Խելքներին չի հասել, մի բան էլ արդարանում են
Իր անկայուն վարքագծով ու արկածախնդիր բնավորությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է լրջագույն վտանգների մեջ։ Այնքան խնդիրներ են լցրել երկրի գլխին, որ ոչ մի կերպ չեն կարողանում տակից դուրս գալ։ Չեն էլ թողնում, որ ուրիշները գլուխ հանեն։
Մի տեղ լարվածությունը չթուլացած, մեկ այլ տեղ է առաջանում, մի խնդիր չլուծած, մյուսն է ծնվում։
Երկիրը շարունակ խրվում է անհաղթահարելի ու անվերջ թվացող փորձությունների մեջ։ Վերջն այդպես էլ չի երևում։
Սահմաներում տիրող անմխիթար իրավիճակը չհաղթահարած՝ հիմա էլ կանգնած ենք Իրանի հետ ունեցած ռազմավարական կապը կորցնելու վտանգի առաջ։ Պատճառն այն է, որ իշխանությունները ժամանակին իրենց հաշիվ չեն տվել, չեն քննարկել այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ սահմանի այս հատվածն Ադրբեջանին հանձնելուց հետո։
Այսօր մենք վայելում ենք իշխանությունների չմտածված գործությունների հետևանքները։ Մի բան էլ արդարանում են, որ այն ժամանակ չէին կարող կանխատեսել այդ ռիսկերը։ Ռիսկերը չէին կարող կանխատեսել, բայց կարող էին ռազմավարական նշանակության ճանապարհը, առանց այլևայլության, զիջել թշնամուն։ Այն դեպքում, երբ սա այն երկու կարևոր ուղիներից մեկն է, որով Հայաստանը ցամաքային ճանապարհով կապվում է աշխարհի հետ։
Տարիներ շարունակ գտնվելով շրջափակման մեջ, մենք արտաքին աշխարհի հետ շփվել ենք Վրաստանի և Իրանի միջոցով։
Վրաստանով անցնող ցամաքային կապի հետ կապված խնդիրների պակաս միշտ էլ չի եղել։ Տարվա ընթացքում գրեթե 2 ամիս այս կապը չի գործում։
Իրանի հետ նման խնդիրներ նախկինում չեն եղել։ Բայց այսօր այնպիսի խնդիրներ են ստեղծել, որ վաղը կարող ենք այն ընդհանրապես կորցնել։
Իրանի միջոցով ցամաքային կապը Հայաստանի համար ունի ոչ միայն երկկողմանի, այլև բազմակողմանի նշանակություն։ Այս ճանապարհով իրականացվում է բավական մեծ ծավալի առևտրաշրջանառություն և ոչ միայն՝ Իրանի հետ։
Նման կարևորագույն ուղղությունը հիմա հայտնվել է վտանգի տակ։ Հետևանքները կերևան առաջիկայում։ Եթե նույնիսկ ամեն ինչ պահպանվի այնպես, ինչպես կա, դա բերելու է բեռնափոխադրումների կրճատման։ Հանգեցնելու է նաև այստեղով տեղափոխվող ապրանքների թանկացման։
Իրանի հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում միշտ էլ գերակշռել են ներկրումները։ Ներմուծումը 2-3 անգամ գերազանցել է արտահանմանը։
Այս տարի այդ հարաբերակցությունն ավելի է խորացել. յոթ ամսում ներմուծվել է՝ շուրջ 228 մլն դոլարի, արտահանվել է՝ ընդամենը 37 մլն դոլարի ապրանք։ Ներմուծումը 6 անգամ գերազանցել է արտահանմանը։ Արտահանումն էլ հիմնականում վերաբերում է էլեկտրաէներգիային։ Եթե դա էլ չլինի, ծավալներն անհամեմատ ավելի փոքր կլինեն։ Իշխանություններն այդպես էլ չկարողացան օգտվել ընձեռված այն հնարավորությունից, որը ստեղծվեց ԵԱՏՄ շրջանակներում։
Դեռ 2019թ. վերջից գործում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը։ Այն լավ հնարավորություններ է ստեղծել նպաստավոր պայմաններով հարաբերվել իրանական շուկայի հետ։
Բայց, ինչպես տեսնում ենք, դրանից էլ գլուխ չհանեցին։ Նույնիսկ քայլեր չարվեցին այդ ուղղությամբ։
Զարմանալի չէ, որ մեր տնտեսությունը գտնվում է այսպիսի անմխիթար վիճակում։ Ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսությունը մեծ քայլերով վերականգնվում է, իսկ մերը հազիվ շնչում է։ Այսպես շարունակվելու դեպքում ավելի դժվար է լինելու։ Այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, չի կարող բխել մեր տնտեսության շահերից։ Իշխանությունները վտանգել են ոչ միայն երկրի, այլև տնտեսության անվտանգությունը։ Առաջիկայում էլ տնտեսությունը փորձությունների պակաս չի ունենա։ Անվտանգության միջավայրից բխող վտանգներին ավելացել են ուրիշները։
Ռիսկի տակ է գազի ներմուծման գինը։ Կառավարությունն ընդամենը 3 ամսվա երաշխիք է տալիս, որ գազն այդ ընթացքում չի թանկանա։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, իրենք էլ չգիտեն, կամ գիտեն, բայց չեն ուզում ասել։
Գազի գինը Եվրոպայում նոր ռեկորդի է հասել, ինչը, բնականաբար, որոշակի հարցեր է առաջացնում: Ազգային ժողովում կառավարության հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով հաջորդ տարի գազի գնի որոշակիության վերաբերյալ հարցին՝ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մհեր Գրիգորյանն այն պաշտոնյան է, ով վերջին 3 տարիներին գլխավորում է ռուսական գազի գնի շուրջ տարվող բանակցությունները։ Բայց այդպես էլ այդ բանակցությունների արդյունքները տեսանելի չեղան։
«Բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում: Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ՝ ավելացման, չնայած «Գազպրոմ» խմբի կողմից պնդում կա, որ 2013թ. համաձայնագրի շրջանակներում պայմանավորված եկամտաբերության չափն իրենց չի բավարարում: Աշխատանքային պրոցես է, բանակցություններ են, հուսով եմ՝ գազի գնի հետ կապված որևէ անսպասելի բան տեղի չի ունենա»։ Ճշտող հարցին էլ, այսինքն՝ հաջորդ տարի գազի գինը չի՞ բարձրանա, Մհեր Գրիգորյանի արձագանքն ուղղակի ապշեցնող էր՝ «Ես անսպասելի ասելով՝ նկատի ունեմ, որ մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա: Բայց ժամանակի ընթացքում, տեսեք, աշխարհում ինչ է կատարվում, չեմ կարող խոսել 2 կամ 3 տարիների կտրվածքով: Հուսով ենք՝ այս տարի կհաջողվի պահպանել նույն գինը սահմանին»։
Պարզ է, որ այս տարի գազի գինը չի փոխվելու։ Բայց հաջորդ տարվա համար ոչ մի երաշխիք չկա։ Ավելին, դատելով փոխվարչապետի հայտարարությունից՝ հաջորդ տարվանից մեզ սպասվում է գազի ներմուծման գնի բարձրացում։
Այն անմխիթար իրավիճակում, որում գտնվում է մեր տնտեսությունը, դա կլինի հերթական ծանր հարվածը։ Նաև սոցիալական առումով։
Գազի թանկացումը, որը կարող է բերել նաև էլեկտրաէներգիայի թանկացման, բազմաթիվ ոլորտներում կհանգեցնի ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման՝ սոցիալական բազում հետևանքներով։ Առանց դրա էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկիրը հասցրել է այն վիճակին, որ հասարակության մի զգալի հատված ստիպված է հազիվ գոյություն քարշ տալ։ Համատարած թանկացումներն ու բարձր գնաճը հանգեցրել են երկրում աղքատության խորացման և մարդկանց սոցիալական պայմանների վատացման։
Սպասվում է, որ առաջիկայում էլ դրանից չենք խուսափի։ Կապ չունի, որ իշխանությունները բարեկեցություն ու լուսավոր ապագա են խոստացել, որին շատերը հավատացել են։ Տրամաբանությունից դուրս է, բայց այսօր էլ շարունակում են հավատալ, նույնիսկ այնքանից հետո, երբ երկիրը թաղել են համատարած խնդիրների մեջ։ Խնդիրներ, որոնք առաջացել են ոչ միայն սոցիալական ոլորտում, այլև ուղղակի սպառնալիք են դարձել երկրի անվտանգության համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ