Չենք կարող գտնել մի բան, որը չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած նահատակների հիշատակին»: Երեք անգամ կարդացել եմ այս նախադասությունը, հետո լսել կառավարության նիստի այդ մեկ հատվածը, վերջում էլ ինքս ինձ կսմթել՝ համոզվելու համար, որ տեսողությունս ու լսողությունս ինձ չեն դավաճանում: Բայց արդյո՞ք պետք էր զարմանալ, չէ՞ որ մենք այդ հատկությունը վաղուց կորցրել ենք: Իսկ զայրանա՞լ: Ասենք թե զայրացանք, հետո ի՞նչ ենք անելու. ոչինչ:

Սա մի մեծ՝ ազգակործան շղթայի հերթական օղակն է: Չնայած էլ ինչը կործանես, էլ կործանելու բան է մնացե՞լ: Այսինքն, երևի մնացել է: Իշխանությունը 44–օրյա պատերազմի տարելիցից վեց օր առաջ կազմակերպում է գունագեղ տոնակատարություն: Ինչ խոսք, սրա համար բացառիկ «տաղանդ» է պետք ունենալ, աննախադեպ, այդ բառի ամենավատ իմաստով հատկություններ, որոնք որևէ ադեկվատ մարդու բնորոշ չեն: Բայց զարմանալ այլևս պետք չէ: Զարմանալով նրա կայացրած որոշումների, արտահայտած մտքերի վրա՝ փորձում ենք սրտացավության, կարեկցանքի նշույլ գտնել, բայց իրականում չենք կարող գտնել մի բան, որը չկա: Ցավալի է գիտակցել, որ «սիրո ու համերաշխության հեղափոխություն», իսկ իրականում ընդամենն իշխանափոխության ծրագիր իրականացրածը տոնակատարություն է կազմակերպում ու այն նվիրում է…

Արցախի համար կյանքը զոհած նահատակների հիշատակին, այն Արցախի, որտեղ ինքը ոտք չի դրել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո, որի անկախության օրն արձակուրդում անցկացրեց, որի տարածքի 75 տոկոսը սկուտեղի վրա մատուցեց թշնամուն, և… որից, որպես երկրի ղեկավար, «ձեռքերը լվացել է»: Իմ զայրույթի օբյեկտն այլևս այն մեկ մարդը չէ, քանի որ նրա կայացրած որոշումները չեն տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, չեն ենթարկվում որևէ կանոնի: Ինձ հունից հանում է այն, որ այս որոշումը կյանքի կոչողներ կլինեն, նրանք, ովքեր կառավարության նիստի ժամանակ լուռ ու մունջ լսում էին իրենց «շեֆին» ու իրենց լռությամբ համաձայնում նրա արտահայտած մտքերի հետ:

Ոչ ոք գոնե չասաց՝ համաճարակային վիճակը երկրում անհանգստացնող է. գուցե դա բերվեր որպես պատճառաբանություն այս համազգային խայտառակությունը կանխելու համար: Ոչ ոք չասաց՝ իսկ գուցե այդ միջոցառման համար ծախսվող գումարներն ուղղենք զինծառայողների կամ էլ տեղահանվածների կարիքների մի չնչին մասի բավարարմանը: Ի վերջո, ոչ ոք չասաց՝ բա մեր պատիվն ու արժանապատվությո՞ւնը, մեզ պատիվ չի բերում նման միջոցառման անցկացումը, երբ դիահերձարաններում չճանաչված մարմիններ ունենք, անհետ կորածների որոնումները շարունակվում են, գերիներ ունենք: Հիշո՞ւմ եք՝ ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցը:

Այդ զեկույցի յուրաքանչյուր լուսանկար ու ապացույց ամեն օր պետք է տեսնեք երազներում, հատկապես նա, ով ասաց, թե «մեր գերիները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար»: Հիշո՞ւմ եք աղջկան, որ հայրենի դպրոցը թշնամուն «հանձնելիս» գրություն թողեց պատին՝ «Անիծվեք դուք, թուրք շներ ու հայ դավաճաններ»…Ի՞նչ է, աթոռն ու պաշտոնն ավելի կարևոր դարձան, քան արժանապատվությո՞ւնը, ինչո՞ւ բողոքի ձայն չբարձրացրեցիք, ինչո՞ւ ուղղակի չհեռացաք նիստերի դահլիճից: Իսկ դրա համար դուք հարգանքի կարժանանայիք: Թումանյանի ասած՝ «ներսից ենք փչացած», ու մեզ, երևի թե, փրկություն չկա։ Այս ամենում մեծագույն ողբերգությունն այլ տեղ է թաքնված:

Այդ օրը հավանաբար Հանրապետության հրապարակում մի բեմահարթակ կտեղադրվի, որտեղ անկախության 30-ամյակի կապակցությամբ պաթոսով լի ճառեր կընթերցվեն, գուցե պողպատե մուրճն էլ թափահարվի: Այդ հարթակում կկանգնեն պաշտոնյաներ, որոնք փաստորեն համաձայն են նմանատիպ միջոցառման անցկացման հետ: Եվ այնտեղ՝ տոնակատարության կիզակետում կլինեն «հպարտ» քաղաքացիները, հնարավոր է՝ մեծաթիվ: Կլինի գուցե նաև տաշի-տուշի: Ի՞նչ է, այսքան շո՞ւտ մոռացանք նրանց, ովքեր կյանք տվեցին հանուն մեր կյանքի:

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես՝ հրեն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»,-ասում էր Մաթևոսյանը: Ճիշտ էր ասում: Իսկ մենք… մենք հիշողություն ունե՞նք, արժանապատվություն ունե՞նք: Տղերքն էին ափսոս…»։

Տեսանյութեր

Լրահոս