Բաժիններ՝

Ուսուցչի տոնը՝ որպես վերաբերմունքի ցուցիչ

Հոկտեմբերի 5-ը Հայաստանում նշվում է՝ որպես Ուսուցչի օր։ Անցած տարի այդ տոնը չնշվեց… պատերազմ էր։ Ակնկալվում էր, որ այս տարի մասնագիտական տոնը կնշվի նոր ոգով։ Կորոնավիրուսի պայմաններում ուսուցիչները բավական մեծ ծավալի աշխատանք կատարեցին վերջին 1.5 տարում։ Բավական է միայն նշել այն, որ շատ դպրոցներ մի ամբողջ ուսումնական տարի աշխատեցին 6-օրյա ռեժիմով։

Դպրոցներն իրենց լավ դրսևորեցին նաև պատերազմի օրերին։ Ուսուցիչների, տնօրենների մեջ եղան պատերազմի մասնակիցներ։ Եղան ուսուցիչներ, որոնք կորցրեցին իրենց զավակներին, ամուսիններին։ Դպրոցները կազմակերպեցին հանգանակություններ, բանակին աջակցող նախաձեռնություններ։ Մեծ ծավալի աշխատանք կատարվեց Արցախից տեղահանված դպրոցականների հետ։

Սպասվում էր, որ այս տարի հոկտեմբերի 5-ը լավ առիթ կլինի այդ ամենի համար ուսուցիչներին մեծ շնորհակալություն հայտնելու։ Սպասվում էր, որ կմեծարվեն ընտանիքի անդամ կորցրած ուսուցիչները, պատերազմի մասնակից ուսուցիչները, վերջին 1.5 տարվա ընթացքում աչքի ընկած ուսուցիչները։

Բայց ոչինչ չեղավ։ Եղան միայն ուղերձներ, որոնցից մեր հասարակությունն արդեն հոգնել է։ Վստահ եմ, մարդկանց ճնշող մեծամասնությունը ոչ էլ կարդում է այդ ուղերձները։ Լրատվամիջոցները հիմնականում ընթերցեցին ուղերձները իրենց հաղորդման վերջին՝ առավել չդիտվող հատվածում։ Ոչ մի ռեպորտաժ ուսուցիչների, նրանց կատարած աշխատանքի մասին։ Նախկինում հեռուստաընկերությունները ուսուցիչներին հրավիրում էին հարցազրույցների։ Ազգային ժողովում ուսուցիչներին էին ընդունում, պարգևատրում։ Պառլամենտական երկրում գոնե Ազգային ժողովն ինչ-որ բան պիտի նախաձեռներ։

Հայաստանի լրատվամիջոցները իրադարձային բացը ստիպված էին լրացնել Արցախում տեղի ունեցած միջոցառումներով։ Արցախը շատ ավելի լավ նշեց ուսուցչի տոնը։ Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել էր զոհված ուսուցիչների հարազատներին, Պետական նախարար Արտակ Բեգլարյանը մասնակցում էր ուսուցիչներին նվիրված մեծ միջոցառման։

Ի դեպ, սեպտեմբերի 21-ի առթիվ ընդամենը 2 հոգի է պարգևատրվել կրթության ոլորտից, որոնցից 1-ը՝ դպրոցից, մյուսը՝ համալսարանից։ Կրթության ոլորտում աշխատում է շուրջ 70 հազար մարդ։ Չկա մեկ այլ ոլորտ, որն այդքան աշխատող ունենա։ Ինչո՞ւ է կրթության ոլորտում այդքան քիչ մարդ պարգևատրվում նախագահի կողմից։ Անկախության տոնին ֆուտբոլի ոլորտից և կրթության ոլորտից պարգևատրվել են 2-ական մարդ։ Քանի՞ մարդ է Հայաստանում աշխատում ֆուտբոլի, քանի՞ մարդ՝ կրթության ոլորտում։ Ինչո՞ւ չի պահվում համամասնությունը։

Այսինքն՝ առաջ գնալու փոխարեն՝ հետ ենք գնում։ Իսկ ուշադրությունը կրթության ոլորտի մարդկանց համար շատ կարևոր է, քանի որ պետությունը նորմալ չի ֆինանսավորում այս ոլորտը։ Կարելի է գոնե բացառիկ վերաբերմունքի միջոցով փոխհատուցել այդ բացը։

Հայաստանում պետք է անհապաղ սկսել ուսուցչի աշխատանքի արժևորման, կարևորման գործընթաց։ Բայց մենք ուսուցիչներին ասում ենք՝ դուք պետք է քննություն տաք, որպեսզի աշխատավարձ բարձրացնենք։ Ինչո՞ւ են կրթական շատ ցածր ցենզ ունեցող բազմաթիվ պատգամավորներ առանց քննության պարգևավճարներ ու հավելավճարներ ստանում, իսկ ուսուցիչների դեպքում կա նախապայման։

Երբ Հայաստանում նշվում է դատախազի, ոստիկանի և այլ ուժային ոլորտի մասնագիտական տոնը, վարչապետը, նախագահը պարտադիր այցելում են, շնորհավորում, մեդալներ, թանկարժեք հուշանվերներ հանձնում։ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել մեկ դեպք, երբ երկրի առաջին դեմքն Ուսուցչի տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցի։ Երբ Հայաստանը նախագահական երկիր էր, լավագույն դեպքում վարչապետն էր մասնակցում։ Իսկ վերջին 4 տարիներին այլևս ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցում ուսուցչի տոնին։ Ինչո՞ւ են առաջին դեմքերը խուսափում ուսուցիչների հետ անմիջական հանդիպումից։

Այս առումով շատ բան ունենք սովորելու Ռուսաստանից։ Երկրի նախագահը, վարչապետը, նախարարները, Լոմոնոսովի համալսարանի ռեկտորն ամեն տարի հանդիպում են ուսուցիչների հետ, պարգևատրում, քննարկումներ ծավալում։ Լուրերի թողարկման ժամանակ նկատեցի, որ Ռուսաստանի «Լավագույն ուսուցիչ» մրցույթի դափնեկիրն առաջարկներ էր անում, իսկ նախագահ Պուտինը գրառումներ էր կատարում իր նոթատետրում։ Մենք մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր։ Բայց ես Հայաստանում երբևէ չեմ տեսել, որ ուսուցիչը խոսի, իսկ երկրի ղեկավարը գրառումներ անի։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանում հայտարարվում էին նաև տարվա լավագույն ուսուցիչները։ Բայց այս տարի այդ մրցույթի արդյունքներն էլ չհրապարակվեցին։ Այդ միջոցառումը միշտ որոշակի աշխուժություն էր հաղորդում տոնին։ Հավանաբար  նախարարությունը չի հասցրել ամփոփել մրցույթի արդյունքները, և մրցանակաբաշխությունը կլինի մեկ այլ օր։

Պարտավոր ենք փոխել այս վերաբերմունքը։ Պետք է մի կողմ դնենք անիմաստ ուղերձները, բարձրագոչ խոսքերը և լրջորեն արժևորենք ուսուցիչներին։ Եթե այսպես շարունակենք, տարեցտարի նվազելու են ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող շրջանավարտները։ Իհարկե, չպետք է սահմանափակվենք միայն մասնագիտական տոնով։ Բայց տոնն էլ է կարևոր։ Այն պարունակում է որոշակի սիմվոլիկա, որը կարող է ազդել մարդկանց տրամադրության, վերաբերմունքի վրա։

Հիշենք, որ ուսուցիչների պակասը վատ է ազդելու բոլոր ոլորտների վրա։ Եթե ուզում ենք, որ մեր երեխաները լավ զգան դպրոցում, պարտավոր ենք լավ վերաբերվել մեր ուսուցիչներին։ Չգնահատված, դեմոտիվացված ուսուցիչը չի կարող լավ աշխատել երեխաների հետ։ Կան բաներ, որոնք շատ հեշտ է կազմակերպել։ Շատ գումար ու ջանքեր չեն պահանջվում։  Այդպիսի բաներից մեկն Ուսուցչի տոնի պատշաճ կազմակերպումն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս