Մենք միշտ ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը միշտ հեռանում է մեզանից, հաճախ՝ առանց զգուշացնելու, բայց մենք այդպես էլ հարց չենք տալիս մեզ՝ ինչո՞ւ. Հերմինե Ավագյան

Ես երկար սպասեցի
խաղաղությանը,
որովհետև նա խոստացել էր,
որ կգա,
ինչ էլ լինի՝ կգա․․․
Ես լաց չեղա սպասումից,
բայց սիրահարի պես նամակներ գրեցի նրան՝
մտածելով, որ նա կարդում է,
ուր էլ լինի՝ կարդում է․․․
Ես խաղաղությանը չպատմեցի
անքուն գիշերներիս մասին,
որովհետև հավատում էի,
որ միասին դեռ լավ օրեր ենք ապրելու․․․
Խաղաղությունը հեռացավ անձայն,
մի գիշերվա մեջ,
երբ ամենաշատն էի նրան սպասում,
երբ վերջին նամակիս հասցեն գրել էի՝
ՇՈՒՇԻ․․․
Հիմա ես ամեն օր
վազում եմ աղմկոտ փողոցով
ու ինձ հետ վազում են
երազանքներս,
մանկությունս,
քաղաքներս,
աղոթքներս,
այն հայացքները,
որ էլ չեմ տեսնի․․․
Ամեն ինչ վազում է
դեպի խաղաղությունը,
որի հասցեն Աստված էլ է կորցրել,
որովհետև այն գողացել են
անաստվածները․․․

Նոյեմբերի 11
2020

Այս տողերը պատկանում են երիտասարդ արձակագիր Հերմինե Ավագյանի գրչին, ով վերջերս ընթերցողի դատին հանձնեց «Վազում եմ, սպասի՜ր․․․» պատմվածքների ժողովածուն:

Հեղինակի խոսքով՝ գիրքը ճամփորդություն է ժամանակի և տարածության մեջ․ ժամանակն իր ապրած կյանքն է՝ մանկությունից մինչև հասունություն:

Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների, թողած հետքի, արթնանալու և առաջ քայլելու մասին զրուցել ենք Հերմինե Ավագյանի հետ։

– Հերմինե, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գրքի հիմքում պատերազմն է: Տագնապներն ու խոհերն ո՞ւր են տանում Ձեզ:

– «Վազում եմ, սպասի՜ր…»-ը պատմվածքներիս երկրորդ գիրքն է, որը լույս տեսավ պատերազմից մի քանի օր առաջ, և իմ ու նրա «ծանոթությունը» կայացավ պատերազմից հետո միայն։ Գիրքը կարոտի, սիրո, մորմոքի ճանապարհ է, որով քայլելիս հանդիպում ենք ապրելու տենչով լցված, կյանքին սիրահարված, ճակատագրի դեմ կռիվ տվող ու երկնքի պես զուլալ մարդկանց։ Այդ մարդիկ շատ նման են մեզ, նրանք մեզանից մեկն են, մենք նրանց հաճախ չենք նկատում, որովհետև միշտ զբաղված ենք ուրիշ գործերով, նրանք շատ բան ունեն պատմելու, և երբ սկսում են պատմել՝ նոր ես հասկանում, որ դու նրանցից մեկն ես։ Եթե ընթերցողն իրեն գտնի գրքիս մեջ, ուրեմն իզուր չեմ ընտրել այս ճանապարհը, որով քայլում եմ․․․:

Առաջին գրքիս ծնունդից երկու տարի անց ծնվեց «Վազում եմ, սպասի՜ր»-ը։ Առաջին գիրքս Արցախյան առաջին պատերազմի մասին էր՝ իրական պատումներ իրական մարդկանց մասին, որոնց միջոցով երևան է գալիս պատերազմի կերպարը։ Ես հավատում էի, որ երկրորդ գիրքս պետք է խաղաղ երկնքի տակ լույս աշխարհ գա, բայց, ցավոք, պատմությունը կրկնվեց, և պատերազմը շարունակեց ապրել մեզ հետ կողք կողքի։ Ես չեմ կարող չգրել պատերազմի մասին, որովհետև շատ բան ունեմ նրա մասին պատմելու: Իմ պատմվածքների հերոսներն ինձ շատ բան են սովորեցրել, ես գրում եմ նրանց մասին ու ամեն օր նրանցից մի նոր բան եմ սովորում․ նրանց միջոցով ես ամեն օր գնում եմ լույսի ու հավատի հետևից:

– Պատմվածքների հիմքում կյանքում իմաստ, լույս գտնելն է։ Դուք փոքր հասակում եք կորցրել Ձեր հայրիկին։ Ինչպե՞ս, ո՞ւմ շնորհիվ կամ միջոցով կարողացաք ուժ հավաքել, առաջ նայել։

– Մեր կորուստները մեզ շատ բան են սովորեցնում․ դրանք կարող են մեզ սովորեցնել գնահատել ունեցածը, գնալ լավի ու գեղեցիկի ճանապարհով, և ընդհակառակը՝ կորուստներից մենք հաճախ չարանում ենք, լցվում կյանքի ու գեղեցիկի հանդեպ բացասական էներգիայով, մեկուսանում ու ատում ամեն բան։ Գուցե ես էլ կչարանայի շատ բաների հանդեպ, եթե մորս իմաստնությունն ու օրինակելի կերպարը չլիներ։ Ես փոքր էի, բայց զգում էի, որ կյանքը շատ բաներից է մեզ զրկել, ես բակ չէի իջնում, որ չլսեմ, թե ինչպես են իմ ընկերները «հայրիկ» կանչում, ինչպես են խաղում իրենց քույրերի ու եղբայրների հետ, ես իմ մենությունից անընդհատ փախչում էի, ես զգում էի, որ ես ու մայրս մենակ ենք, և դա կկոտրեր ինձ, եթե մայրս չսովորեցներ սիրել ու ապրել սիրելով։ Ես տեսա մարդկանց չարությունն ու նախանձը և միաժամանակ տեսա նաև մորս աչքերի բարությունը, հասկացա, որ ես վերջինից եմ ուզում:

44-օրյա պատերազմը խլեց երիտասարդ կյանքերմեկ տարին շուտով կլրանա, սակայն հայ ժողովուրդը դեռ ուշքի չի գալիս այս արհավիրքից, իսկ վիրավոր Արցախն օգնության կարիք ունի։ Ի՞նչ անել:

– Շատերը կարծում են՝ պատերազմն ավարտվել է, բայց մի բուռ դարձած Արցախում ապրողի համար այն չի ավարտվել։ Ամենօրյա անորոշությունը, հաճախակի լսվող կրակոցների ձայները, վաղվա նկատմամբ երկյուղն ու կասկածը չեն թողնում, որ մարդը լիարժեք ապրի, երազանքներ ունենա, երազանքներ կառուցի։ Արցախը և ամբողջ Հայաստանը դժվարին օրեր են ապրում, Արցախյան վերջին պատերազմը նորից ու նորից եկավ հավաստելու այն ճշմարտությունը, որ Արցախը մեր հայրենիքի դարպասն է, ու այդ դարպասը թշնամու առաջ բացելը կնշանակի բացել արհավիրքի ճանապարհը։ Այն, ինչ եղավ, արհավիրք էր, բայց ես նոր արհավիրքներից եմ վախենում, որովհետև այսքանից հետո մենք խելքի չենք գալիս։ Արցախյան հայտնի խոսք կա, որ ասում է՝ «Խըլքըդ կլօխդ հըվաքե», այսինքն՝ խելքդ գլուխդ հավաքիր։ Հիմա հենց այդ ժամանակն է:

Ես աշխատում եմ որպես Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն և հաճախ եմ այցելում Արցախի տարբեր գյուղեր․ մեր գրասենյակն այնտեղ տարբեր մշակութային ծրագրեր է իրականացնում, գլխավորապես՝ դպրոցականների ու երիտասարդների հետ։ Երբ մեզ ասում են՝ դուք կարևոր գործ եք անում, ես սրտնեղում եմ, որովհետև կարևոր գործը անում են նրանք, ովքեր շարունակում են թշնամու ամենօրյա սպառնալիքների տակ ապրել, դպրոց գնալ, ուսուցանել, սերունդ դաստիարակել։ Ես նկատում եմ, որ անկախ ցավից ու վշտից, մարդիկ ուզում են ապրել, կառչել հողին, արարել, բայց երբ նայում են իրենց երեխաների աչքերին, հարց են տալիս՝ ո՞րն է նրանց ապագան: Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, բայց գիտեմ, որ արցախցին կոտրվող տեսակ չէ, ուղղակի նրա գլխին միշտ խաղեր են խաղացել: Ես Արցախի հերոս Աշոտ Բեկորի խոսքերը կհիշեցնեմ․ «Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի լեգենդար հերոսը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»։ Մեզ այս գիտակցումն էր պետք ու պետք է․․․

– «Ես երկար սպասեցի խաղաղությանը, որովհետև նա խոստացել էր, որ կգա, ինչ էլ լինի՝ կգա․․․»սրանք Ձեր բանաստեղծության տողերն են: Ցավոք, հայը միշտ փորձում է հասնել խաղաղության, սակայն ամեն անգամ այն կիսատ է մնում։ Քանի որ աշխարհն այս անգամ էլ անտարբեր մնաց մեր ցավին, գուցե մոտեցումնե՞րը փոխենք, ընկալումները։ Գուցե մե՞նք էլ բոլորի հետ սկսենք խոսել «իրենց լեզվով»։

– Մենք միշտ ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը միշտ հեռանում է մեզանից, հաճախ՝ առանց զգուշացնելու։ Բայց մենք այդպես էլ հարց չենք տալիս մեզ՝ ինչո՞ւ, գուցե մենք պինդ չպահեցի՞նք նրան, գուցե մենք արժանի չեղա՞նք նրան: Ես հավատում եմ, որ խաղաղությունը մի օր հետ է գալու, եթե մենք սովորենք դասեր քաղել մեր սխալներից:

Տեսանյութեր

Լրահոս