Ենթագիտակցության կանչով «դավաճանների» որսը
Պատերազմից հետո, որն ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ, Նիկոլ Փաշինյանը ցավագին է ընդունում ընդդիմության կողմից հնչող «կապիտուլյանտ», «հող հանձնող» և նմանատիպ այլ որակումներն իր հասցեին՝ հակադարձելով՝ «կապիտուլյանտը դուք եք, դավաճանը` առավել ևս»:
Ավելին, վերջերս նրան ինչ հարց ուղղվում է, կամ ինչ բացահայտումներ անում են իր և իր թիմի կոռուպցիոն, դավաճանական, ոչ պրոֆեսիոնալ գործունեության հետ կապված, պատասխանում է՝ ժողովուրդը մեզ է ընտրել, ժողովուրդն իր «քվեարկությամբ որոշել է՝ դավաճանն ով է, հողատուն ով է, կապիտուլյանտը ով է, և յուրաքանչյուրին դրել է իր տեղում»:
Այլ կերպ ասած՝ ժողովրդի՝ իրեն քվե տված հատվածին օգտագործում է իր նպատակների համար:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս 2020 թվականին ստորագրվածը համարում է կապիտուլյացիոն փաստաթուղթ, բայց Նիկոլ Փաշինյանը, իր ձևակերպմամբ՝ «կիրթ» Ալիևից չի վիրավորվում:
Նաև հետաքրքիր է այն, որ իշխանության գալուց ի վեր հենց Նիկոլ Փաշինյանն ինքն է երկրի ներսում մշտապես դավաճաններ փնտրել՝ և՛ ենթագիտակցորեն, և՛ բացահայտ պայքարել նրանց դեմ:
Խոսենք փաստերով.
2018թ., օգոստոսի 17: Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով՝ ինչ է խոսել…»:
2019թ., փետրվար 27: Իրանի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել էր.
«Ուրեմն բացառվում է, այսինքն՝ լեզուս չի էլ պտտվում դա ասեմ ես, այսինքն՝ այսօր մարդիկ կան, այնպիսի տպավորություն են ստեղծում, ես ոմանց կարդում եմ, որ մեր բանի մասին գրում են, այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ: Այսինքն՝ ինչ, մենք ժողովրդի ուժով և ժողովրդի մանդատով հասել ենք կառավարական կարգավիճակների, որ մեր հայրենիքի և ժողովրդի դեմ գործե՞նք: Որտե՞ղ է այդ տրամաբանությունը, մեկը կարո՞ղ է բացատրի»:
Սպահանի հայ համայնքի հետ հանդիպմանը նույն Փաշինյանը հավելել էր.
«Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ընդլայնեց իր՝ դավադիր ուժերի փնտրտուքների աշխարհագրությունը և սկսեց դավադիր ուժեր տեսնել նաև Արցախում:
2019թ. մայիսի 20: Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրված քննարկմանը հայտարարել է.
«Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներն այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար»:
2019թ. հունիսի 5: Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականից և դրա վերաբերյալ Արցախի իշխանության դիրքորոշումից, շեշտել էր.
«Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ՝ ա՛յ, էս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էս մարդը դուրս ա գալիս, իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, թե Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա ինքը դա անում: Ինքը գիտի 100%-ով, թե ինչ ա կատարվում: Եվ ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղակ չեն եղել»:
Ժամեր անց «Արցախպրեսին» տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հերքել էր Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ ինչպես հիմա, այնպես էլ՝ նախկինում Արցախի ղեկավարությունը տեղեկացված է եղել բանակցային ամբողջ գործընթացի մասին։
«Մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, և անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը»,- ասել էր Բակո Սահակյանը:
Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հետ չմնալով Նիկոլ Փաշինյանից, ևս սկսեց դավադիր ուժեր փնտրել:
«Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի վարչապետի քայլերը կասկածի տակ դնողները դավադիր ուժեր են»,- ընդգծել էր Հարությունյանը:
Հետաքրքիր է, որ պատերազմից 1-2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում էր դավադիր պատերազմից և պաշտպանվում «տարածքներ հանձնողի» մեղադրանքներից, ինչը շարունակվեց նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո:
Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե՝ «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ՝ հրամայելով, ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ՝ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից ո՞րն է իրական, ո՞րը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որի համաձայն՝ ըստ իրենց, Նիկոլ Փաշինյանի նկարագրած գործողության հեղինակը ոչ թե քաղաքացիական անձ է, այլ զինվորական:
«Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում, և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:
Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է:
Հայրենիքի պաշտպանության վեհ առաքելության խորը և համընդհանուր գիտակցության պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում, այնուամենայնիվ, պարզաբանելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պետական դավաճանության՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելու կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու համար։ Թշնամու կողմն անցնելն ի թիվս այլնի՝ դրսևորվում է ռազմական գործողությունների ժամանակ իշխանություններին չենթարկվելու կոչեր անելով։ Նշված առանձնապես ծանր հանցագործության համար որպես պատիժ նախատեսված է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»,- ասվում էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ի դեպ, Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր հենց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: (Նույն Քյարամյանը 2021թ. հուլիսի 12-ին նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ):
Այդ ժամանակ մամուլը գրեց, որ Քյարամյանի պաշտոնանկության վարկածներից մեկը հենց վերը նշված բացահայտումն ու այն հանգամանքն է, որ ԱԱԾ տնօրենը, ամեն դեպքում, տեղում չի եղել:
Հավելենք, վերջերս Ալիևը գաղտնազերծեց, որ առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 7-ին՝ այս դեպքերից մեկ օր առաջ, պատերազմը դադարեցնելու առաջարկ է արել, ինչը Փաշինյանի կողմից մերժվել է: Մերժվել են նաև հետագա առնվազն ևս երկու առաջարկները: Իսկ պատճառը դարձյալ վերևում նշված բարդույթի տրամաբանության մեջ է՝ «որ չասեն դավաճան է»:
Իսկ հետո կորցրեցինք, գուցե՝ հանձնեցինք ավելին:
Եվ այստեղ, թերևս, տեղին է հիշել Վազգեն Սարգսյանին՝ «կասկածի որդը մեզ ուտելու է, մեզ՝ ջհանդամ, երկիրն է կործանելու»:
Ասել կուզենք՝ դավադիր ուժեր գտնելու Փաշինյանի մոլուցքը, դրանց առկայության կասկածը և բնազդային ինքնապաշտպանությունը, թե ինքը դավաճան չէ, բերեց նրան, որ կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, տարածքներ ՀՀ ինքնիշխան տարածքից, 5000-ից ավելի զոհեր և 10.000-ից ավելի հաշմանդամներ ունեցանք:
Պատերազմն ու տարածքների բաժանման պատմությունը դեռ չի ավարտվել… Փաշինյանը, թերևս, նոր թափով կսկսի դավաճաններ փնտրել զինվորականության շրջանում: Ինչը կարծես սկսել է: