«Չի եղել մի շուկա, որից ես հետ գամ գործընկեր կամ ֆինանսավորում չգտած». Հովհաննես Գալստյանի ֆիլմի նոր հաջողությունները
Ինչի՞ մասին եք մտածում կինոփառատոն բառը լսելիս: Կաննի՞, կարմիր գորգի՞ և շքեղ տոնակատարությա՞ն մասին: Իսկ Իռլանդիան ի՞նչ ասոցիացիաներ է առաջացնում՝ մեկ գավաթ Գինես գարեջուր և զրույցներ Օսկար Ուայլդի մասին փաբի սեղանի շո՞ւրջ: Եթե փորձենք այս երկուսը միացնել՝ կինոփառատոնին տալով իռլանդական հմայք, կստացվի մշակութային տոն, որն է Գոլվեյ քաղաքում hուլիսի 21-23-ն անցկացվող միջազգային կինոփառատոնը: Այս տարվա փառատոնի գլխավոր նորությունը կինոշուկայի պաշտոնական ծրագրում ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայ-գերմանական «Բեքսթեյջ» ֆիլմի ներառումն էր: Այն ընդգրկված էր կինոշուկայի ավարտման փուլում գտնվող ֆիլմերի ծրագրում:
«Գոլվեյն ունի Եվրոպան Ամերիկայի հետ կապող տրանսատլանտիկ կամրջի կարգավիճակ և ֆինանսիստներին տրամադրվող արտոնյալ պայմանների, նոր Եվրոպական կինոն դիստրիբյուտորներին ու կինոփառատններին ներկայացնելու երկարամյա փորձի շնորհիվ այն երկու աշխարհամասերի կինոյի մասնագետների հանդիպման ավանդական վայր է։ Կինոշուկայում ծրագրված են ընտրված ֆիլմերի արտադրողների և հրավիրված ֆինանսիստների, վաճառքի գործակալների, հեռարձակողների, կինոհիմնադրամների, կինոփառատոնների ներկայացուցիչների նախապես համաձայնեցված հանդիպումներ»,- ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն էր տարածել «Բեքսթեյջ» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
«Գոլվեյի կինոշուկան թվով 6-րդն էր, որին մասնակցելու համար հրավիրվում է մեր ֆիլմը։ Արտադրության ամենասկզբում, երբ աշխատում էինք ազգային կինոկենտրոնի հետ, իսկ ֆիլմը կրում էր «Թողություն» վերանագիրը, դեռ սցենարի զարգացման փուլում, մենք ընդգրկվել ենք Տալլինի, Մոսկվայի, Կիևի կինոփառատոների համատեղ արտադրության ֆորումներում։ Այնուհետև, արդեն նկարահանված նյութով՝ Վիլնյուսի կինոփառատոնի նույն ծրագրում։ 2017 թվականից հետո, երբ ազգային կինոկենտրոնը նողկալի պատերազմ սկսեց մեր երկու ֆիլմերի դեմ՝ ուղղակի արգելափակելով դրանց ֆինանսավորումը, մենք ամբողջովին վերադասավորեցինք մեր ֆիլմերի արտադրական սխեմաները դեպի միջազգային կինոշուկա։ Արդյունքում, ընդգրկվեցինք հետարտադրության համար նախատեսված երկու կինոշուկաներում՝ Սարաևոյում անցած տարի և Գոլվեյում այս տարի։
Կինոարտադրությունից քիչ թե շատ հասկացող ցանկացած մեկի համար պարզ է, թե ինչ մեծ հաջողություն է ընդգրկվել վեց միջազգային, հեղինակավոր փառատոների կից շուկաների պաշտոնական ծրագրում։ Ցավոք, Հայաստանում կինոյի պետական սեկտորում աշխատում են մարդիկ, ովքեր հեռու են միջազգային կինոինդուստրիայից, նրանց համար դա անհայտ տարածք է՝ Terra incognita: Բայց մենք նրանց բացատրելու կամ սովորեցնելու խնդիր չունենք։ Ես այդպես արտադրում եմ իմ ֆիլմերը՝ սեփական երկրում կինոյի պետական աջակցությունից կատարելապես իզոլացված։ Չի եղել մի շուկա, որից ես հետ գամ գործընկեր կամ ֆինանսավորում չգտած։ Նույնը Գոլվեյը։ Մենք այդպես ապրում ենք, այդպես աշխատում, մինչև Հայաստանում աբսուրդը կվերանա»,- կինոշուկայի ավարտից հետո մեզ հետ զրույցում պատմեց Հովհաննես Գալստյանը:
Կինոշուկայի ընթացքում ֆիլմը վաճառքի մասնագետներին ներկայացրել են ինքը՝ Հովհաննեսը, ով հանդիսանում է և ռեժիսորը, և պրոդյուսերը և Անի Գալստյանը՝ ևս ֆիլմի պրոդյուսերը:
«Գոլվեյին և Սարաևոյին մասնակցել եմ առցանց։ Այս անգամ շուկայում էր նաև Անին՝ իմ դուստրը, մեր ֆիլմի միջազգային կապերի պատասխանատուն։ Դա բացառիկ հաճույք էր, որովհետև Անին իրենով ավելի ոգևորիչ ու ներկայանալի էր դարձնում պատմությունը։ Ես կարողանում եմ գրավել դիմացինին, երբ ոգևորված եմ։ Բայց արագ հոգնում եմ շփումների բազմաթիվությունից, պատահում է, նույնիսկ ցանկություն չեմ ունենում խոսելու ֆիլմից, ուղղակի ասում եմ՝ նայեք նյութը։ Իսկ Անին մեծ պրոֆեսիոնալ է։ Շփումներ կառուցելու ջիղով ու մեծ համակրանքով անգլախոս երկրների հանդեպ։ Այս շուկայում դա փոխադարձ էր ու շատ օգտակար եղավ ֆիլմի համար»,- մեզ հետ զրույցում նշեց Հիվհաննես Գալստյանը:
Ֆիլմի միջազգային կապերի պատասխանատուն՝ Անի Գլաստյանը, 168.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակումից:
«Առաջին անգամն էր, որ հայկական ֆիլմ էր մասնակցում այդ շուկային: Շատ թարմացնող էր շուկան: Բոլորն այնքան բաց էին, պատրաստ էին լսելու, միանգամից մտնում էին պատմության մեջ: Մի բրիտանացի վաճառքի գործակալ հիացած ասում էր՝ «What a fascinating story»: Այդ կարգի մասնագետների հետ շփվելը շատ օգտակար էր»,- պատմում է Անի Գալստյանը:
Ֆիլմի պրոդյուսերները երեք բրիտանական ընկերության հետ են կապի մեջ, մեկ՝ ամերիկյան, սպասում են համագործակցության Լյուքսեմբուրգի ներկայացուցչի հետ՝ ավարտին հասցնելու ֆիլմի վրա տարվող վերջնական աշխատանքները:
«Կինոինդուստրիան, իհարկե, տագնապալի ժամանակներ է ապրում։ Բոլոր հանդիպումների կարմիր թելը Քովիդի ահռելի վնասներն են։ Կինոթատրոնները մնում են անհասանելի, կամ մասամբ հասանելի։ Կինովարձույթի ավանդական մեխանիզմները չեն աշխատում։ Համաշխարհային համբավ ունեցող վաճառքի գործակալները, դիստրիբյուտորները խոստովանում են, որ ֆիլմ վաճառելը դարձել է ծանր աշխատանք։ Բայց սա անխուսափելի գործընթաց է։ Կինոն իր պատմության մեջ բազմաթիվ արհավիրքներ է հաղթահարել, անընդհատ վերափոխելով, կատարելագործելով ինչպես իր արտահայտչամիջոցները, լեզուն, այնպես էլ հանդիսատեսին հասնելու ձևերը։ Սա էլ կհաղթահարվի։ Կինոյի մարդիկ երբեք չեն հրաժարվի իրենց երազների մասին պատմելուց, իսկ հանդիսատեսը երբեք չի նվազեցնի դրանց հետևելու իր սերը։ Ամեն ինչ լավ կլինի»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը:
Անի Գաբուզյան