«Սյունիքում սահմանային խնդիրները, որոնք դրվում են Հայաստանի առջև, չափազանց լուրջ են լինելու հետագայում». Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» հանրային քննարկում, որին, բացի պատգամավորներից, մասնակցում են «Հադրութի դեօկուպացիա», «Հանուն Հադրութի», «Փախստականներ հանուն արդարության» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը, Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար Կամո Պետրոսյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ և այլք։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ այսօր լրանում է Հադրութի օկուպացիայի մեկ տարին, որի անկման վերաբերյալ, ցավոք, պաշտոնական ձևակերպում դեռ տրված չէ։
«Անցնող ամիսների ընթացքում բազմաթիվ հադրութցիներ բարձրաձայնել են եղած հարցերը՝ սկսած սոցիալ-տնտեսականից՝ մինչև քաղաքական, սակայն այդ ամենը ի մի բերված չէ։ Այս քննարկումն առաջին փորձն է տարբեր հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների մասնակցությամբ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ եղած անվտանգային համակարգը շատ փխրուն է։
«Այն արտաքին ու ներքին մարտահրավերները, որոնք կան, արդեն գտնվում են ՀՀ սահմաններից ներս և ծեծում են մեր դռները, մենք համապատասխան որոշումներ պետք է ընդունենք։ Այս քննարկման ընթացքում պետք է հասկանանք այն, որ անցել է մեկ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից, և մեր պետության կողմից լիարժեք գնահատական չի տրվել այդ իրավիճակին։ Բազմաթիվ թերություններ կան, որոնք վերաբերում են պետական ու կառավարման համակարգին։ Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական զարգացումների, նաև գերտությունների շահերի կիզակետում, միշտ ենք եղել այդ կիզակետում, ավելացել է մեկ բան, որ տարածաշրջանային դերակատարները, հատկապես՝ Թուրքիան և թուրք-ադրբեջանական տանդեմը, ներխուժել է Հարավային Կովկաս, մեր տարածքներ, Արցախ և այսօր էլ փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի ու Արցախի վրա՝ փորձելով մեծացնել իր ազդեցությունը»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա, այդ բոլոր խնդիրները հաշվի առնելով, պետք է անցնող մեկ տարվա ընթացքում լուրջ խնդիրներ լուծվեին։ Սակայն ՀՀ իշխանություններն ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում այս կամ այն կենտրոնին, քան սահմանային իրավիճակին։
«Սահմանային իրավիճակը Սյունիքում ու Գեղարքունիքում, մասնավորապես՝ Սյունիքում, որոնք դրվում են Հայաստանի առջև, չափազանց լուրջ են լինելու հետագայում։ Մենք հայտնվել ենք նաև հոգեբանական այնպիսի իրավիճակում, երբ դեռևս ճշտված չեն և լիարժեք աշխատանքներ չեն կատարվում մեր զոհերի ու վիրավորների ուղղությամբ։ Ամենակարևոր խնդիրներից մեկը տեղահանվածների հարցն է, որը մեզ մտահոգում է երկու առումով, առաջինը՝ մեր հայրենիքի մի մասի կորստի, երկրորդը՝ տեղահանվածների սոցիալական խնդիրները»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում