«Ամբողջ համատեքստը վերլուծելով` պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական երազանքները սին են և չունեն ապագա». փորձագետ
Սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին, տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը, բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսելուն, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտությանը։
«Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը, և մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»,- նշել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Թուրքիայից եկող հայտարարություններում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։
«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասել է նա։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը մեկնաբանելով այս հայտարարությունները՝ նշեց, որ Թուրքիայի հետ կապված հայտարարությունները հիշեցնում են Ցյուրիխյան արձանագրությունները, երբ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Իրանի, այնուհետև՝ Վրաստանի նախագահների հետ ու սկսեց հստակ գործողություններ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, որն ունեցավ բոլորին հայտնի ավարտ. թուրքական կողմը նախաձեռնեց արձանագրությունների տապալումը, այն խորհրդարանը չվավերացրեց և Հայաստանի առջև որոշակի պայմաններ դրեց։
«Առաջին նախապայմանը վերաբերում էր Արցախի հակամարտությանը, երկրորդը՝ անցյալի ցավերից ազատվելու պահանջն էր, այսինքն՝ Հայոց ցեղասպանությունից հրաժարում։ Հայկական գերբում կան այն ատրիբուտները, որոնք իրենց մեջ պահանջատիրություն են ներառում՝ Մասիս սար, թուր, որն ավելի շատ ուղղված է Թուրքիային, այն մեր ազգային ողնաշարի կարևոր հատվածն է։ Հետևաբար՝ Թուրքիան կարող է պահանջ դնել, որպեսզի իր քաղաքական վեկտորը Հայաստանում ինչ-որ չափով պտտվի դեպի Թուրքիա։ Այսինքն՝ եթե Հայաստանը Թուրքիայի հետ ունենում է տնտեսական կապ, ինչ-որ չափով ունենում է նաև թուրքական ազդեցություն մեր երկրում։
Հիշեցնեմ, որ Թուրքիայի նախագահն ասել է, որ սովետական իշխանությունն իրենց պատմական հողն Ադրբեջանից պոկել և միացրել է Հայաստանին։ Նման հայտարարություն անող երկրի ղեկավարը չի կարող կառուցողական լինել։ Վստահ եմ, որ բանակցությունները, որը Նիկոլ Փաշինյանը ջատագովում է և Հայաստանի կողմից պրագմատիկ ջանքեր է կիրառում, որ այդ հարաբերությունները կարգավորվեն, ուղղակի դիլետանտ քաղաքականության հետևանք են»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Ըստ նրա՝ դիտարկելով տարածաշրջանային գործընթացները և այդ համատեքստում Հայաստանում շրջանառվող՝ ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունները, մի քանի հարցեր են առաջ գալիս։ Օրինակ, երկրի ղեկավարն ինչպե՞ս կբացատրի Սյունիքի մարզում թշնամու կողմից օկուպացրած Սև լիճը և նրա հարակից տարածքները, Երասխում ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցները, որի հետևանքով հայկական կողմն ունենում է զոհեր, Վերին Շորժայում օկուպացրած տարածքները, որտեղ նույնպես լինում են զոհեր, Քարվաճառում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որն ուղիղ հարվածի տակ է դնում՝ ինչպես Արցախի ապագան, այնպես էլ՝ Հայաստանի անվտանգությունը։
«Նաև պետք է հաշվի առնենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանում բացարձակ չի պակասել այն հայատյացության բարձր ֆոնը, որը կար նախքան պատերազմը և պատերազմի ընթացքում։ Այն կրկնապատկվել է՝ ինչպես պետական հեռուստաընկերություններում, այնպես էլ՝ սոցցանցերում։ Հետևաբար՝ երբ այս ամբողջ համատեքստը վերլուծում ենք, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական երազանքները սին են և չունեն ապագա, որովհետև հաշվի առնելով այն դառը փորձը, որն ունեցանք Ցյուրիխում, կարող եմ պնդել՝ երբ սկսեն բանակցությունները Թուրքիայի հետ, նրանք դնելու են հստակ պահանջ, որ Հայոց ցեղասպանությունից պետք է հրաժարվեն, գուցե ձևակերպումներ լինեն՝ անցյալի ցավերը և այլն, և Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը մանիպուլյացնելով՝ կփորձի դրա տակ այլ բան ներկայացնել հասարակությանը։ Այնուհետև՝ Թուրքիան կարող է հստակ պայման դնել, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։ Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանը չունի այն դիվանագիտական ուժեղ ներուժը, հատկապես այժմ, որով կարողանա հասնել ցանկալի արդյունքի։ Այսինքն՝ ես չեմ տեսնում, որ այս կառավարությունն ունակ է թուրքերի հետ ի շահ Հայաստանի բանակցել»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, այդ ազդակները կգնահատեն և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։
Այդ հայտարարարությանն արձագանքել էր Էրդողանը՝ նշելով. «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»։