Ընդդիմությունը նաև փորձում է ցույց տալ իր ինտելեկտուալ առավելությունը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ. Քաղաքագետ
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը 168.am–ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի 8-րդ գումարման աշխատանքներին, քննարկումներին, բանավեճերին և նոր խորհրդարանից սպասումներին:
Ըստ քաղաքագետի՝ ԱԺ աշխատանքների լարված ընթացքը ենթադրելի էր, քանի որ խորհրդարանում կան ընդդիմադիր ուժեր, որոնք ի սկզբանե իրենց դիրքավորել են՝ որպես արմատական ընդդիմություն:
«Ոչ թե կոնստրուկտիվ, ոչ թե ըստ Սահմանադրության, դեպքերի բերումով, այլ արմատական ընդդիմություն, իսկ այդ կարգավիճակը ենթադրում է կոնկրետ վարքագիծ, կոնկրետ գործիքակազմ և այլն:
Կարծում եմ՝ այն մարտավարությունը, որ հիմա ընտրել է արմատական ընդդիմությունը, ինչ-որ տեղ փորձում է բավարարել նաև իր արմատական ընտրազանգվածի սպասումները, և ըստ այդմ՝ այս ընդդիմությունը խորհրդարան մտել է ոչ թե զուտ նրա համար, որպեսզի գործընկերային միջավայրում օրվա իշխանության հետ ձեռք ձեռքի բռնած ինչ-որ օրենքներ քննարկի, այլ փորձում է քաղաքական հարցեր լուծել, և մասնավորապես՝ ամեն ինչ անել, որպեսզի փաստացի օր առաջ ազատվի այս իշխանությունից:
Սա է եղել երկու ընդդիմադիր դաշինքների, որոնք իրենց խմբակցություններն են գործուղել խորհրդարան, քաղաքական մեսիջն ընտրությունների ժամանակ, կարծում եմ՝ նաև սա է հիմնական շարժառիթը, հիմնական ուղղությունը, որով այս խմբակցությունները պետք է փորձեն իրենց գիծը տանել նաև խորհրդարանում»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը:
Կհաջողե՞ն, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը, ըստ նրա՝ դեռ վաղ է հնչեցնել, այդուհանդերձ շեշտեց. «Ես կարծում եմ՝ հիմնականում ստացվում է այն առումով, որ մենք տեսնում ենք՝ ամեն դեպքում, արդեն այն խորհրդարանը չէ, ինչ մեկ-երկու ամիս առաջ։ Այսինքն՝ որևէ բան հալած յուղի պես չի անցնում:
Պարզ է, զուտ մաթեմատիկական տեսանկյունից` իշխանությունն ունենալով մեծամասնություն՝ իր ցանկացած որոշումը կարող է անցկացնել, բայց այդ ընդդիմության ֆունկցիան խորհրդարանում իշխանության համար հնարավորինս դիսկոմֆորտ ստեղծելն է նաև և այդ ամբիոնը քարոզչական աշխատանքի համար, մաքսիմալ օգտագործելը, որպեսզի պատեհ պահին միացվի նաև փողոցը, իսկ ընդդիմությունն ակնհայտորեն տիրապետում է զանգվածային միջոցառում անցկացնելու տեխնոլոգիային (մենք դա տեսանք ընտրարշավի ընթացքում, մանավանդ վերջին մեծ հանրահավաքի դեպքում): Այդ պարագայում ձայների այն պակասորդը, որ կա խորհրդարանում, կարող է փոխլրացվել փողոցի ճնշմամբ. սա է մարտավարությունը»:
«Ի՞նչ ցույց տվեցին խորհրդարանի շուրջ տասն օրերի աշխատանքները՝ որ, ըստ էության, ընդդիմադիր երկու դաշինքները կարողանում են իրար հետ աշխատել, պայմանավորվել, որ իշխանությանը չի հաջողվում սակարկությունների, գործարքների մեջ մտնել ընդդիմության հետ, ինչին ինքը սովոր է: Կարծում եմ՝ ընդդիմությունը փորձում է նաև ցույց տալ իր ինտելեկտուալ առավելությունը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
Եթե ընդդիմությունը մշտապես կախած պահի փողոցի գործոնը և ժամանակ առ ժամանակ օգտագործի, ապա կկարողանա ավելի էֆեկտիվ աշխատել: Այդ գործիքը միշտ էլ պետք է օդում կախված լինի»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը: