Իմ համոզմունքն է, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման օրակարգը. Փաշինյան
Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը. Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանում կայուն միջավայրի ձևավորման համար: Մենք Վրաստանի հետ 1997 թվականից դելիմիտացիայի գործընթաց ենք իրականացնում, և ես համոզված եմ՝ այդ գործընթացը փոխադարձ ըմբռնման ու համագործակցության մթնոլորտում կշարունակենք և ավարտին կհասցնենք»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սահմանային ճշգրտման օրակարգ կա նախկին Խորհրդային Միության մաս կազմող հարևանների հետ, որովհետև Իրանի և Թուրքիայի հետ մեր սահմանների հարցը ԽՍՀՄ տարիներին է լուծվել:
«Շատ ավելի բարդ է Ադրբեջանի պարագան, բայց ինչպես ապրիլ-մայիսին, այնպես էլ՝ հիմա համոզված եմ, որ Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում լրջագույն խոչընդոտ է այդ աշխատանքներն իրականացնելու համար, ապա վստահեցրեց,- Իմ համոզմունքն է, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման օրակարգը, և որքան էլ դժվար աշխատանք է դա, ՀՀ-ն պատրաստ է առաջ գնալ այդ օրակարգով:
Իհարկե, գործընթացի համար չափազանց կարևոր է կայունության պահպանումը հայ-ադրբեջանական սահմանային հատվածների ողջ երկայնքով: Նախկինում բազմիցս ասել եմ, որ կայունության պահպանման համար մի քանի տարբերակներ եմ տեսնում՝ օրինակ, ռուս սահմանապահների տեղակայում, հայ-ադրբեջանական սահմանային հատվածների երկայնքով, ՀԱՊԿ դիտորդական առաքելության գործուղում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիտորդության իրականացում»: