««Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է». Արա Ղազարյան

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդունած վերջին նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել հայհոյանքն ու վիրավորանքը, հետապնդում է լավ, իրավաչափ նպատակ, սակայն ընտրված ձևը վիճահարույց է:

«Մենք չենք վիճարկում նպատակը: Մենք վիճարկում ենք գործիքները, որ առաջարկվում են՝ երկու կոնտեքստում: Արդյո՞ք իսկապես հասարակական սուր պահանջ կա Հայաստանում, և երկրորդ` արդյո՞ք ընդհանրապես նման մեխանիզմ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում՝ այն դեպքում, երբ ողջ Եվրոպայում ընդհանուր տենդենցը վերջին 20 տարվա մեջ դա դեֆամացիոն նորմերի ապաքրեականացումն է, և դա հաստատվում է Եվրոպայի խորհրդի փաստաթղթերով: Առնվազն թռուցիկ հայացքով մենք տեսնում ենք, որ այնտեղ 1-2 դրույթ արդեն իսկ հակասում է ԵԽԽՎ 1577 բանաձևին, որ նշում է, որ դեֆամացիայի (զրպարտություն:- Ա.Հ.) համար չպետք է նախատեսվի բանտարկությունը՝ որպես պատժի տեսակ, հետևաբար` անհապաղ պետք է դա վերացնել: Մենք դա արեցինք 2010թ․՝ այս բանաձևից 3 տարի հետո, բայց փաստորեն նորից վերադառնում ենք այդ տիրույթ: Միանշանակ Եվրոպայի խորհուրդն առնվազն  այդ հիմքով նշելու է, որ բանտարկությունը՝ որպես սանկցիա, պատժի տեսակ, հանենք:

Այո՛, այս օրենքը կարող է կարգավորել ընդհանրապես այդ արատավոր երևույթը հասարակության մեջ, որովհետև մարդիկ սկսել են սոցիալական ցանցերում, հանրային տիրույթներում հայհոյել, և կարծես թե նորմավորվում է հայհոյանքը՝ երբեմն զուգակցված ատելության խոսքի հետ, բայց, միևնույն ժամանակ, սա ուժեղ հարվածում է  այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին լրագրությունն է, և լրագրողներին, որոնք ստիպված են այնպիսի խութեր հաղթահարել, որպեսզի խոսքը կարողանան տեղ հասցնել, այդ թվում՝ այն խոսքը, որը կարող է հայհոյանք պարունակել իր մեջ, և՛ գեղարվեստական արժեք ունենալ, մենք ունենք այնպիսի գեղարվեստական գործեր, և՛ ինֆորմացիոն արժեք պարունակել: Հետևաբար՝ մոտեցումն այն է, որ ոչ թե պետք է իսպառ, հենց սկզբից արգելող նորմ սահմանել, այլ թողնել այդ ինֆորմացիան հոսի, կոնկրետ իրավիճակներում արդեն, ունենալով սկզբունքներ, սկսել կարգավորել…

Թե ի՞նչ է հայհոյանքը, ոչ ոք չի կարող պատասխանել: «Ստամբուլի բիճ»-ն էլ է հայհոյանք, բայց դա մի ամբողջ համաշխարհային արժեք ներկայացնող գեղարվեստական գործի վերնագիր է, ուստի՝ կոնտեքստից պետք է բխեցնել»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր եվրոպական հանրային կարգը գնում է դեպի ապաքրեականացում, ինչի ապացույցն էլ ԵԽԽՎ 1577 բանաձևն է, որն ընդունվել է 2007թ. և ունի «Դեպի դեֆամացիայի ապաքրեականացում» անվանումը:

Ղազարյանի խոսքով՝ վիճարկման ենթակա է ոչ թե նպատակը, այլ ձևը:

Իրավաբանն առաջարկում է ապաքրեականացնել դեֆամացիան (զրպարտության), փոխարենը քրեականացնել ատելության խոսքը:

«Այսօր մենք փաստորեն դեմ ենք գնում եվրոպական հանրային կարգին, կամ, լավ, եթե դեռ ձևավորված կարգ էլ չի, միտում է: Նշանակում է՝ մենք վաղ թե ուշ բախվելու ենք եվրոպական արձագանքին, առնվազն այս բանտարկությունը սահմանող նորմով»,- նշեց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին 7-րդ գումարման Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՔՕ-ում նոր հոդված հավելացնել՝ «Ծանր վիրավորանք» անվան տակ: Այլ կերպ ասած՝ «քայլելու սիրահար» իշխանությունը վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում:

Նախագծով՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, կպատժվի տուգանքով` 100-500.000 դրամի չափով: Նույն արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, կպատժվի տուգանքով՝ 500.000 դրամից մինչև 1 մլն դրամ: Եթե հիշյալ արարքները կատարվեն միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար, ապա կպատժվեն 1-3 մլն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս կալանքով:

Տեսանյութեր

Լրահոս