«Հասկանո՞ւմ են՝ ինչ են ասում․ Որոտանի այդ հատվածն է՛լ, Սև լճի տարածքն է՛լ ամբողջովին հայկական են». Խոզնավարի գյուղապետ
Սյունիքի մարզում զարմանքով ու զայրութով են ընդունում իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից դրված ոստիկանական անցակետը ՀՀ սուվերեն տարածքում չէ։
168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ իշխանության ներկայացուցիչները սխալվում են և պատմությանը չեն տիրապետում, ինչպես Որոտանի այդ հատվածը, այնպես էլ Սև լիճը հայկական են։
«Այ ձեր ցավը տանեմ, այդ բոլոր տարածքները հայկական են, հասկանո՞ւմ են՝ ինչ են ասում։ Որոտանի այդ հատվածն է՛լ, Սև լճի տարածքն է՛լ ամբողջովին հայկական են, ինչպե՞ս կարող են դրանք ադրբեջանական լինել։ Հիմա մեր գյուղում սահմանին մոտ սեփականաշնորհված հողեր կան, որ ադրբեջանցիներն ասում են՝ դրանք էլ են մերը, էհ, թող գա, դրանք էլ տան, պրծնենք»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ 1990-ականներին Սյունիքում ապրել են ադրբեջանցիներ, բայց նրանք ոչ թե կոնկրետ գյուղերում են ապրել, այլ սարերում, զբաղվել են անասնապահությամբ, այսինքն՝ եղել են ադրբեջանցի հովիվներ։
«Հիմա որ ասում են՝ «խաղաղության դարաշրջան» է, ու ադրբեջանցիների հետ պետք է կողք կողքի ապրենք, կոնկրետ ես չեմ կարող նրանց հետ ապրել, եթե ուրիշները կապրեն, թող գնան՝ ապրենք։ Այսինքն՝ թշնամին մեր զինվորին է սպանում, գերեվարում, ու այդքանից հետո պետք է նրանց հետ հանգիստ ապրե՞նք, ես չեմ կարող ու չեմ էլ ուզում»,- հավելեց Վարո Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ճանապարհներին, Խոզնավարի գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղի ներքևի հատվածի ճանապարհը սահմանակից է Խնածախ, Վաղատուր գյուղերին՝ 50 կիլոմետրանոց ճանապարհ է։
«Իսկ գյուղի վերևով ունենք ճանապարհ, որը 17 կիլոմետր է մինչև Գորիս, սարի ճանապարհ է, այդտեղով ենք գնում-գալիս։ Այդ ճանապարհը նորմալ չէ, ասում են՝ ծրագիր կա, որ 2022 թվականին կսկսեն սարքել, տեսնենք՝ ինչ կլինի»,- շեշտեց նա։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ իրավիճակը գյուղում այս պահին նորմալ է. «Թշնամին իրենց պոստում է կանգնած, մերոնք՝ մեր պոստերում»։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։