Գորիս-Կապան ճանապարհի խնդրո առարկա կետերը ՀՀ-ի տարածքից դուրս են․ Նիկոլ Փաշինյան

Այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ կայացավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցն առնչվում էր Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում Ադրբեջանի տեղադրած ոստիկանական անցակետին:

«Խնդրում են պատասխանել այն հարցին, թե ի՞նչ տեղեկություններ կան և ինչո՞ւ է տեղադրվել ոստիկանական անցակետը, և միաժամանակ ինչո՞ւ են կանգնեցվում Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտային միջոցները և ինչ-որ «մաքսատուրքեր» գանձվում: Խնդրում եմ, այս հարցի վերաբերյալ տալ համապատասխան պարզաբանում»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Հարցին պատասխանելու համար ԱԺ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նորից հիշեցրեց 2010թ. Վարչատարածքային բաժանումների մասին օրենքը, որը, շատ իրավաբանների խոսքով՝ չի կարող պետությունների միջև սահմաններ հստակեցնելու կամ գծելու հիմք հանդիսանալ:

«Ընդհանրապես պիտի ասեմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, դրանք ունեն բազմաթիվ շերտեր և բազմաթիվ ենթատեքստեր, և շատ կարևոր է, որ մենք այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք և ճիշտ թարգմանենք:

Դուք գիտեք, և նաև այս դահլիճում մի քանի անգամ առիթ է եղել այդ մասին խոսելու, որ 2020թ. դեկտեմբեր ամսին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, և այդ գործընթացը իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, և ես մանրամասն մեր մոտիվացիաները ներկայացրել եմ նախորդող շրջանում իմ, եթե չեմ սխալվում՝ նախորդ օրը իմ ունեցած հեռուստաուղերձում:

Խնդիրը այն է, որ այս համատեքստում ուզում եմ կրկին հիշեցնել 2010թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ հստակ արձանագրվում է, որ մասնավորապես Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչատարածքային սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է և Խորհրդային Միության ժամանակ մասնավորապես այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի ունեցած սահմանն է, վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի, այս իրողությունն է ընդունվել որպես հիմք:

Հիմա այս նույն տրամաբանությամբ այդ ճանապարհը, եթե հիշում եք՝ նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը այդ թեմայով հաղորդագրություն էր տարածել, և այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Եվ նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են ձեզ հայտնի, մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը:

Եվ ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ… ժամանակին ասածը 2020թ. դեկտեմբերն է, ինչի մասին և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ կառավարությունը հանդես են եկել հաղորդագրությամբ, ինչի մասին ես այս ամբիոնից խոսել եմ, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Եվ ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերևս, ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, և թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գնալիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը ապահովող իրավապայմանագրային բազայում:

Հաջորդ խնդիրը, որ ենթադրում եմ, որ շատ քննարկվել է և կբարձրացվի, ես ներողություն եմ խնդրում, ուղղակի այս մասին էլ եմ ուզում բարձրաձայնել, որովհետև ենթադրում եմ, որ կհարցնեն այդ մասին, թե ինչու է հաղորդագրությունների մեջ նշվել կամ իմ կողմից կառավարության նիստում նշվել Էյվազլի և Չայզամի տեղանունները: Դա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ դե յուրե ընդունել է այդ իմ հիշատակած 2010թ. ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս