«Դատավորը ո՞նց է որոշելու՝ այս նախադասությունն անպարկե՞շտ է, թե՞ չէ. Նիկոլայ Բաղդասարյանը դժգոհ է
Հեռացող Ազգային ժողովն այսօր վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել՝ օրակարգում ընդգրկելով նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։ Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ հայտնեց առաջարկվող փոփոխությունից․
«Մենք պետք է վիրավորանքից տարբերենք հահոյանքը և ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը, հայհոյախոսությունը։ Ինձ թվում է՝ ոչ մեկի համար բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և մնալու է պատժելի, այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելու է մենա՞կ այդ հարցում, թե՞ այդուհանդերձ հայհոյանքը և դրա արգելքը սահմանելու է օրենքով»։
Ըստ պատգամավորի՝ խնդիրն ավելի պրոբլեմատիկ է դարձել՝ հաշվի առնելով հեռավար եղանակով հայհոյանք պատճառելու հնարավորությունները։
«Սոցիալական մեդիան, տեղեկատվության արագ փոխանակումը և այլն․ հեռավար հայհոյանքը դարձել է շատ ավելի վտանգավոր, որովհետև այն նաև հետագա քրեածին վարքագծի դրսևորման կամ ձևավորման պատճառ է դառնում»,- ասաց Վարդանյանը, ապա հիշեցրեց, որ այս հարցին ուշադրություն է դարձրել նաև Սահմանադրական դատարանը և իր վերջին որոշումներից մեկում նշել, որ պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի հայհոյանքը հանրային տիրույթում վերացնելու համար։
Իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ նկատեց, որ նախագծի հեղինակ Վլադիմիր Վարդանյանի խոսքը և նախագծի տեքստային տարբերակն այնքան էլ չեն համընկնում․
«Չարժի՞ վիրավորանքը քրեականացնել որոշ սուբյեկտների նկատմամբ, այլ ոչ թե գնալ այնպիսի խուճուճ ձևակերպումներով, որը ես՝ որպես իրավաբան, չեմ հասկանում, թե սա ոնց պետք է կիրառվի։ Արդյոք չարժի՞ քրեականացնել պատգամավորի նկատմամբ վիրավորանք հասցնելը, կառավարության անդամների նկատմամբ վիրավորանք հասցնելը և տարբեր սուբյեկտների, որովհետև Քրեական օրենսգրքի մեջ անտրամաբանական է․ ՄԻՊ-ի նկատմամբ վիրավորանքը քրեական պատասխանատվություն է նախատեսում, զինվորի նկատմամբ վիրավորանքը քրեական պատասխանատվություն է նախատեսում, դատավորի, դատախազի, փաստաբանի․ պատգամավորի՝ ոչ, կառավարության անդամի՝ ոչ, ձեր նախագիծն էլի չի պաշտպանում էդ սուբյեկտներին»,- ասաց նա։
Բաղդասարյանը նաև հարց ուղղեց Վլադիմիր Վարդանյանին․
«Ո՞նց եք պատկերացնում, որ դատավորը որոշի՝ այս նախադասությունը անպարկե՞շտ է, թե՞ չէ»։
Ի պատասխան՝ Վլադիրմիր Վարդանյանն ասաց. «Իմ կարծիքով, և՛ ՀՀ Դատախազությունը, և՛ ՀՀ քննչական մարմինները, և՛ փաստաբանները և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում