Կոռուպցիոն ռիսկ, հնարավոր հանցավոր համաձայնություն՝ պետբյուջեից 500.000-ական դրամ ստանալու դիմաց. Կառավարության հերթական վտանգավոր որոշումը

Օգոստոսի 12-ին Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգ. որով առաջարկվում է աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով և աշխատատեղի հարմարեցման ծախսերի փոխհատուցման միջոցով, պետական աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների հետ։

Աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն` աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100.000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500.000 դրամի չափով:

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ այս ծրագիրը շատ կարևոր է, շատ լավն է, և հույս ունեն, որ դրա կիրառությունից հետևություն կանեն, թե որքանով է այն նպաստելու աշխատաշուկայի աշխուժացմանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց՝ այնքան լավ ծրագիր է, որ պակասում է, թերևս, միայն լավ մարքետինգը։

168.amը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գործադիրի ընդունած նախագիծը կարող է աշխատաշուկայում աշխուժություն մտցնել ու արդյո՞ք առաջարկած կարգավորումներն այնքան լավն են, որ դրանց կիրառմանը պակասում է միայն մարքետինգը։

Հարցին ի պատասխան՝ Նաիրի Սարգսյանը նշեց՝ Կառավարության ընդունած նախագիծը խրախուսման տարր չի պարունակում և ունի այնքան ռիսկեր, որ խնդիրը միայն մարքետինգը չէ։

Ըստ Սարգսյանի՝ բարեխիղճ գործատուներն առանց որևէ փոխհատուցման, նախկին զինծառայողի մասնագիտական ունակությունների բավարար լինելու պարագայում, նշված անձին կընդունեն աշխատանքի, և որևէ մեկը չի հավակնի այդ փոխհատուցմանը, իսկ անբարեխիղճ գործատուները, հնարավոր է, գնան գործարքի, ընդունեն հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողին, այնուհետև չվարձատրեն, գրանցված աշխատավարձից եկամտային հարկի փոխհատուցումը կստանան պետական բյուջեից, այսինքն՝ վնասներ այդ մասով չեն կրի, իսկ միանվագ ստացած 500.000 դրամը կբաժանեն գործատուի և հաշմանդամի միջև։

«Ռիսկային է նաև Կառավարության որոշման այն դրույթը, թե միանվագ 500 000 դրամը ենթակա է պետական բյուջե վերադարձման, եթե հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ։ Շատ դեպքերում անբարեխիղճ գործատուները տարբեր մեթոդներով աշխատանքից ազատման դիմում են վերցնում աշխատակիցներից և աշխատանքային պայմանագիրը լուծում են աշխատողի նախաձեռնությամբ։ Այդ պարագայում խոսք լինել չի կարող միանվագ 500.000 դրամ գումարի վերադարձի մասին»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ ծրագիրը պարունակում է նաև կոռուպցիոն ռիսկեր, որովհետև չեն բացառվում հանցավոր համաձայնությունները Սոցիալական ծառայությունների աշխատակիցների և անբարեխիղճ գործատուների միջև։

«Ֆիկտիվ աշխատանքային պայմանագրերի կազմման և այդ գումարների՝ անբարեխիղճ գործատուների և պետական ծառայողների միջև բաշխման ռիսկ կա»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահը՝ շեշտելով, որ առանց այս ռիսկային և անարդյունավետ որոշման էլ Հարկային օրենսգրքում նախատեսված է խրախուսման մեխանիզմ հաշմանդամների աշխատավարձի 150 տոկոսի չափով, լրացուցիչ շահութահարկի ծախսերից նվազեցման արտոնություն։

«Այսինքն՝ 100.000 դրամ աշխատավարձի պարագայում 27.000 դրամ շահութահարկից նվազեցման հնարավորությունն արդեն կար։ Երևի տեղյակ չեն այս մեխանիզմից»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս