«Ես ինչ ուզեցի, ասացի». Արշակ Կարապետյանը չպատասխանեց Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հարցին

«Եկեք այսպես… Ես ուզում եմ ուղղակի ցավակցել և խոնարհվում եմ մեր բոլոր տղաների շիրիմների առջև: Մենք ունենք և ընկերներ՝ այստեղ պառկած, զինվորներ և անմիջական նախկին իմ ենթակաները: Ես շատ, իհարկե, զգացված եմ, և ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ թե նմանվի գերեզմանի»,- Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից  1 տարի անց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դասեր է քաղել պետությունը պատերազմից մեկ տարի անց:

Շարունակելով՝ Արշակ Կարապետյանը հավելեց՝ սա մեր սուրբ տեղն է, և մենք, ինչո՞ւ չէ, պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք և չհաշվենք իրենց զոհված:

«Այսինքն՝ զոհված են, բայց մահացած չպիտի հաշվենք: Իրենք կենդանի են»,- ասաց նախարարն ու փորձեց արագ հեռանալ՝ ասելով, թե ուրիշ միջացառման պետք է մասնակցի:

Լրագրողների դիտարկումներին, թե երկրում խնդիրներ կան, Արշակ Կարապետյանը չպատասխանեց: Չպատասխանեց նաև այն հարցին, թե անվտա՞նգ է արդյոք Գորիս-Կապան ճանապարհը, կամ ունի՞ ինքն արդյոք պատասխանատվություն՝ կորցրածը հետ բերելու:

Այս հարցերը, սակայն, Արշակ Կարապետյանին չէին հետաքրքրում, կամ վերջինս չուներ դրանց պատասխանները:

«Ես ինչ ուզեցի, ասացի»,- ասաց թիկնապահների ամուր շղթայի մեջ խրոխտ քայլող Արշակ Կարապետյանը՝ շտապելով հնարավորինս շուտ նստել իր մեքենան ու հեռանալ:

Դա, սակայն, այնքան էլ հեշտ չէր, որովհետև Արշակ Կարապետյանին Եռաբլուրի մուտքի աստիճանների վրա աղիողորմ ողբով սպասում էր իր սոցիալական խնդիրները որևէ պաշտոնյայի միջոցով լուծել ցանկացող մի կին:

Կնոջ խնդիրը լսելուց հետո Արշակ Կարապետյանին, ի վերջո, հաջողվեց հեռանալ Եռաբլուրից:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս