«Ադրբեջանն իր խաղաղության այդ կոչերով ամբողջովին մանիպուլյացնում է Հայաստանի հասարակությանը, ՀՀ իշխանության մասին էլ չասեմ, որը ծնկաչոք գնում է դեպի խաղաղություն». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի նախագահն օրերս ծավալուն հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին, որտեղ անդրադարձել է 44-օրյա պատերազմի որոշ մանրամասների և նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ համաձայնագրին։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը մեծ դեր է խաղացել հրադադարի հարցում։

«Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր: Եվ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին հեռախոսազրույց ունենալ, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարում ունեցավ իրադարձություններում, նա փոխանցում էր իմ ուղերձները Փաշինյանին, և նրանից ուղերձները փոխանցում էր ինձ: Այդ համաձայնեցումը շարունակվում էր մինչեւ ուշ գիշեր և ձգվեց կեսգիշերից անց: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, ուստի մենք այն անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, մինչդեռ Մոսկվայում նոյեմբերի 9-ն էր։ Բնականաբար, ենթադրվում էր դրա ստորագրումը, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը խնդրեց ինձ չպնդել, որպեսզի Փաշինյանը ստորագրի այն մեր ներկայությամբ: Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, շատ նուրբ, նա շատ հարգալից է վերաբերվում բոլորին, և ես ասացի, որ չեմ պնդի, ինձ պետք չեն Փաշինյանի նվաստացման հետ կապված ինչ-որ լրացուցիչ պահեր, քանի որ դա ոչ թե մարդու, այլ երկրի նվաստացում է, իսկ մենք չենք կարող դա մեզ թույլ տալ»,- ասել է Ալիևը։

Սեպտեմբերի 24-ին էլ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել և հայտարարել, որ Արցախի «հակամարտությունն ավարտված է»։

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման և սահմանագծման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին։ Տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը: «Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար»,- նշել է նա։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով այս հայտարարություններին՝ նշեց՝ պատերազմից հետո Ալիևն անընդհատ խոսում է իր պատկերացրած խաղաղությունից, որն ամբողջովին հակասում է Հայաստանի պետական ու ազգային շահերին։

«Ալիևը պայմաններ է դնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միմյանց սահմանները փոխադարձ ճանաչեն, և դրան զուգահեռ՝ հայտարարում, որ Հայաստանը որևէ պահանջ չպետք է ունենա։ Նա ժամանակին էլ անընդհատ բողոքում էր, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Հայաստանին։ Այսինքն՝ Ալիևի այդ պահանջները ժամանակավրեպ են, և կարող է այն ժամանակ, երբ հայկական կողմը նրա պահանջներն ընդունի, ևս 3-4 պահանջ ավելանա։  Ուստի Ադրբեջանը կսահմանափակվի այն պայմաններով, ինչն այժմ թելադրում է, որոնք ամբողջովին անընդունելի են։ Ադրբեջանն իր խաղաղության այդ կոչերով ամբողջովին մանիպուլյացնում է Հայաստանի հասարակությանը, ՀՀ իշխանության մասին էլ չասեմ, որը ծնկաչոք գնում է դեպի խաղաղություն»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Ինչ վերաբերում է Ալիևի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ին չի ցանկացել, որպեսզի նվաստացնի Նիկոլ Փաշինյանին, և ընդառաջ է գնացել ՌԴ նախագահի հորդորին, Ադրբեջանի հարցերով փորձագետը հիշեցրեց՝ 44-օրյա պատերազմից հետո, 3-4 ամիս շարունակ Ադրբեջանը թե՛ պետական մակարդակով, թե՛ քարոզչական դաշտում Նիկոլ Փաշինյանին ներկայացնում էր՝ որպես ամենաբզկտված և ոչ հարգալից ղեկավար, որը երբևէ եղել է ողջ երկրագնդի վրա։

«Երբ Ալիևն այցելում էր Ադրբեջանի ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Արցախի տարածքներ, անդրադառնում էր հայ ժողովրդին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին, ասելով, թե «հայ ժողովրդի ուղեղը հիվանդ է և բուժման կարիք ունի»։ Տվյալ պարագայում խոսել, թե նոյեմբերի 9-ից հետո Ալիևը բարիացել է և ընդունել Պուտինի խնդրանքը, որպեսզի Փաշինյանին չնվաստացնի՝ խիստ կասկածի տակ եմ դնում։ Այդ նվաստացումն իր ժամանակային էֆեկտն ունի, եթե անընդհատ այդ նույն թեման ծամում է, այն արդեն դառնում է տհաճ թեմա լսողի համար, անգամ ադրբեջանցի լսողների համար հետաքրքիր չի լինում։ Այդ թեմայի ժամանակն անցել է, դրա համար այսօր Ադրբեջանն անցել է ավելի շոշափողական քայլերի՝ բանակցային ձևաչափում ինչ-որ բան պահանջելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով հայկական կողմին ուղղված Ալիևի մեկ այլ կոչին՝ ռևանշիզմից ու տարածքային պահանջներից հրաժարվելու վերաբերյալ, Գառնիկ Դավթյանը նկատեց՝ բոլորն էլ լավ գիտեն, որ պատերազմից հետո քարոզչական դաշտում «update» է տեղի ունեցել։ Մասնավորապես՝ այն ժամանակ, եթե քարոզչական թևը դասավորված էր ընդդեմ Արցախի, և ամեն բան արվում էր, որպեսզի բոլոր ուղղություններով աշխատանքներ տարվի Արցախի դեմ, այժմ այդ թևը տեղափոխվել է Հայաստանի դեմ, ըստ էության, «Արևելյան Զանգեզուրի» դեմ, որն իր մեջ ներառում է Արցախի օկուպացված տարածքները, որոնք սահմանակից են Սյունիքին։

«Այնուհետև Ալիևը կոչ արեց, որ բոլոր հայկական տեղանունները պետք է կոչվեն ադրբեջանական։ Դրանից զատ, Ալիևը մշտապես հայտարարում է, որ դրանք իրենց պատմական հողերն են, որտեղ իրենք վերադառնալու են։ Վերադառնալ ասվածը փոխաբերական է, չեմ բացառում, որ նույնիսկ մի քանի հարյուր ադրբեջանցի գա այստեղ և ժամանակի ընթացքում ինչ-որ էթնիկական կոնֆլիկտ առաջանա, ինչո՞վ կարող են երաշխավորել, որ Ադրբեջանը զորք չի բերի ու չի հարձակվի ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ այն պատճառաբանությամբ, թե պաշտպանում է իր քաղաքացիներին»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս