Սպասենք նոր թանկացումների
Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում գներն անհամեմատ բարձր են, որովհետև չկա մրցակցություն։ Օլիգարխները բաժանել են շուկաները և ոչ միայն թույլ չեն տալիս, որպեսզի գներն իջնեն, այլև չհիմնավորված բարձր գներ են սահմանել։
Իշխանափոխությունից հետո հայտարարվեց, որ մենաշնորհները Հայաստանում վերացել են, հաստատվել են հավասար մրցակցային հարաբերություններ, ավելացել են մասնակիցները, բայց գներն այդպես էլ չնվազեցին։ Ավելին, այսօր դրանք նույնիսկ ռեկորդային բարձր դիրքում են։
Օգոստոսի տվյալներով՝ 1 տարվա ժամանահատվածում գնաճը Հայաստանում հասել է 8,8 տոկոսի։ Սննդամթերքի թանկացումն անցնում է 15 տոկոսից։
Գնաճի այսպիսի բարձր մակարդակ մեր երկրում շատ վաղուց չէր եղել։ Թանկացել են՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ ոչ պարենային ապրանքները։
Գնաճն ուղեկցվում է հասարակության համատարած աղքատացմամբ։ Գներն ավելի արագ են աճում, քան մարդկանց մեծ մասի եկամուտները։
Դա էլ քիչ է, առաջիկայում սպասվում են նոր թանկացումներ հանրային ծառայությունների ոլորտում։
Խոսքն այն ոլորտի մասին է, որը ևս ժամանակին դուրս չէր մնացել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից։ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում նա խոսում էր այստեղ առկա համատարած չարաշահումների, թալանի ու դրա հետևանքով չհիմնավորված բարձր սակագների մասին։ Վստահեցնում էր, որ սակագները նվազեցնելու բոլոր հնարավորություններ կան։ Վարչապետի պաշտոնում այդպես էլ չտեսանք Նիկոլ Փաշինյանի հայտարարած ոչ միայն թալանի ու չարաշահումների բացահայտումը, այլև սակագների նվազեցումը։ Հիմա դրանք սպասում են բարձրացման։
«Վեոլիա ջուրն» արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները բարձրացնելու նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ ջրային համակարգի կառավարման պայմանագրով, ընկերությունն իրավունք ունի ամեն տարի հանդես գալ նման նախաձեռնությամբ։
Այսօր գործող 180 դրամի փոխարեն՝ հերթական սակագնային տարվա համար առաջարկվում է մանրածախ ջրամատակարարման գինը դարձնել 223,7 դրամ։
Պարզ ասած, սա բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինն է։
Ներկայացված սակագնային հայտով 1 խորանարդ մետրի արժեքը նախատեսվում է բարձրացնել միանգամից 43,7 դրամով կամ 24 տոկոսով։ Եթե այն հաստատվի, ապա բնակչությունը ստիպված կլինի այդքանով ավելի վճարել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության դիմաց։
Ընկերության սակագնային հայտը, սակայն, չի սահմանափակվել միայն մանրածախ ջրամատակարարմամբ։ Առաջարկում են թանկացնել նաև մեծածախ ջրամատակարարումը։ Այս դեպքում գործող 54 դրամն ակնկալվում է դարձնել 67,11 դրամ։ Սակագնի բարձրացումը կրկին 24 տոկոս է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ընկերության ներկայացրած հայտի ուսումնասիրությունը։ Դրա համար այն ունի 3 ամիս ժամանակ։
Սեպտեմբերի 1-ից Հանձնաժողովը նաև մոնիտորինգ է նախաձեռնել՝ ջրամատակարարման ծավալների վերաբերյալ։ Ջրամատակարարման ծավալներն այն հիմնական գործոններից մեկն է, որն ազդում է սակագների վրա։
Թե ինչպիսին կլինեն մոնիտորինգի արդյունքները, կպարզվի հետագայում։ Բայց միանշանակ է, որ այս անգամ այդ գործոնի միջոցով անհնարին կլինի թուլացնել սակագների առաջարկվող կտրուկ բարձրացման ազդեցությունը։
Հատկապես որ, ներկայացված ճշգրտման գործում առանցքային դեր է վերապահված գնաճին։ Բարձր գնաճն ավելացել էր ընկերության ֆինանսական պահանջարկը։ Սակագների բարձրացմամբ այն մտադիր է փոխհատուցել առաջացած վնասները։
Տուժողը կրկին լինելու է սպառողը։ Համատարած թանկացումների պայմաններում՝ սա լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա սպառողի վրա։
Բայց հանրային ծառայությունների սակագների բարձրացումը հազիվ թե ավարտվի միայն խմելու ջրի թանկացմամբ։ Սակագների վերանայման ժամկետները մոտենում են նաև հանրային ծառայությունների մյուս ոլորտներում։ Առայժմ չկան վերանայման հայտեր, սակայն դա չի նշանակում, թե չեն լինելու։
Մեծ հավանականությամբ, մինչև տարեվերջ կբախվենք նաև էներգակիրների սակագների բարձրացման խնդրին։
Ճիշտ է, այդ մասին տևական ժամանակ պտտվող խոսակցությունները վերջին շրջանում մի տեսակ դադարել են, բայց ոչ թե այն պատճառով, որ վերացել է թանկացումների հավանականությունը, այլ այն պատճառով, որ Հայաստանում այսօր կան շատ ավելի հրատապ խնդիրներ, քան նույնիսկ էներգակիրների սակագներն են։
Ավարտվել է գազի ներմուծման նախկին պայմանագրի ժամկետը։ Դրա շրջանակներում իրականացված երկարաձգումների արդյունքում այս տարի հաջողվեց խուսափել ներմուծման գնի փոփոխությունից։ Բայց առաջիկայում դեռ պետք է հստակեցվի հաջորդ տարվա մատակարարման գինը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային շուկաներում հաստատվել են գազի ռեկորդային բարձր գներ։ Եվրոպայում այն հասել է 840 դոլարի։
Այս պահին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը շատ հեռու է դրանից, բայց արդեն երկար ժամանակ քննարկվում է այն վերանայելու հարցը։
Բացի դրանից՝ էներգակիրների, մասնավորապես՝ գազի սակագների վրա մեծացել է նաև ներքին ճնշումը։ Եթե անգամ հաջողվի շրջանցել ներմուծման թանկացումը, ներքին սակագների բարձրացումից դժվար կլինի խուսափել։
Խնդիրը կապված է կրկին գնաճի հետ։ Մյուս կարևոր գործոնն էլ փոխարժեքն է։ Չնայած նախորդ տարվա վերջի և այս տարվա սկզբի կտրուկ արժեզրկումից հետո դրամի դիրքերն ամրապնդվել են, այնուհանդերձ այս հատվածից համակարգի վրա ճնշումը դեռ շարունակում է պահպանվել։
Այս և այլ գործոնների հիման վրա մինչև տարեվերջ կհստակեցվեն էներգակիրների սակագները։ Մինչ այդ, այլևս պարզ է, որ ջրամատակարարման ոլորտում անհնարին կլինի խուսափել սակագնի բարձրացումից։ Այլ հարց, թե այն ինչքան կլինի։ Գուցե Հանձնաժողովին հաջողվի որոշ վերանայումներ կատարել ընկերության ներկայացրած հայտում։ Բայց մեծ նվազեցումների չպետք է սպասել։
Թե ինչ է նշանակում հանրային ծառայությունների սակագների բարձրացումը սպառողների համար, ավելորդ է ասել։ Հատկապես այսօրվա համատարած թանկացումների և մարդկանց ցածր եկամուտների պայմաններում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ