Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. փակել են նաև հարակից ճանապարհահատվածը. Գևորգ Փարսյան. «Փաստինֆո»

Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Ես տեղեկացված եմ, որ այն հատվածը, որը մենք Փելա սար ենք անվանում, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երեկ չէ անցած օրվա դրությամբ սարը անցել է իրենց»,- հայտնեց Փարսյանը։

Ադրբեջանցիներն անմիջապես փակել են հարակից ճանապարհահատվածը, որը ծառայում էր ոչ միայն զինծառայողներին, այլև գյուղացիներին։

«Ճանապարհը մեր համար միջդիրքային ճանապարհ էր ծառայում, գյուղացիների համար էլ ծառայում էր վառելափայտ հայթհայթելու համար, դա հիմա ադրբեջանցիները փակել են և իրենց վերահսկողության ներքո է»։

Դեռևս երկու օր առաջ սարի մի հատվածում հայ զինծառայողներն էին վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։

Բարձունքը ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռ 2021-ի ձմռանը, սակայն դրա մասին պաշտոնական հրապարակումներ այդպես էլ չեղան։ Եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղեկայվել էին հայ և ադրբեջանցի զինծառայողները։

«Ժամանակին՝ հունվար-փետրվար ամիսներին կար պայմանավորվածություն։ Չափագրումներ էին անում GPS-ով, որի արդյունքում հատվածներ կար հայկական էր, հատվածներ կար երևում էր՝ ադրբեջանական։ Հայկական հատվածները մենք կարողանում էինք օգտագործել որպես միջդիրքային ճանապարհ, դա գյուղացիները օգտագործում էին անտառ մտնելու համար։ ՀԻմա այդ հատվածը՝ չգիտեմ ինչու, անցավ ամբողջովին իրենց վերահսկողության ներքո»։

Փարսյանն ասում է՝ Փելա սարը ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող բարձունք է։ Սարի վերահսկողությունը ադրբեջանցիների կողմից որոշակի վտանգներ է առաջացնում հարակից գյուղերի՝ առաջին հերթին Ագարակ գյուղի համար։

Միաժամանակ կապանցիների համար լուրջ խնդիր է առաջացնում նաև Գորիս-Կապան ճանաարհահատվածում տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետը։ Մ2 մայրուղու ճանապարհահատվածում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո երթևեկությունը բավականին նվազել է, բնակիչները երթևեկում են Կապան-Տաթև ճանապարհով։ Չնայած տարավերջին պատրաստ է լինելու ճանապարհի այդ հատվածը շրջանցող նոր ճանապարհը, սակայն Փարսյանը կարծում է, որ մայրուղին ամեն գնով պետք է շահագործվի։

«Մ2 ճանապարհը ամեն գնով պետք է շահագործվի, որովհետև անցնում է սահմանագծի երկայնքով։ Ճանապարհը չօգտագործելու դեպքում անուղղակի կերպով նշանակում է դա հանձնել Ադրբեջանին։ Պետք է օգտագործենք։ Եթե խնդրահարույց հատվածներ կան, պետք է դրանք շրջանցող հատվածներ կառուցել»,- եզրափակեց Փարսյանը։

Տեսանյութեր

Լրահոս