«Հայկական կողմը պետք է պայման դներ՝ երբ առանց կրակոցի այդքան տարածքներ են հանձնում, այդ ճանապարհի ընդամենը 2 կիլոմետրը պետք է մնար ՀՀ իրավասության ներքո, այլ ճանապարհ գոյություն չունի». Ամատունի Վիրաբյան
Արդեն մի քանի օր է` թշնամին Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղադրել է ոստիկանական անցակետ և իրանական բեռնատարներից մաքսատուրք է գանձում։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ երկու իրանցի վարորդի են ձերբակալել․ ըստ թշնամու՝ նրանք ապօրինի հատել են ադրբեջանական սահմանը։
Սեպտեմբերի 15-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց այս խնդրին՝ նշելով, որ Գորիս-Կապան ճանապարհի խնդրո առարկա կետերը ՀՀ-ի տարածքից դուրս են։
«Ընդհանրապես պիտի ասեմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, դրանք ունեն բազմաթիվ շերտեր և բազմաթիվ ենթատեքստեր, և շատ կարևոր է, որ մենք այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք և ճիշտ թարգմանենք:
Դուք գիտեք, և նաև այս դահլիճում մի քանի անգամ առիթ է եղել այդ մասին խոսելու, որ 2020թ. դեկտեմբեր ամսին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացը իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, և ես մանրամասն մեր մոտիվացիաները ներկայացրել եմ նախորդող շրջանում իմ, եթե չեմ սխալվում՝ նախորդ օրն իմ ունեցած հեռուստաուղերձում:
Խնդիրը այն է, որ այս համատեքստում ուզում եմ կրկին հիշեցնել 2010թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ մասնավորապես Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչատարածքային սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է և Խորհրդային Միության ժամանակ մասնավորապես այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի ունեցած սահմանն է, վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի, այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»,- իր խոսքում նշել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց՝ ըստ Խորհրդային տարիների քարտեզի՝ այդ ճանապարհը սահմանային ճանապարհ է, որի, օրինակ, 5 կիլոմետրը Հայաստանի տարածքում է, 5 կմ-ն՝ Ադրբեջանի։
«Ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի տարածքով, այդ Էյվազլու կոչվող գյուղը ո՛չ Որոտանն է, ո՛չ էլ Շուռնուխը, այն ադրբեջանական գյուղ է, ուղղակի այդ մարդն այնքան է սուտ խոսել, որ մի բան էլ ասաց, որևէ մեկը չհավատաց։ Ես կրկնում եմ՝ այս ամենն ասում եմ՝ ըստ Խորհրդային Միության քարտեզների։ Երբ նոյեմբերի 10-ին ստորագրում էին հայտնի եռակողմ հայտարարությունը, պետք է հայկական կողմը պայման դներ, որ երբ առանց կրակոցի այդքան տարածքներ են հանձնում, այդ ճանապարհի ընդամենը 2 կիլոմետրը պետք է մնար ՀՀ իրավասության ներքո, որովհետև այլ ճանապարհ գոյություն չունի։ Սակայն այդ մասին չեն մտածել, այսօր էլ իշխանությունն ունի այն, ինչին արժանի է»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։
Նա չի բացառում, որ Սյունիքում գտնվող գյուղերը կրկին հայտնվեն շրջափակման մեջ, որովհետև նոր ճանապարհները, որոնք կառուցվում են, որոշ գյուղեր այդ ճանապարհի հետ նորից կապ չեն ունենա։ Հետևաբար՝ Գորիս-Որոտան ճանապարհի այդ հատվածը պետք է մնա և օգտագործվի հայկական կողմի համար, որ շատ գյուղեր կապ ունենան մարզկենտրոնի, Հայաստանի մյուս հատվածների հետ։
«Այդ ճանապարհը պետք է մնա նույնիսկ այն դեպքում, եթե ինչ-որ հրաշքով հասցնեն կառուցել իրենց նշած այլընտրանքային ճանապարհը։ Դա այն ճանապարհը չէ, որ դեպի Տաթև ասֆալտապատում են, այլ Հյուսիս-Հարավը, որը կառուցում են։ Այո՛, եթե այդ ճանապարհը չգործի, շատ գյուղեր կհայտնվեն շրջափակման մեջ»,- հավելեց նա։
Միաժամանակ Ամատունի Վիրաբյանը շեշտեց, որ Հայաստանը սահմանագծման ու սահմանազատման գնում է՝ հիմք ընդունելով Խորհրդային Միության քարտեզը, որի կազմողները ժամանակին պետք է մտածեին, որ այն մի օր դառնալու է պետական սահմանի համար որոշիչ։
«Կազմողները կազմել են՝ մտածելով, թե մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ որևէ դեր չի խաղում։ Հիմա տեսնում ենք, որ խաղում է։ Այսօր սահմանազատում ու սահմանագծում չի կարող լինել, մինչև երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեն, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նման հարաբերություններ չկան։ Երկու պետությունների միջև դիվանագիտություն հաստատվում է, երբ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եթե այսօր Հայաստանը գնա այս քայլին, ապա նշանակում է՝ խաչ քաշել Արցախի վրա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Վրաստանի հետ էլ սահմանազատումն ու սահմանագծումը չի ավարտվել, ուր մնաց՝ Ադրբեջանի հետ այդ գործընթացը շուտ ավարտվի, դա տարիների աշխատանք է։
Կրկնում եմ՝ Խորհրդային Միության այդ քարտեզները նախատեսված էին ներքին սահմանների համար, որտեղ ուշադրություն չէին դարձնում 1 մետրին կամ 1 կիլոմետրին, բայց եթե սահմանազատում ու սահմանագծում է իրականացվում, ապա ամեն ինչին պետք է ուշադրություն դարձնեն»,- նշեց Ա. Վիրաբյանը։
Նրա դիտարկմամբ՝ սահմանները որոշում են տեղում, դրա համար ստեղծվում է հանձնաժողով, օրինակ, հենց տեղում որոշում են՝ այս տարածքը՝ Հայաստանին, մեկ այլ տարածք՝ Ադրբեջանին։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ծայրից ծայր պետք է շրջեն ու անցնեն յուրաքանչյուր վայրով՝ տեղադրելով սահմանային սյուները, դրանք գրանցեն քարտեզի վրա ու առաջ գնան՝ անցնեն լեռներով, լեռնակատարներով իջնեն։
Ինչ վերաբերում է նրան, որ մինչև օրս միայն Հայաստանն է իր տարածքները զիջում, Ամատունի Վիրաբյանն ասաց՝ 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմը հաղթել է և այսօր օգտագործելով այդ հանգամանքը՝ տիրանում է Հայաստանի տարածքներին։
«Մենք խայտառակ պարտություն ենք կրել, պարտվել էլ կա, պարտվել էլ, մերը խայտառակություն էր։ Մենք թշնամուն տարածքներ ենք տվել՝ առանց կրակոցի։ Սահմանագծելուց ու սահմանազատելուց հետո էլ սադրանքները չեն ավարտվի, որևէ երաշխիք չկա։ Պետք չէ մտածել, որ մեկ օրում հայն ու ադրբեջանցին կբարեկամանան այնպես, ինչպես Խորհրդային Միության տարիներին էր։ Երկու կողմն էլ դեռ երկար տարիներ սահմանին զորք է կանգնեցնելու, որովհետև միմյանց չեն վստահում, սերունդներ պետք է փոխվեն, որ այս ամենը կարգավորվի»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։