Դեպքերի տրամաբանական ընթացքը

Հարկավ, ժամանակ է անհրաժեշտ կովիդի համաճարակի համաշխարհային տնտեսության վրա թողած հետևանքների վերլուծության համար: Հարկավ, ժամանակ է անհրաժեշտ մեր տնտեսության վրա կովիդի համավարակի, պատերազմի և իշխանությունների անփորձության հետևանքները վերլուծելու համար: Ինչ-որ իմաստով արդեն ժամանակն է այդ վերլուծությունները սկսելու:

2020թ. սոցիալ-տնտեսական հիմնական հաշվետվություններն արդեն հրապարակվել են: Հրապարակվել է անգամ «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրանքների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2020 թվականին» հաշվետվությունը: Այսինքն՝ հնարավոր է տեսնել ու համեմատել, թե մեր արդյունաբերական համակարգը քանի տոննա ցեմենտ կամ բետոն է արտադրել, քանի լիտր թան կամ օղի: Այսինքն՝ 2020-ի տնտեսությունը տեսնել բնեղեն արտահայտությամբ ու համեմատել նախորդ տարիների ցուցանիշների հետ: Համեմատել ու փորձել հասկանալ՝ տնտեսության վրա ո­՞րն է համավարակի ազդեցությունը, ո՞րը՝ պատերազմի, ո՞րը՝ իշխանությունների անփորձության (մեղմ ու շատ քաղաքավարի ասած՝ անփորձության): Հատկապես, որ տնտեսությունն ու տնտեսական վիճակագրությունը պարզ ու հստակ են արձանագրել որոշ երևույթների հետևանքներ:

Օրինակ, այն, որ համավարակն իր լոքդաունով ու շփումներից զգուշանալու ու դրանք սահմանափակելու պահանջով բացասական ազդեցություն էր ունենալու որոշ ապրանքատեսակների արտադրության վրա՝ պարզից էլ պարզ է: Իսկ այն, որ այդ ապրանքատեսակների մեջ ամենաշատ անկում արձանագրելու էր ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ շատ ավելի պարզ է: Չկան հավաքներ ու խնջույքներ՝ չկա նաև ալկոհոլի սպառում: Ուստի զարմանալի չէ, որ բնեղեն արտահայտությամբ, այսինքն՝ ծավալով, օղու արտադրությունը 2020-ին 2019թ. համեմատ կրճատվել է 13.1 տոկոսով, գինունը՝ 16.4 («Շամպայնի» արտադրությունը նվազել է ավելի շատ՝ 19.5 տոկոս): Կոնյակի արտադրությունն ամենաքիչն է պակասել՝ 7 տոկոս, իսկ գարեջրինն ավելի նկատելի է՝ 11.5:

Հայտնի բան է՝ մենք գյուղատնտեսության նախարարություն չունենք: Այդ փաստին համահունչ շատ տվյալներ այս օրերին կտեսնեք թե՛ երկրի արդյունաբերական համակարգի արտադրանքի հաշվետվությունում, թե՛ խաղողագործություն ունեցող մարզերում (խոսքը խաղողագործ գյուղացիների մայրուղի փակելու հուսահատ ակցիաների մասին է):
Փոխարենը՝ մեր երկիրն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Հետևաբար՝ արդյունաբերական համակարգի թողարկած արտադրատեսակների ցանկում կան նաև բարձր տեխնոլոգիաներ «հիշեցնող» ապրանքներ:

Օրինակ, կա այսպիսի ապրանքախումբ՝ «Քարտեր ներասարքված ինտեգրալային սխեմաներով («սմարտ» քարտեր)»: Ասեք, որ հպարտ է հնչում: Երևի նման հնչեղ ու անհասկանալի անվան ապրանքախումբ արտադրելու համար արժեր ԲՏ արդյունաբերության նախարարություն պահել: Պահել ու հաշվետվություններում գրել, որ այդ քարտերից 2020թ. արտադրվել է 1869 հատ, 2019-ին արտադրվել էր ուղիղ 3000 հատ: Այսինքն՝ այդ խելոք քարտերի արտադրությունը, ի հեճուկս համապատասխան նախարարության գոյության՝ կրճատվել է 37.7 տոկոս:

Կա մեկ այլ, ավելի երկար ու մոդայիկ արտահայտությամբ ասած՝ ավելի գունագեղ անունով ապրանքախումբ: Ահա այն. «Տվյալների ավտոմատ մշակման դյուրակիր մեքենաներ, 10 կգ-ից ոչ ավել քաշով (լափթոփներ, նոութբուքեր), գրպանի ՊԴԱ (PDA) համակարգիչներ և համանման համակարգիչներ»: Դրանցից 2019թ. արտադրվել էր 1057 հատ: Իսկ 2020-ին՝ 448 հատ: Այսինքն՝ արտադրությունը կրճատվել է 67.6 տոկոսով: Բայց սա միակ երկարանուն տողը չի: Մեկ ուրիշն էլ կա՝ «Դրամարկղային տերմինալներ (տվյալների ներածման և արտածման սարք), բանկային ավտոմատներ և համանման սարքեր, միացվող տվյալների մշակման մեքենաներին կամ ցանցերին»: Դրանցից 2019-ին արտադրվել էր 199 հատ, 2020-ին՝ 157: Անկումը մեծ չէ՝ ընդամենը 21.1 տոկոս: «Բարձր» ապրանքատեսակների խմբի մեջ «Պլանշետներ» համեստ անունը կրող տող կա: Այդ տողում նշվում է, որ մեր երկրում (հարկավ, ԲՏ արդյունաբերության նախարարության վերահսկողական հայացքի ներքո) 2019-ին արտադրվել է 323 պլանշետ, իսկ 2020-ին՝ 3 (երեք) հատ: Այստեղ ԲՏ արդյունաբերության անկումը 91.9 տոկոս է:

Մի շտապեք եզրակացնել, թե սա ռեկորդային ցուցանիշ է: «Հակառեկորդը» պատկանում է մի ապրանքախմբի, որին պարզ մարդկային լեզվով կարելի է ասել հեռուստացույցների արտադրություն: Դրանցից 2019-ին արտադրվել էր 982 հատ, իսկ 2020թ.՝  1 (մեկ) հատ: Այստեղ անկումը հասել է հնարավոր բարձրակետին՝ 99.9 տոկոս: 2021-ին այս ապրանքատեսակի գծով սխրագործելու հնարավորություն չկա: Հավանաբար: Եկող տարի հնարավոր չի լինի այս ոլորտի մասին հիշել պոետի բառերով. «Եվ չարձակած ո՛չ մի նետ՝ անկումների սարսափից, /Ես փախչում եմ ահա ետ – ես նահանջում եմ նորից»:

Կարդացեք տնտեսական վիճակագրություն: Այնտեղ հետաքրքիր շատ փաստեր կան:

Տեսանյութեր

Լրահոս