Ֆեյսբուքի հետ համագործակցելուց առաջ գիտակցո՞ւմ էիք, որ ձեր գործունեության արդյունքում կարող են կայքերի ֆեյսբուքյան էջեր փակվել. Գեղամ Վարդանյանը չպատասխանեց հարցին
Ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ factcheck.ge համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբ՝ ապատեղեկատվության, բայց իրականում՝ ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», որի շրջանակներում էլ գործում է նշյալ media.am կայքը, մամուլի նկատմամբ դատավորի դեր է ստանձնել, այն էլ անչափ կասկածելի՝ լրագրողական հանրությանն անհայտ չափանիշերով ու սկզբունքներով։
Եվ չնայած այդ կազմակերպությունը ստեղծման օրվանից որդեգրել է մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրացմանը խթանելու, հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանն աջակցելու քաղաքականությունը, այսօր նրանց հիմնադրած լրատվական-վերլուծական media.am կայքէջը գործիք դարձրած՝ առանց պրոֆեսիոնալ փորձագետների հետ քննարկման, սուբյեկտիվ ընտրությամբ, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով՝ դրանց հետ կապված՝ միջնորդավորված տեղեկատվություն են փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակում է հայաստանյան բազմաթիվ կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում է գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը։
Վրացական factcheck.ge կայքէջի հետ համագործակցող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» և media.am կայքը Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրի և Ֆեյսբուքի պիտակներից խուսափելու մասին լրագրողական հանրությանը տեղեկացրել են ընդամենը հունիսի 7-ին (հենց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը)։ Նախաձեռնության հեղինակներն ընդամենն իրենց կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրել են հոդված, իսկ հունիսի 23-ին էլ հաղորդագրություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Media.am-ը սկսել է համատեղ աշխատանք IFCN կողմից 2020թ․ սեպտեմբերից հավատարմագրված Factcheck.ge կայքի հետ։ Փաստերի ստուգման թիմը՝ վրացի գործընկերների հետ միասին ստուգում է Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող այն տեղեկատվությունը, որը այս կամ այն կերպ վերաբերում է արտահերթ ընտրություններին և հետընտրական գործընթացներին»:
Եվ թեպետ, կայքի համագործակցությունը Ֆեյսբուքի հետ մինչև օգոստոս ամիսն էր, նրանց գործունեության արդյունքը շարունակում է վնասներ պատճառել պիտակավորված կայքերին:
Մասնավորապես, 168.am-ի ֆեյսբուքյան էջը շարունակում է անհասանելի մնալ ընթերցողների համար, չի երևում նրանց լրահոսում, կայքի ֆեյսբուքյան էջից հնարավոր չէ նյութն ուղիղ տարածել, իսկ այլ տարբերակների դեպքում նախ ընթերցողը զգուշացվում է, որ վտանգ կա, որ ինքը կեղծ տեղեկատվություն է տարածում, ու այդ մասին Ֆեյսբուքին տեղեկացրել է փաստեր ստուգող անկախ կազմակերպությունը:
Սրա արդյունքում կայքը կորցնում է իր ընթերցողներին, դիտումները, զրկված է գովազդ տեղադրելու հնարավորությունից և առհասարակ կանգնած է փակման վտանգի առջև:
Անգամ մեր ընթերցողներն են ահազանգում խնդրի մասին ու վարկածներ առաջ քաշում, որ կայքի դեմ կազմակերպված արշավ է ընթանում:
Այս խնդրի առջև 168.am-ը միայնակ չի կանգնած:
Hraparak.am, Politik.am, Armday.am, Irakanum.am, Blognews.am, Antifake.am, Lurer.com կայքերը նույնպես ունեն այս խնդիրը, և նրանց խմբագիրների մեծ մասը մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց մոտ նույնպես նույն վիճակն է. կայքերի ֆեյսբուքյան էջերը կամ առհասարակ հասանելիություն չունեն լրահոսում, կամ այն խիստ սահմանափակված է:
AntiFake.am-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սահմանափակումներն իբրև թե կիրառվել են ապատեղեկատվության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, բայց իրականում դա կամայական, ոչ պրոֆեսիոնալ ու տարբերակված գործողությունների հետևանք է, որի հետևում նկատում ենք իշխանությունների «ականջները», որոնք 2018 թվականին իշխանության գալուց ի վեր ջանք ու եռանդ չեն խնայում իշխանության ներկայացուցիչների մասին ճշմարտությունը ներկայացնող ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելու համար։ Այդ նպատակով գործի են դրվել տարբեր գործիքներ՝ մշակվել են տարատեսակ օրենքների նախագծեր, կազմակերպվել են քարոզչական արշավներ, ներկայացվել են դատական հայցեր, հարուցվել են քրեական գործեր, ինչին ԶԼՄ-ները կարողացել են արժանի պատասխաններ տալ։
«Մշտապես ձախողելու, բայց ԶԼՄ-ների գործունեությունը ամեն գնով սահմանափակելու իշխանության մոլուցքը այս անգամ դրսևորվել է այդ ամենն իրենց կամակատարների միջոցով իրականացնելով։ Այս անգամ, ցավոք, լրատվականները կիրառված սահմանափակումները շրջանցելու, բողոքարկելու կամ այլ ձևով պայքարելու գործուն մեխանիզմներ չունեն։
AntiFake.am-ը շարունակում է գործել բլոկադայի պայմաններում, բայց մեր ընթերցողին մեր աշխատանքը հասցնելու համար մի քանի անգամ ավել ջանքեր են անհրաժեշտ, ինչը ընդհանուր առմամբ խոչընդոտում է լրատվականի բնականոն գործունեությունը։
Թե որն է մեր գործունեության խոչընդոտները վերացնելու ճանապարհը, դժվար է ասել, քանի որ երկու ամսվա ընթացքում դիմել ենք իրավասու բոլոր կառույցներին՝ ԶԼՄ-ների շահերով հետաքրքրվող միջազգային կառույցներից՝ մինչև դեսպանատներ, Ֆեյսբուքի ղեկավարությունից՝ մինչև իբրև փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպություններ»,- ասաց Աստղիկ Մաթևոսյանը:
Նրա խոսքով՝ մամուլի ազատության ու ԶԼՄ-ների բնականոն գործունեության դեմ իրականացված վերը նշված քայլերին նշված կառույցների կողմից որևէ կերպ չարձագանքելը հիմնավորում է այն ենթադրությունը, որ AntiFake.am-ին և մյուս ԶԼՄ-ներին սահմանափակելու որոշումը քաղաքական է։
«Այս պահին մենք շարունակում ենք պայքարը հնարավոր բոլոր հարթակներում, այդ թվում՝ իրավական։ Թե ինչ հետևանք կունենա իրավական գործընթացը, ցույց կտա ժամանակը։ Արձանագրենք միայն, որ նշված սահմանափակումները թեև խիստ դժվարացնում են մեր գործունեությունը, բայց որևէ դեպքում չեն կարող ստիպել խմբագրությանը հրաժարվել այն սկզբունքներից, որոնք որդեգրել ենք գործունեության մեկնարկին։ AntiFake.am-ը շարունակում է ներկայացնել իշխանության ներկայացուցիչների ստերը, կեղծիքները, քարոզչական արշավներն ու «ֆեյքային» բանակները, և այս գործունեությունը շարունակվելու է միշտ՝ անկախ խոչընդոտների մասշտաբներից»,- ասաց Աստղիկ Մաթևոսյանը:
Hraparak.am կայքի խմբագիր Զառա Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրը գտնվում է արդեն իրավական հարթության մեջ, ու իրենք կփորձեն այն վիճարկել Քաղաքացիական դատարանում:
«Քանի որ «Հրապարակ» օրաթերթն ի սկզբանե չէր պատրաստվում մտնել այդ անհասկանալի կազմակերպության ազդեցության դաշտ, որոշեցինք դիմել դատարան՝ այդպիսով ներպետական միջոցներով փորձելով ազդել Media.am-ի և գեղամվարդանյանների ու այլոց վրա: Հիմա, իհարկե, սահմանափակումները դեռ պահպանվում են, և ոչ միայն մեզ մոտ»,- ասաց կայքի խմբագիրը:
Զառա Մարգարյանը նշեց՝ կախված Քաղաքացիական դատարանում կայացված վճռից, իրենք կորոշեն իրենց պայքարի ընթացքը:
«Ամեն դեպքում հուսով եմ, որ այս ուղղորդված ակցիան լրատվամիջոցների դեմ ավարտ կունենա, ու մենք կկարողանանք շարունակել մեր աշխատանքը»,- ասաց նա:
168.am-ը կապ հաստատեց նաև Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի հետ: Նրան նախ հարց ուղղեցինք՝ արդյո՞ք շարունակվում է իրենց ու Ֆեյսբուքի համագործակցությունը:
– Ծրագիրը որ անում էինք, Ֆեյսբուքի փաստերի ստուգման 3-րդ կողմի, նախատեսված էր հունիս և հուլիս ամիսներին: Այդ ծրագիրն ավարտվել է, և շարունակության մասին՝ այդ ֆորմատով թե այլ, պարզ կլինի սեպտեմբերին:
– Դուք ավարտել եք ձեր փաստերի ստուգումը, բայց մինչև հիմա մեր ֆեյսբուքյան էջն ըստ էության անհասանելի է մեր ընթերցողների համար, որովհետև երբ ցանկանում ես ինչ-որ բան ուղիղ կիսվել, հնարավոր չէ, ու բացի դրանից, նախ՝ ընթերցողը զգուշացվում է, որ կայքի լուրը, հնարավոր է, կեղծ տեղեկություն է պարունակում, ու այդ մասին Ֆեյսբուքին տեղեկացրել է փաստեր ստուգող անկախ կազմակերպություն: Ինչպե՞ս կարող է ցանկացած նյութի առնչությամբ նման զգուշացում լինել. էջն այս պահին կարմիր զգուշացումն ունի, ու այն ամեն պահի կարող է փակվել՝ իր 187 000-ից ավելի հետևորդներով:
– Ես հույս ունեմ, որ կարդացել եք Ֆեյսբուքի այդ ծրագրի մասին հնարավոր ամեն ինչ կամ այն, ինչ հասանելի է, կամ այն նյութերը, որ տարածել ենք այդ մասին, ինչ հղումներով տարածել ենք, կարդացել եք: Այո՞, թե՞ ոչ…
– Բնականաբար, այն, ինչը հասանելի է, կարդացել ենք:
– Նորից եկեք հիշենք՝ ինչի մասին ենք խոսում: Մենք խոսում ենք Ֆեյսբուք ցանցի ու նրա կանոնների մասին: Եվ Ֆեյսբուքի կողմից նկարագրված 3-րդ կողմի կանոններն ասում են, որ այդ ծրագրի հետևանքով կարող են լինել սահմանափակումներ: Եվ այստեղ խոսքն այն մասին է, որը Ֆեյսբուքը կիրառել է: Հիմա որ էջը թե քանի պիտակ է ստացել, ինչքան է այդ պիտակի ազդեցությունը, ավելի ամբողջական տեղեկատվություն է պետք ամեն մի հարցի համար, որ հասկանանք՝ ինչը, ով, երբ ու ինչպես:
Սովորաբար այն դեպքերում, երբ ֆեյսբուքյան էջը ստանում է պիտակ, և ընդհանրապես ոչ մի գործողություն չեն արել, չեն բողոքարկել, ուղղում չեն արել, փորձը ցույց է տալիս, որ պիտակի ազդեցությունը մոտավորապես մեկ ամիս հետո վերանում է, եթե խոսքը մեկ պիտակի մասին է:
Նաև փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ էջը ստանում է մի քանի պիտակ, այդ ազդեցությունները կարող են լինել ավելի երկար: Շատ կարևոր է, որ մենք խոսում ենք փորձի մասին, և որպես ծրագրի մաս կազմողներ՝ մեր գործիքակազմը կիրառում ենք, բայց այն, ինչ անում է Ֆեյսբուքը, իր գործն է, մենք չենք կարող Ֆեյսբուքի փոխարեն քոմենթ անել:
– Դուք որ համագործակցությունը սկսում էիք Ֆեյսբուքի հետ, տեղյա՞կ էիք, որ հնարավոր է, որ ձեր համագործակցության ավարտից ամիսներ անց կայքի ֆեյսբուքյան էջը սահմանափակ հասանելիություն ունենա կամ չունենա: Այլ կերպ ասած՝ դուք գիտակցո՞ւմ էիք ձեր արածի հետևանքները, թե ինչ կարող է լինել այդ կայքերի հետ:
– Դուք որ Ֆեյսբուքում էջ էիք բացում, գիտակցո՞ւմ էիք հետևանքները:
– Բնականաբար:
– Դե, նույն բանն էլ ես կարող եմ ասել: Երբ գործում ես Ֆեյսբուքի կանոններով, ամեն ինչ գիտակցում ես: Ինչպես ցանկացած պանրագործարան, որ կարող է էջ բացել Ֆեյսբուքում, այնպես էլ ցանկացած լրատվական: Դա միջավայր է, որ բոլորս ընտրում ենք աշխատելու համար: Մենք խոսում ենք Ֆեյսբուքի կանոններին այսպես թե այնպես համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին:
– Ոչ, մենք խոսքում ենք այն մասին, որ այդ համապատասխանության միջնորդավորումը դուք եք որոշել, բայց ես հիմա դրա մասին չեմ հարցնում, այլ այն մասին, թե երբ այս ծրագրի շրջանակներում համագործակցում էիք Ֆեյսբուքի հետ, գիտակցո՞ւմ էիք, որ ձեր գործունեության արդյունքում կարող են կայքերի՝ տասնամյակների ընթացքում ստեղծված էջեր փակվել: Այդ պատասխանատվությունը դուք գիտակցո՞ւմ էիք:
– Ես չեմ պատասխանի այդ հարցին: Դա պատասխանատվության հարց չէ: Նորից եմ հարցնում՝ դուք որ Ֆեյսբուքում էջ էիք բացում, գիտակցո՞ւմ էիք, որ կարող է համայնքի կանոնները խախտեք:
– Ես դա գիտակցում էի, սակայն դուք չեք պատասխանում իմ տված հարցին: Իմ էջը որ փակվի, բացի ինձնից, ոչ ոք չի տուժելու, ի տարբերություն ձեր գործունեության:
– Չեմ պատասխանում, որովհետև հարցի ձևակերպումը համարում եմ այնպիսին, որը շատ ընդհանուր է: Եթե կոնկրետ հարց տաք, ես կպատասխանեմ:
– Կոնկրետ եմ հարցնում: Խնդրում եմ պատասխանեք իմ կոնկրետ տված հարցին:
– Ուրեմն տեսեք: Այդ ծրագրի մասին ամբողջական ինֆորմացիան բաց դրված է, ձեր բոլոր հոդվածների տակ գրված են բացատրություններ, թե ինչ հոդված է սա, և բոլորի տակ գրված է, որ հոդվածի արդյունքում կարող են լինել սահմանափակումներ:Այդ ծրագիրն այդ սահմանափակումների մասին է: Այս ծրագիրը Ֆեյսբուքի օգտատերերին մանիպուլյացիաներից և ապատեղեկատվությունից պաշտպանելու համար է, և գործիքը, որով Ֆեյսբուքը պաշտպանում էիր օգտատերերին, հենց այդ սահմանափակումներն են:
– Այնուամենայնիվ, ես չստացա իմ հարցի պատասխանը:
– Ինձ «գիտակցել» բառը դուր չի գալիս: Ես չեմ հասկանում՝ «գիտակցել» ասելով՝ ինչ նկատի ունեք:
– Փոխեմ բառը: Տեղյակ եղե՞լ եք, որ ձեր գործունեության արդյունքում կարող են էջեր փակվել:
– Իսկ դուք տեղյակ եղե՞լ եք այդ ծրագրից:
– Հիմա ես եմ հարց տալիս, հարցազրույցը ես եմ անցկացնում:
– Նորից եմ ասում, ծրագիրը հասանելի է բոլորի համար, հույս ունեմ՝ կարդացել եք, և այնտեղ սահմանափակումների մասին գրված է, ու այն առանց դրանց չէր կարող լինել:
– Ես հիմա սահմանափակումների մասին չեմ խոսում, այլ դրանց աղետալի հետևանքների մասին ձեր գործունեության արդյունքում:
– Խնդրում եմ այդ ձևակերպումը չօգտագործել:
– Չեմ կարող չօգտագործել, որովհետև մեր ֆեյսբուքյան էջը կարմիր նշանի տակ է, ու շատ հնարավոր է, որ այն փակվի, և կներեք, բայց դրա պատասխանատվությունը դուք եք կրում:
– Դուք խոսում եք Ֆեյսբուքի և ձեր հաղորդակցության մասին:
– Ֆեյսբուքի հետ մեր հաղորդակցությունը միջնորդավորված է ձեր կողմից տվյալ դեպքում: Մենք դրա մասին ենք խոսում:
Զրույցի շարունակությունը նույնի կրկնությունն էր, հետևաբար՝ իմաստը չենք տեսնում այն մինչև վերջ շարադրելու:
Գեղամ Վարդանյանը ասաց նաև, որ տեղյակ չէ՝ դեռ որքան անհասանելի կմնա 168.am-ի ֆեյսբուքյան էջը, քանի որ Ֆեյսբուքը սահմանափակում է կոնկրետ նյութերի համար, իսկ Ֆեյսբուքն ինքն է որոշում՝ ինչ անի ու երբ:
– Ես չգիտեմ մարդ, որը Ֆեյսբուքում չի աշխատում ու կկարողանա պատասխանել այդ հարցին,- ասաց Գեղամ Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ ֆեյսբուքյան մեր էջը հասանելի կլինի մեր ընթերցողների համար:
Հարցազրույցից քիչ անց Գեղամ Վարդանյանը մեզ տեղեկացրեց, որ մեր կայքն ունի 8 պիտակ:
Այսինքն՝ փաստեր ստուգող ինչ-որ կազմակերպություն Ֆեյսբուքին միջնորդել է, որ մեզ շնորհեն 8 պիտակ: 8 պիտակ, և տասնամյակների ընթացքում կատարածդ ծանր աշխատանքը կարող է ջուրն ընկնել:
Եվ ամենակարևորը, դրա հեղինակը մեր գործընկերներն են: