Պարտության մատնած իշխանությունները Հայաստանը տանում են նորանոր պարտությունների. Թևան Պողոսյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը լրագրողի հարցին, թե ի՞նչ է կատարվում մերօրյա Հայաստանում, պատասխանեց՝ կատարվում է այն, ինչ կկատարվեր պարտությունից դասեր չքաղած պետության հետ:
«Քվեարկության իրավունք ունեցողների մեկ քառորդի հաշվին և մնացած չմասնակցածների հաշվին ձևավորվեց այնպիսի իրավիճակ, որտեղ վերարտադրվեց նույն իշխանությունը, որը 3 տարվա ընթացքում բերեց պարտության, դա է կատարվում: Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմանների անվտանգություն բառերն ասելուց պարզապես պետք է մի բան գիտակցել, որ սահմանի այն մասը, որը պահվում է մեր ռազմավարական դաշնակցի կողմից, կա՛մ իրենց զորքերի, կա՛մ պարզապես դրոշակի գոյության պատճառով ինչ-որ հանգստություն կա, այն մասերում, որտեղ չկա, Ադրբեջանը ինչպես Արցախի Հանրապետության մեծագույն մասն է օկուպացրել, այնպես էլ Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիա է իրականացրել՝ մայիսի 12-ից սկսած: Դա էլ գալիս է նույն իշխանության վարած քաղաքականությունից, պարտության մատնած իշխանությունները մնալով` տանում են Հայաստանը նորանոր պարտությունների: Դա է կատարվում այսօր Հայաստանում, որտեղ եթե ժամանակին կարող էինք խոսել որակական փոփոխությունների մասին, ապա այսօր առերեսվում ենք շատ ավելի պրիմիտիվ մարտահրավերների, որոնք ավելի բարդ է լուծել, քան շատ ժամանակ ավելի խոշոր աշխարհաքաղաքական խնդիրներ, բայց այդ պրիմիտիվ մարտահրավերները եթե չլուծենք, ապագային կամ գալիքին նայելու հնարավորություն չենք ունենա»,- ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախն այս պահին երկու կարևոր խնդիր պետք է լուծեն, որոնցից մեկը ժողովրդագրականն է:
«Մեզ հիմա պետք է գտնել մի ֆորմուլա, որտեղ մենք կարողանանք պարզապես թվային ավելացման խնդիր բարձրացնել, շատ արագ մեզ պետք է շատ երեխաներ ունենալ և բնակչության թիվը բարձրացնել՝ ինչպես Արցախի Հանրապետությունում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում, եթե ոչ, ապա արտագաղթը մեզ նորանոր խնդիրների է բերելու, և գալիքի ակնկալիք ընդհանրապես չի լինելու: Երկրորդ՝ ինչ-որ չափով տեխնիկական խնդրի հարցը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ մի ձևով իրավունքը պահպանենք գալիք սերունդների համար, թե խելքներս գլուխներս կհավաքենք և 5 տարվա ընթացքում ինքներս կվերականգնենք մեր հայրենիքը, թե կսկսենք մտածել, թե ո՞նց ենք դաստիարակելու այն գալիք սերունդներին, որոնք կկարողանան օգտվել, բայց այդ իրավունքի պահպանումը, որը նշանակում է, որ պետք է ամեն ինչ անել, որ որևէ այլ նոր փաստաթղթեր, որտեղ Հայաստանը կամ հայ ազգը զիջում է իր իրավունքները, չլինեն… Ալիևն ամեն օր, ամեն ինչ անելու է, որ Արցախը հայաթափվի, և մենք պետք է կարողանանք ինչ-որ չափով նաև մեխանիկական ծրագրեր առաջ բերել, որտեղ հայապահպանումն Արցախում դառնալու է մեր ազգային առաջադրանքներից մեկը, եթե դա չանենք, որ այդ իրավունքը հետո փոխանցենք, ապա մոտակա ժամանակներս մենք ավելի մեծ վտանգների առաջ ենք կանգնելու, իսկ եթե իշխանությունները վարեն իրենց հերթական քաղաքականությունը դեպի Թուրքիա և Ադրբեջան, ապա միայն և միայն սպասարկվելու է թուրքական և ադրբեջանական շահը»,- ասաց Պողոսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ պատերազմը չէր ավարտվել մինչև 2020թ.-ը և չի ավարտվել նաև այժմ, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ցանկանում, այլ որովհետև մեր թշնամին ազգային երազանք ունի՝ վերացնել Հայաստանի և Արցախի հանրապետությունները, և իրենք գնալու են դրան:
«Երբ նույն Ալիևն ասում է, որ մենք ուղարկել ենք մեր առաջարկներն ինչ-որ խաղաղ համաձայնագրի շուրջ, և Հայաստանը չի պատասխանում, պատկերացնում եք, չէ՞, թե մեջն ինչ է գրած, որ նույնիսկ այսօրվա պարտված իշխանությունները նույն օրը չեն ստորագրել: Եթե լավ բան լիներ, կստորագրեին, ինքն էլ է շատ լավ հասկանում, թե ինչ է առաջարկել, բայց արել է, որ օգտագործի դիվանագիտական իմաստով և ցույց տա, թե ինչ «պուպուշիկն» է ինքը»,- ասաց Պողոսյանը: