Բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանը շարունակում է պնդել, որ իր հանդեպ «շինծու» քրեական գործ է հարուցված
Նախկին հրապարակումներում անդրադարձել էինք Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի ներգրավմամբ քրեական գործին, որի շրջանակներում նրա նկատմամբ «շորթման» մեղադրանք է առաջադրվել, իր պնդմամբ, իր վաղեմի ընկերոջ բողոքի հիման վրա:
Քանի որ դատավարական գործընթացի ընթացքում բազմիցս անդրադարձել ենք այս գործին, կապ հաստատեցինք Վահրամ Հակոբյանի հետ` պարզելու համար՝ արդյո՞ք կա որևէ որոշում սույն գործի շրջանակներում:
Հարցին՝ արդյո՞ք այդ գործի շուրջ հարաբերական անդորրն ինչ-որ բան կարող է նշանակել, նա պատասխանեց. «Ի՞նչ անդորրի մասին եք դուք խոսում: Ոչ մի անդորր էլ չկա․․. Չնայած նրան, որ ես Հայաստանում չեմ, աչալուրջ հետևում եմ այդ գործի ընթացքին: Իմ փաստաբանն ակտիվ մասնակցում է դատավարական գործընթացին: Կամ ի՞նչ շորթում, ինչի՞ մասին եք դուք խոսում: Դա դեռ ապացուցել է պետք: Ոչ մի շորթում էլ չի եղել, ավելի՝ այն գաղտնալսումը, որն իբր թե Ազգային անվտանգության տեղադրած հատուկ սարքերով Վաղինակ Ղազարյանն ինձ ձայնալսել է, ինչի հիման վրա էլ կառուցվել է այս քրեական գործը, իմ համոզմամբ՝ անօրինական ճանապարհով ձեռք բերված ձայնագրություն է. այդ ձայնագրությունը հեղինակավոր ընկերության ներկայացուցչի օգնությամբ մասնավոր վերլուծության է ենթարկվել, և ինձ հավաստիացրել են, որ դա հատուկ սարքի ձայնագրություն չէ, այլ հեռախոսով արված պարզագույն ձայնագրություն է, որն Արտաշատի ԱԱԾ-ն, ակնհայտորեն մեղադրողի անձնական կապերի շնորհիվ, դրել է բողոքի հիմքում և ընթացք տվել:
Ես այժմ փաստում եմ, այդպես էլ գրեք, որ նույնիսկ ՀՀ Սահմանադրությամբ է արգելվում հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը: Ես պնդում եմ, որ ինձ ձայնագրել է անհատ` իմ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտմամբ, և այնուհետև այդ` ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությունն օգտագործվել է՝ իբր թե հատուկ միջոցների կիրառմամբ ձայնագրություն:
Չնայած, որ անօրինական են ձայնագրել, այն, ինչ սպասելիքներ ունեին այդ ձայնագրությունից, որպես քրեական գործի հիմք, այդտեղ էլ չկա: Իմ փաստաբանը դիմել է այդ ձայնագրությունը փորձաքննության հանձնելու համար, ուստի ես մեծ հետաքրքրությամբ սպասում եմ՝ տեսնելու, թե ինչքանով է արդար այս դատաիրավական համակարգը, թեպետ մինչ օրս նախաքննության մարմինների պահվածքից և այդ գործի` նման կերպ շինծու կառուցվածքից, որևէ արդարության նշույլ չեմ տեսել: Հուսով եմ, գոնե դատարանն օբյեկտիվ կգտնվի. հուսով եմ, բայց ձեռքերս ծալած չեմ նստելու»:
Ըստ որոշ տեղեկությունների, քանի որ Վահրամ Հակոբյանը նախկինում աշխատել է Գագիկ Ծառուկյանի մոտ, վերջինիս հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել պարոն Ծառուկյանի և նրա թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի հետ, ավելին՝ հարաբերությունները շատ սրված են եղել Էդուարդ Բաբայանի հետ: Խնդրեցինք սույնի վերաբերյալ էլ մեկնաբանություն տալ, ինչին ի պատասխան՝ Վահրամ Հակոբյանն ասաց.
«Ես զերծ կմնամ որևէ մեկնաբանություն տալ, և միայն մի բան կասեմ, որից հետո եզրակացություններն ինքներդ արեք: Վերջերս ես հիշեցի մի հրապարակման մասին, որն «Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակվել էր իմ հանդեպ սկսված գործընթացից մեկ ամիս առաջ: Տեղադրեք այդ նյութը: Այդ նյութում պատկերված բոլոր անձինք հիմա գտնվում են դատական պրոցեսների մեջ: Այդ ժամանակ ես մարզվում էի «Օլիմպավանում», և պատրաստվում էի աշխարհի մրցումներին: Այդ նկարում ես էլ եմ երևում: Ի՞նչ կապ ունեն իմ անձնական հարաբերություններն այս գործի հետ:
Հարց եմ տալիս. Ինչո՞ւ են այդքան հին, ժամկետանց նկար տեղադրել: Երբ ետ եմ նայում ժամանակացույցին, և, թե հետագայում ինչ գործընթացներ են տեղի ունեցել, ինձ համար ամեն ինչ իր տեղն է ընկնում: Այն ժամանակ չէի պատկերացնում, սակայն այժմ, որ ետ եմ նայում, հասկանում եմ, որ իմ հանդեպ գործը նույնպես ինչ-որ արշավի մի մաս է: Ես այստեղ ոչ մի արդարություն չեմ տեսնում: Այժմ սպասում եմ՝ տեսնեմ, թե այդ ձայնալսման փորձաքննության արդյունքների մասին դատարանն ի՞նչ կասի, և արդյո՞ք դա էլ ընդհանրապես կկոծկվի, ինչպես շատ բաներ նախաքննության ընթացքում, թե՞ գոնե դատարանում արդարության դրսևորումներ կլինեն»:
Մենք հետագայում նույնպես կանդրադառնանք այս գործի ընթացքին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով:
Պատրաստեց Կամո Մայիլյանը