Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Արցախի ղեկավարության

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոսել է դեռևս Գորիսում նախընտրական հավաքի ժամանակ: Նա ասել է, որ և՛ ԼՂՀ-ի, և՛ ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ ինքը ներկայացրել է Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը և հետաքրքրվել է՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ:

«Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ՝ ա՛յ էս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էս մարդը դուրս ա գալիս, իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, թե Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա ինքը դա անում: Ինքը գիտի 100%-ով, թե ինչ ա կատարվում: Եվ ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղյակ չեն եղել»,- հայտարարել է Փաշինյանը:

Ժամեր անց «Արցախպրեսին» տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ ինչպես հիմա, այնպես էլ՝ նախկինում Արցախի ղեկավարությունը տեղեկացված է եղել բանակցային գործընթացի մասին։

«Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջև: Դրանք ես կարող եմ որակել՝ որպես ազնիվ և սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ: Վերջերս ՀՀ վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին՝ ՀՀ վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը: Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին»,- ասել է Բակո Սահակյանը:

Ընդհանրապես անհասկանալի ու տարակուսելի են Նիկոլ Փաշինյանի մոտիվները՝ կապված Արցախի, իսկ ավելի ճիշտ՝ նրա ղեկավարության հետ։ Հայաստանի վարչապետն առիթը բաց չի թողնում Արցախի ղեկավարությանն ուղիղ կամ ակնարկներով քննադատելու, արժեզրկելու համար։

Տպավորություն է ստեղծվում, թե նա ամեն կերպ ցանկանում է վերջնականապես փչացնել Արցախի ղեկավարության հետ, առանց այդ էլ, բարդ հարաբերությունները։

Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով՝ դժվար է միանշանակ ասել։

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն առաջնորդվում է Արցախում ևս իր ամբողջական իշխանությունը հաստատելու մղումով, որը նրան առայժմ չի հաջողվում, ինչի պատճառով նա երբեմն նաև նյարդային ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, ինչպես դա արել է երեկ։

Տեսանյութեր

Լրահոս