744.5 մլն դրամ՝ հանուն Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության արդյունավետության
«Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:
Առաջիկա 2 տարում ծավալվող գործունեության հինգերորդ ուղղությունը վերաբերում է ՀԿԲ ռազմավարության կառավարմանը: Նախատեսվում է 2021-2023թթ. հասնել նրան, որ ՀԿԲ ռազմավարությունը լինի արդյունավետ:
Մասնավորապես նախատեսվում է այդ ընթացքում արդեն ձևավորված ունենալ Ռազմավարության իրագործման կարողությունները և ռեսուրսային շրջանակը:
Նախատեսվում է ՀԿԲ ժամանակավոր փորձագիտական և հանրային ծառայությունների և թվայնացման միջանկյալ փորձագիտական թիմերից յուրաքանչյուրի ձևավորմանը ուղղել 40 մլն դրամ, ՀԿԲ նորարարական ֆոնդի ձևավորմանը՝ ըստ հայեցակարգի՝ 150 մլն դրամ, հանրային կառավարման և հանրային քաղաքականության ոլորտներում գիտական և հետազոտական դրամաշնորհային ծրագրի մեկնարկի համար նախատեսել 250 մլն դրամ, իսկ ՀԿԲ հանրային հաողրդակցության և իրազեկման միջոցառումների իրագործմանն էլ՝ 150 մլն դրամ:
Առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվում է նաև գործարկել հանրային կառավարման բարեփոխումների պաշտոնական վեբ հարթակը (70 մլն դրամ), ապահովել ՀԿԲ ռազմավարության փաթեթի թարգմանությունը, պետական կառավարման համակարգում, ինչպես նաև ՀՀ մարզերում և համայնքներում իրականացնել ռազմավարության իրազեկման արշավներ:
Նախատեսվում է մինչև 2023թ. դեկտեմբերը ապահովել ՀԿԲ ռազմավարության միջանկյալ զեկույցի մշակման մեկնարկային աշխատանքները՝ ՀԿԲ գրասենյակի ղեկավարմամբ:
Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերը իրականացնելու համար կտրամադրվի 744.5 մլն դրամ, որից 265 մլն դրամը կհատկացվի պետական բյուջեից, իսկ 479.5 մլն դրամը՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: