Մասիս Գրիգորյանը ժողովրդական նկարչի կոչում ստացել է 1990 թվականին. դա համարվում է ԽՍՀՄ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց համար սահմանված 40.000 դրամին ավելացնել ևս 60.000 դրամ։ Համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին որոշման մեջ։
Մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ մշակույթի ասպարեզում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է միայն կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանը:
«ԽՍՀՄ ժողովրդական արտիստ այս պահին միայն Հովհաննես Չեքիջյանն է: ՀԽՍՀՄ կա, բայց ԽՍՀՄ արտիստ միայն Չեքիջյանն է»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը:
Նա ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարությունը ճարտարապետների առումով տեղեկություն չունի, քանի որ հասցեատերն իրենք չեն:
«Մենք խոսում ենք միայն արտիստների մասին, իսկ այդպիսին միայն Չեքիջյանն է»,- շեշտեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը:
Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ այս պահին չկա:
«Ճարտարապետների մեջ միայն վաստակավորներն են, ժողովրդական ճարտարապետ չունենք: Տարիներ առաջ, չգիտեմ ինչու՝ հանեցին ժողովրդական ճարտարապետի կոչումը: Չհամարեցին, որ հասարակության համար օգտակար ենք, իսկ սա համարում եմ մեծագույն սխալ, որովհետև մշակութային, տնտեսական հարցերը, որոնք միասին են լուծվում, ճարտարապետն է անում, չէ՞, մասնակցություն ունի: Մենք մի քանի անգամ դիմել ենք կառավարությանը, որ վերականգնեն այս կոչումը: Էլի կդիմենք, բայց ավելի ուշ, քանի որ հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն էլ նկատեց.
«Օրինակ՝ գեղանկարիչ Մասիս Գրիգորյանը, ով դեռ ողջ է, ժողովրդական նկարչի կոչում ստացել է 1990 թվականին: Դա համարվում է ԽՍՀՄ, թե՞ Հայաստանի Հանրապետություն: «Վիկիպեդիայում» և բոլոր տեղերում գրված է՝ ՀՀ ժողովրդական նկարիչ»: