«Վերջին անգամ էր, որ կարողացա զավակիս գրկել. մայրական սիրտս կարծես զգում էր, որ չարիքն է պատելու զավակիս»

44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ներկայացրեց «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամի առաքելությունը:

«Իր երիտասարդ տարիքի համար Ալենը փոքր, բայց մեծ բարեգործ էր: Դրա վառ ապացույցն են մի շարք դեպքեր նրա կյանքից, այդ թվում՝ ստացած աշխատավարձի ամբողջովին փոխանցումը հիվանդ երեխաների ֆոնդին: Ալենի հոգածության շրջանում էին չքավորները, կարիքավորները, սոցիալապես անապահով խավը և հատկապես՝ երեխաները, քանի որ Ալենը տեսակով, առաքելությամբ մանկավարժ էր: Ալենը ամբողջովին ներծծված էր բարությամբ, դիմացինին օգնելու, կարեկից լինելու պատրաստակամությամբ, և կարծես թե իր առջև նպատակ էր դրել բարությունը տարածել աշխարհում: Դրա վառ ապացույցն է իր սենյակի պատին կախված գրատախտակի վրա արված նրա վերջին գրառումը՝ ո՞րն է աշխարհը փոխելու քո ծրագիրը: Նա գտնում է, որ բարությունը, մարդասիրությունը, հանդուժողականությունը՝ դիմացինին աջակից ու կարեկից լինելու միջոցով միայն կարող են փոխել աշխարհը դեպի ազնիվը, վեհը, բարին: Ալենը՝ չնայած իր երիտասարդ տարիքին, ուսմանը զուգահեռ՝ նաև դասախոսում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ 19 տարեկանից, ուներ հարյուրավոր ուսանողներ, ուստի միտք ծագեց օգնելու հենց ուսանողներին»,- ընդգծեց հերոսի մայրը:

«Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ արդեն իսկ 4 ուսանող կրթություն է ստանում:

Տիկին Նազելին շեշտեց՝ Ալենը համարում էր, որ կրթությունն է ամեն ինչի հիմքը. «Կրթությունն է ազգի որակը բարձրացնելու հիմնաքարը, և լավ կրթության միջոցով հնարավոր է ունենալ գիտակից սերունդ, որն իր ողջ ներուժը պետք է դնի ՀՀ հզորացմանը: Ուստի, Ալենի գաղափարները չէին կարող օդում կախված մնալ: Փորձում եմ իրականացնել ես՝ ընտանիքիս միջոցով, Ալենի ընկերների, ծանոթների և նույնիսկ անծանոթների միջոցով, որոնք այս մեկ տարվա ընթացքում դարձել են շատ հարազատ, որոնք իրենց աջակցությունն են ուզում բերել այս ազգանվեր գործին»:

Ալեն Մարգարյանի մասին պատմող երկու գիրք կա՝ «Բոլորիս Ալենը» և «Ալեն մոլորակը մեր մոլորակում»:

Տիկին Նազելին նկատեց՝ տիեզերական անհունում Ալենն իսկապես մի եզակի մոլորակ է, որն իր ուրույն տեղն ունի այդ անեզր տարածության մեջ:

«Վերջին անգամ, դժբախտությամբ թե բարեբախտությամբ, սեպտեմբերի 27-ին կարողացա կրծքիս սեղմել, որովհետև գտնվում էինք Արցախում: Իր բացառիկության արդյունքն էր, որ հրամանատարությունը մեզ թույլատրեց տեսակցել, որովհետև նրանք վստահ էին, որ Ալենը ուխտադրուժ տեսակ չէ, որովհետև այդ կարճ 1.5 ամսվա ընթացքում ողջ զորամասը հասցրել էր հասկանալ և գնահատել Ալենի արժեքը, գիտակցել, որ Ալենը բանակում գտնվում է պարտքի և հայրենիքի նկատմամբ սիրո զգացումից:

Ալենի կատարած քայլը գիտակցված քայլ էր, ինքնակամ, հստակ որոշում էր, այնպես որ՝ թույլատրեցին տեսակցել, և դա վերջին անգամ էր, որ կարողացա զավակիս գրկել: Իսկ հեռախոսային զրույցները, թեկուզ՝ պատառիկներով, բայց սեպտեմբերի 29-ին ավարտվեցին՝ չարաբաստիկ պատերազմի արդյունքում:

Ես նամակ էի ուղարկել Ալենին, մայրական սիրտս կարծես զգում էր, որ չարիքն է պատելու զավակիս: Փորձեցի կոչ անել նրան՝ մի փոքր ժամանակ շահելու, քանի որ ուներ առողջական խնդիրներ, առաջարկեցի գոնե այդ ժամանակահատվածն օգտագործել հոսպիտալում այդ խնդիրներին լուծում տալու, որ հետո կարողանա ավելի առողջ ծառայությունը շարունակել: Սակայն ստացա շատ եզակի պատասխան, առյուծ տղային բնորոշ պատասխան. Շատ կտրուկ պատասխանեց ինձ, որ՝ ոչ, և չհամարձակվես ինձ մյուս անգամ դասալիք դարձնել: Այդ նամակը մինչ այսօր պահպանվում է իմ հեռախոսում:

Դրանից արյունս սառեց երակներիս մեջ, որովհետև ես սովոր չէի նման կոպիտ պատասխան ստանալ: Բայց հայրենիքի և ազգի նկատմամբ սիրո, պատասխանատվության զգացումը այնքան բարձր էր, որ այն հաղթեց նույնիսկ Ալենի՝ իմ նկատմամբ ունեցած որդիական սիրուն: Դա էր մեր վերջին նամակագրական խոսակցությունը»,- պատմեց հերոսի մայրը:

Նա հավելեց. «Սեպտեմբերի 30-ին, երբ նույնիսկ կամավորները հրաժարվել են սնունդ և զինամթերք հասցնել առաջնագիծ, որովհետև երկնքից արհավիրք էր թափվում, միայն գերմարդ պետք էր լինել, որ արհամարհել մահը, արհամարհել այն վտանգը, որ ուղիղ կախված է գլխավերևումդ: Ալենն իր երկու ընկերների հետ բարձրացել են բեռնատարի վրա, որպեսզի կազմակերպեն առաջնագծի սնունդ և զինամթերք հասցնելու բարդ առաջադրանքը: Եվ չարաբաստիկ անօդաչուն հենց բեռնատարի վրա էլ կտրեց Ալենի և շատ-շատերի երազանքների թելը»:

Ալենն ընդունվել էր Բոստոնի համալսարան և կարող էր չմեկնել զինվորական ծառայության, բայց որոշել է մեկնել:

«Ալենն այն բացառիկներից էր, որը կարողացել էր ընդունվել Բոստոնի համալսարան՝ երկու մագիստրոսական կոչմամբ՝ կրթության կառավարում և սոցիալական աշխատանք: Կամավորությունը, դիմացինին օգտակար լինելու հատկությունը նրա արյան յուրաքանչյուր բջիջում էր: Ունենալով նման բացառիկ, վաստակած շանս՝ պատվախնդիր ձևով չծառայել հայոց բանակում, ունենալ պետության կողմից տրամադրված այդ բացառիկ իրավունքը, նա կայացրեց իր որոշումը՝ պարտքը հանձնել հայրենիքի և ազգի առջև:

Մեկնելու նախօրեին նամակ գրեց Բոստոնի համալսարանի ղեկավարությանը՝ շնորհակալ եմ ինձ տրամադրված բացառիկ հնարավորության համար, երախտապարտ եմ, որ հազարավոր դիմորդներից դուք ինձ եք նախապատվությունը տվել, սակայն հայրենիքս և ազգս իմ օգնության կարիքն ունեն, ես պարտավոր եմ առաջին հերթին լինել ազգիս կողքին, հայրենիքիս սահմանները իմ պաշտպանության կարիքն ունեն, ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ կարող մեկնել…

Դրան հետևել էր Բոսթոնի համալսարանի ղեկավարության հիացական և զարմացական պատասխան նամակը, որտեղ նշված էր՝ մենք հիացած ենք և զարմացած քո պատմությամբ, քո քաջությամբ, մենք ամեն ինչ կանենք, որ դու քո արժանի տեղը ունենաս համալասարանում, մենք պատրաստակամ ենք քո տեղը պահպանել, վերանայել անգամ կրթաթոշակը, միայն թե քո տեսակի եզակի երիտասարդը դառնա մեր ընտանիքի անդամ: Ալենը մնաց անդրդվելի…»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս