Պահանջվում է ճշտախոս

Անցած մի քանի օրերին ամենատարբեր ձևաչափերով Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ու հատկապես արցախյան հարցի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին Հայաստանի նախկին երեք նախագահները։

Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում և չափազանց դժվար է պատահական համարել նաև պետության երեք նախկին ղեկավարների համաժամանակյա քայլերը։ Մեծ է հավանականությունը, որ եթե անգամ ոչ պայմանավորված, նրանց այդ քայլին է դրդել արցախյան հարցի վերաբերյալ մտահոգությունը կամ առաջիկայում սպասվելիք նոր աղետալի զարգացումների վտանգը։

Մոտեցումների բազմաթիվ տարբերություններով հանդերձ, Հայաստանի նախկին երեք նախագահների հրապարակային դիրքորոշումները նույնական են մեկ հարցում՝ արցախյան վերջին պատերազմի աղետը ու դրա հետևանքով հայկական երկու պետություններին սպառնացող նոր վտանգները և դրանց հաղթահարման ուղիները։ Պետության նախկին առաջնորդներին գրեթե զուգահեռ, իսկ որ ավելի հավանական է՝ նրանց ի պատասխան, արտասահմանյան ինչ-որ այցի շրջանակներում խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Բայց ի տարբերություն նախկին նախագահների, որոնց դիրքորոշումների հիմքում առավելապես փաստերն են, փաստարկներն ու հիմնավորումները, Նիկոլ Փաշինյանի խոսքը գրեթե ամբողջությամբ կառուցված է նույն այդ փաստերի մանիպուլյացիայի ու աղավաղման վրա։

Ընդհանուր առմամբ, արցախյան հարցում Փաշինյանի դիրքորոշումը հանգում է հետևյալին․ «լավ ենք արել, պարտվել ենք պատերազմում, կարևորը՝ ժողովուրդը մեզ դրանից հետո ընտրել է»։ Նրա ընդդիմախոսների փաստարկը լրիվ հակառակ տրամաբանությունն ունի՝ «2018թ. ժողովուրդը ընտրել է ձեզ, դրա համար էլ պարտվել ենք պատերազմում»։ Խնդիրը, սակայն, միայն այս հայեցակարգային տարբերությունը չէ։

Ավելի խորքային պրոբլեմ  է այն, որ Հայաստանում քաղաքական բանավեճում և ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացում որոշիչ են ոչ թե փաստերը, փաստարկները, գաղափարները, մտքերը, այլ այդ ամենայնի մանիպուլյացիան, որովհետև հասարակությունը լսում և իր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը կառուցում է ոչ թե օբյեկտիվ իրականության, այլ դրա հնարավորինս գեղեցիկ նենգափոխման հիման վրա, իսկ այդ հարցում Նիկոլ Փաշինյանը որևէ մրցակից չունի։

Եվ քանի դեռ դա այդպես է, քանի դեռ Հայաստանում քաղաքականությունը գեներացվում է ոչ թե փաստի ու փաստարկի, այլ կեղծիքի ու մանիպուլյացիայի միջոցով, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է հաջողություններ արձանագրել սեփական իշխանության պահպանման հարցում՝ ի հաշիվ մեր պետության ու դեռևս իր կողմից հաճույքով մանիպուլյացվող հասարակության շահի։

Այս արատավոր ընթացքը կանգնեցնելու համար Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողները պետք է կարողանան փոխել քաղաքականության մեխանիզմն ու մեթոդաբանությունը՝ հասարակությանը վերադարձնելով օբյեկտիվ իրականության հարթություն։

Դա չափազանց դժվար խնդիր է, գուցե ավելի դժվար, քան Նիկոլ Փաշինյանի մեխանիկական հեռացումն իշխանությունից։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս