Հոգեբանական այս ծանր տրավմայից դուրս գալու ելքն անվտանգությունն է, որը չունենք. Խաչատուր Գասպարյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ պետական բարձրագույն պաշտոնյա, Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեց միայնակ՝ վաղ առավոտյան՝ 07։30-ին։

Իշխանական էլիտան էլ Եռաբլուր էր այցելել Փաշինյանի այցից հետո՝ առանձին-առանձին, տարբեր ժամերի՝ ստեղծելով տպավորություն, որ օրն ամենևին էլ համազգային սգի օր չէ, թեև ունենք պաշտոնապես հաստատված 3781 զոհ։

Հակառակ այս պատկերի՝ նույն իշխանական էլիտան 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ներկա էր մեկ մարդու պես և տոնում էր Հայաստանի անկախության 30-ամյակը:

Հայաստանում էլ հայտարարվել էր 4 ոչ աշխատանքային օր՝ անկախության տոնի կապակցությամբ։

168. am-ի հետ զրույցում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքացուն տրվող հոգեբանական ազդակների համատեքստում իշխանությունները չպե՞տք է սեպտեմբերի 27-ը հայտարարեին կամ հիշատակեին՝ որպես համազգային սգո օր, և արդյո՞ք այս օրը Եռաբլուրում մեկ մարդու պես պետք է ներկա չլինեին ՀՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները, միասնական այնպես, ինչպես Անկախության տոնի միջոցառման ժամանակ էին, պատասխանեց.

«Սեպտեմբերի 27-ը, ըստ էության, նոր ապրիլի 24-ի հավակնություն ունի՝ իհարկե, հեռու մնալով ապրիլի 24 լինելուց։ Ինձ մոտ տպավորություն է, մեզ մոտ անընդհատ շատացնում ենք սգո օրերը։ Օրը սգո չհայտարարելը և՛ լավ կողմ ունի, և վատ. լավ է, որ մի կողմից՝ ևս մեկ սգո օր չենք ավելացնում օրացույցում, վատ է, որ դրա պատճառը կա՝ հազարավոր երիտասարդներ ենք կորցրել, ու հազարավոր նպատակներ են խորտակվել։ Բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ էինք ստանալու, եթե այս օրը հայտարարեինք սգո օր, արդյո՞ք դա մեզ հոգեպես որևէ բան կտար. չէ՞ որ արդեն Ցեղասպանության օրն ունենում ենք համազգային ոգեկոչման արարողություններ՝ երթեր, մոմավառություններ, արդյո՞ք ևս մեկ նման օր պետք էր, չգիտեմ, չեմ կարող պատասխանել»:

Հոգեբանը նշեց, որ այս պատերազմի հասցրած հոգեբանական ծանր հետևանքները հայ ժողովուրդը դեռ տարիներ է կրելու իր վրա, և, թերևս, միայն այս վիճակից մեզ դուրս կարող է հանել անվտանգության զգացողությունը, որն այս պահին չկա։

«Տարիներով ենք կրելու պատերազմի հասցրած ծանր հոգեբանական հետևանքները. դրանից դուրս գալու երաշխիքն ապահովվածության, անվտանգ լինելու զգացողությունն է, որը չունենք։ Այս ծանր վիճակից դուրս գալու համար հեռանկարներ և տեսլական է պետք, մենք դա էլ չունենք։ Այս առումով ազգովի երկար ճանապարհ ունենք անցնելու, և այս գործընթացին պետք է լծվեն բոլոր պետական ինստիտուտները՝ սկսած մանկապարտեզներից և դպրոցներից»,- ասաց Գասպարյանը՝ նշելով, որ այս հարցում դերակատար է նաև սփյուռքը։

«Պարզվեց, որ սփյուռքը մեր կողքին էր պատերազմի դժվարության ամենասկզբից։ Նրանք մեզ համար նեցուկ եղան՝ միայնակ չզգալու համար, ուստի հիմա պետք է, որ սփյուռքը չփորձի բավարարվել միայն հայրենիքի զգացումն իր վրա վերցնելով ու փոխարենը որևէ բան չտալով. սփյուռքում միլիոնավոր հայեր ունենք, որոնցից 200-300 հազար հայն է հայությամբ հետաքրքրվում, հիմա այս վիճակից դուրս գալու համար հետաքրքրվել են ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս