Հրաշքի սպասելիս

Անցած տարվա շռնդալից անկումից հետո, այս տարի Հայաստանում զբոսաշրջային հոսքերի որոշակի շարժ կա։ Բայց այն շատ հեռու է խոստացված 319 տոկոս աճին նույնիսկ մոտենալուց։ Առաջին կիսամյակի արդյունքներով, չենք հասել անգամ անցած տարվա առաջին եռամսյակի մակարդակին։

Անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստան էր այցելել 307.000 զբոսաշրջիկ։ Եվս 4 հազարը եկել էր երկրորդ եռամսյակում։ Կիսամյակի արդյունքը 311.000 էր։ Երկրորդ եռամսյակից սկսած զբոսաշրջային հոսքերը գրեթե կանգ առան։

Այս տարի պատկերն այլ է. առաջին եռամսյակում Հայաստան եկավ՝ 86.000, երկրորդում՝ 153.000 զբոսաշրջիկ։ Ընդհանուրը՝ 239.000 է։

Չնայած կառավարության առանձին պաշտոնյաների հայտարարություններին, առաջին կիսամյակի արդյունքները բացասական են։ Այս տարվա առաջին կեսին Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել, քան եկել էր անցած տարի։ Անցած տարվա ցուցանիշը 311.000 է, այս տարվանը՝ 239.000։

Տարբերությունը բավական մեծ է. այս տարվա առաջին կեսին շուրջ 72.000-ով քիչ մարդ է եկել Հայաստան, քան եկել էր անցած տարի։ Զբոսաշրջիկների քանակը տարեսկզբի 6 ամիսներին կրճատվել է ավելի քան 22 տոկոսով։

Թեև այս տարվա երկրորդ եռամսյակում հոսքերի որոշակի ակտիվություն կա, այն շատ հեռու է ցանկալի մակարդակին, առավել ևս՝ էկոնոմիկայի նախարարի նախանշած ցուցանիշին հասնելուց։

Առաջին եռամսյակում Հայաստան է եկել 86.000 զբոսաշրջիկ։ Ապրիլին նրանց թիվը կազմել է շուրջ 42.000։ Մայիսին եկել է 53 հազար, հունիսին՝ 58.000։ Երկրորդ եռամսյակում չնայած ամսեամիս որոշակի աճ գրանցվել է, այնուհանդերձ ակտիվությունը բարձր չէ։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, զբոսաշրջային հոսքերն ավելացել են 11.000-ով, հունիսին՝ մայիսի համեմատ, 5000-ով։

Հուլիս-օգոստոսի տվյալները դեռևս հայտնի չեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջային հոսքերի վերաբերյալ տեղեկատվությունը վիճակագրական կոմիտեն հրապարակում է եռամսյակային կտրվածքով, դրանք պարզ կլինեն հավանաբար հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։

Ամեն դեպքում, ենթադրվում է, որ հուլիսին ակտիվության որոշակի մակարդակ կարձանագրվի՝ կապված Իրանից մուտքերի ավելացման հետ։

Ինչպես հայտնի է, պատվաստումների նպատակով մի պահ այդ երկրից բավական մեծ քանակությամբ քաղաքացիների հոսք կար Հայաստան։ Բայց այն բանից հետո, երբ պատվաստումների համար սահմանված պայմանները վերանայվեցին ու խստացվեցին՝ ակտիվությունը կանգ առավ։

Հիշեցնենք, որ այդ փոփոխությունից հետո, պատվաստումների նպատակով Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկները ստիպված պիտի լինեին ավելի երկար ժամանակով մնալ մեր երկրում։ Պատվաստումները զբոսաշրջության հետ կապելու փորձերից հետո՝ հոսքերն Իրանից կտրուկ կրճատվեցին։ Էկոնոմիկայի նախարարի ասած բժշկական զբոսաշրջությունը ևս ձախողվեց։

Այլ երկրներից զբոսաշրջային հոսքերի վրա աստիճանաբար սկսեց ազդել նաև համավարակի ակտիվացումը, որը նկատվեց՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։ Իհարկե, Հայաստանում իրավիճակը դեռ համեմատաբար բարվոք է, բայց վարակակիրների քանակը գնալով ավելանում է։

Վերջին շրջանում միջին օրական թվերը տատանվում են 600-700-ի սահմաններում։ Բոլոր գնահատումներով, միտումը գնում է խորացման ուղղությամբ։

Սա ևս մեկ պատճառ է ենթադրելու, որ զբոսաշրջության ոլորտում ակնկալվող ակտիվությունը չի կայանա։ Դա արդեն նկատվում է նաև առանց վիճակագրության։

Զբոսաշրջության ակտիվ շրջանը՝ սեզոնայնությամբ պայմանավորված, աստիճանաբար մոտենում է ավարտին, ու դա հիմք է տալիս ասելու, որ այս տարի ևս այս հատվածի հետ կապված սպասելիքները չեն արդարանա։ Տարվա առաջին կեսին եկել է ընդամենը 239.000 զբոսաշրջիկ։ Մինչդեռ կանխատեսումը, որը տարվա սկզբին, չգիտես ինչ հիմքով հայտարարել էր էկոնոմիկայի նախարարը, 1,2 միլիոնն էր։ Որպեսզի այն իրականանա, երկրորդ կիսամյակում պետք է Հայաստան այցելի շուրջ 1 մլն մարդ։ Միջին ամսական 160-170 հազար զբոսաշրջիկ։

Այնինչ՝ նույնիսկ լավագույն տարիներին մենք նման ցուցանիշներ չենք ունեցել։ Ուր մնաց, թե հիմա ունենք։ Հատկապես որ, զբոսաշրջությանը խոչընդոտող նախկին գործոններին այս տարի ավելացել է ևս մեկը, ինչը գուցե և շատ ավելի կարևոր է, քան մնացած բոլորը։

Խոսքն այն անվտանգային միջավայրի մասին է, որը ստեղծվել է Հայաստանում հետպատերազմյան շրջանում։ Օր ու մեջ սահմանային միջադեպեր են գրանցվում։

Դրանք քիչ են, հասել ենք այնտեղ, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ներսում ճանապարհներ են արգելափակում, դադարեցնում երթևեկությունը, ինչի հետևանքով մարդիկ, այդ թվում՝ գուցե և զբոսաշրջիկները, զրկվում են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։

Երկրի անվտանգությունը զբոսաշրջության համար առանցքային կարևորություն ունի։ Ու երբ այն չկա, քչերը կարող են իրենց թույլ տալ հանգստի նպատակով այդպիսի երկիր այցելել։ Ոչ մի նշանակություն չունի, թե մյուս բոլոր պայմաններն ինչպիսին են դրա համար։ Եթե ապահովված չէ մարդկանց ազատ տեղաշարժը և անվտանգությունը, մյուս բոլոր պայմանները երկրորդական են։ Նրանք, ովքեր ուղղակիորեն կապված չեն Հայաստանի հետ, չեն գալիս մեր երկիր միայն Երևանում շրջելու համար։ Գալիս են նաև այլ վայրեր այցելելու համար։ Հայաստանը փոքր երկիր է, ու երբ շատ հաճախ է խոսվում սահմանային լարվածության մասին, մարդիկ սկսում են զգուշանալ ու հետևություններ անել։

Զարմանալի չէ, որ այս փուլում գալիս են հիմնականում հայերը, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն, ապրում են այլ երկրներում և ժամանակ առ ժամանակ այցելում են իրենց հարազատներին։ Այս տարվա առաջին կեսին արձանագրված 239.000 զբոսաշրջիկներից գրեթե 60.000-ը եղել են հենց նրանք։

Աշխարհագրության առումով ամենամեծ մուտքն արձանագրվել է Ռուսաստանից՝ շուրջ 93-94.000։ Նրանց մեծ մասը ևս մեր հայրենակիցներն են, որոնք ունեն այլ երկրի, մասնավորապես՝ ՌԴ քաղաքացիություն։

Հայաստանին զբոսաշրջիկներ մատակարարած մյուս ամենաակտիվ երկիրը եղել է Իրանը։ Տարվա առաջին կեսին այդ երկրից եկել է 26.000 զբոսաշրջիկ։ Նրանց մի մասը, ինչպես նշեցինք, եկել է ոչ այնքան զբոսաշրջության, որքան պատվաստման նպատակով։

Մյուս երկրներից հոսքերը մեծ չեն։

Ահա այսպիսին է Հայաստանի զբոսաշրջության պատկերը։ Վերջին իրադարձություններից հետո այն կորցրել է իր գրավչությունը՝ թեև այնպես չէ, որ նախկինում շատ գրավիչ էր։ Ամեն դեպքում կար մի պահ, երբ զբոսաշրջային հոսքերը մեր երկիր սկսել էին մոտենալ 1,5-2 միլիոնի։ Հիմա դա արդեն անցյալում է։ Նման ցուցանիշի հասնելու համար հավանաբար դեռ երկար պիտի սպասենք։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս