Մոտ 3 տարի ԿԳՄՍՆ-ի կողմից «պատժված» Խորեոգրաֆիայի թատրոնի աշխատողների հայցը դատարանը բավարարել է
Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայց էին ներկայացրել դատարան: Խնդիրն այն է, որ թատրոնի 19 աշխատող մոտ 3 տարի աշխատավարձ չէր ստացել, և 2021թ.հուլիսի 19-ին դատարանը բավարարել է թատրոնի աշխատողների հայցն ընդդեմ Խորեոգրաֆիայի պետական թատրոն ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ համարելով, որ աշխատողները չեն կարողացել կատարել աշխատանքները ոչ իրենց մեղքով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պահանջը ներկայացվել էր ոչ միայն աշխատողների 2 տարվա չվճարված աշխատավարձերի բռնագանձման մասով, այլ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով սկսած յուրաքանչյուր ամսվա չվճարված աշխատավարձի համար մինչև փաստացի վճարման օրը:
Դատական նիստին աշխատողների շահերը ներկայացրել են փաստաբաններ Աշխեն Դաշյանը, Կարեն Տոնոյանը, Դավիթ Ասատրյանը:
Փաստաբանների փոխանցմամբ՝ դատական պրոցեսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թատրոնի մի ամբողջ աշխատակազմի չի ընդունել որպես աշխատողներ՝ կարծելով , որ նրանք չպետք է աշխատավարձ ստանան՝ անկախ նրանից, թատրոնի պատասխանատու տնօրենի պաշտոնակատարը շուրջ 2 տարի գնո՞ւմ է աշխատանքի, թե՞ ոչ, հանձնարարություն տալի՞ս է աշխատողներին, թե՞ ոչ, ինչպիսի իրավաչափ հարց բարձրացվել էր պաշտպանների կողմից:
Մինչդեռ դատարանը համարել է, որ աշխատողները չեն կարողացել կատարել աշխատանքները ոչ իրենց մեղքով և 19.07.2021թ դատարանը կայացրել է դատական ակտը՝ «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ աշխատողների բռնագանձել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված պարապուրդի գումար պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար մինչև պարապուրդը աշխատողների միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
«Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ աշխատողների բռնագանձել պարապուրդի գումարի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանքը վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով սկսած յուրաքանչյուր ամսվա չվճարված աշխատավարձի համար հաջորդ ամսվա 16-ից մինչև փաստացի վճարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը մինչև փաստացի վճարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
«Շուրջ երկու տարի թատրոնի աշխատակազմը «պատժվել» էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից և չէր ստանում աշխատավարձ միայն նրա համար, որ նախարարության և թատրոնի նախկին տնօրենի միջև առկա էր եղել վեճ, որի համար պատժվել էր նաև նախկին տնօրենը՝ Գայանե Կարապետյանը՝ չստանալով իր վերջնահաշվարկը, ում պահանջը ևս բավարարեց դատարանը: Սա մեծ պատասխանատվություն է պետության համար իր ենթակայության տակ գտնվող կառույցի մի ամբողջ աշխատակազմի շուրջ երկու տարի զրկելու աշխատավարձ ստանալու իրավունքից, ինչը դատարանի կողմից գնահատման արժանացավ ոչ միայն երկու տարվա պարապուրդի բռնագանձմամբ, այլև սահմանված տուժանքի բավարարմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աշխեն Դաշյանը:
Հարցին՝ հիմա աշխատողները փաստացի էլի պարապուրդի են մատնված, ի՞նչ է լինելու այս դեպքում, Աշխեն Դաշյանը պատասխանեց. «Այո, փաստացի այդ վիճակն է ու կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նախարարության կողմից քայլեր չեն ձեռնարկվի թատրոնի տնօրենի պարտականություններ կատարող անձին իր պարտականությունների կատարմանը պարտավորեցնելը: Ի վերջո, տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, իսկ այս դեպքում փաստացի նրա անգործության պատճառով և նախարարության լուռ համաձայնությամբ տույժերը և պարապուրդը շարունակվելու է»: