերի և անձրևաջրերի միջոցով, թափվելով գետի կամ գետակի մեջ, հոսում, գնում են դեպի դաշտերի ցանված սերմերը։ Նույն ձևով իրականացվում է արտադրական թափոնների հոսքը դեպի դաշտեր: Շատ կարևոր է հողի ճիշտ մշակումը: Հողի մշակման նպատակն է՝ հողաշերտի կտրումը, շրջումը, փխրեցնելը, կոշտերի փշրումը, մոլախոտերի ոչնչացումը։
Ըստ ագրոգիտության՝ Հայաստանում հողերը վարում են գութաններով 25-35 սմ խորությամբ, իսկ լրացուցիչ մշակում են կուլտիվատորներով, ցաքաններով և այլ հողամշակման գործիքներով 8-14 սմ խորությամբ։ Այսօր եթե ամբողջ Հայաստանի տարածքով շրջես, չես գտնի 15սմ-ից ավելի խորությամբ իրականացվող վար, գութանների վրա չես գտնի տեղադրված նախագութանիկներ, դանակներ և այլն։ Այս ամենի հետ մեկտեղ՝ կարևոր է ճիշտ ցանքաշրջանառության իրականացումը, օգտագործվող որակյալ պարարտանյութերի և թունաքիմիկատների ճիշտ ընտրությունը, սարքին վիճակում և շահագործման ճիշտ կարգավորումների բերված համապատասխան գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունը: Միայն վերոնշվածների առկայության դեպքում կարելի է խոսել բարձր բերք ստանալու մասին, թե չէ միայն սուբսիդավորելով և որակյալ սերմեր գյուղացիներին տալով՝ շատ քիչ կբարձրանա բերքատվությունը»,- հավելեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը: