Ինչի՞ց էր բողոքում Լավրովը, և ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի ուղղությամբ
Հետսովետական տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ծավալվող աշխարհաքաղաքական պայքարն օր օրի սրվում է։
Օրերս ՌԴ ԱԳ նախարարն ուղիղ տեքստով խոսել է տեղի ունեցող գործընթացներից՝ նշելով, որ Արևմուտքն ուզում է Ռուսաստանի շուրջ իրավիճակը ցնցել, այդ թվում՝ ֆեյքերի միջոցով։
«Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մերձավոր հարևաններին, եղբայրական ժողովուրդներին հարկադրելով ընտրություն անել՝ կամ Արևմուտքի հետ ես, կամ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Լավրովը։
Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքի այդ գիծը վառ դրսևորվել է Ուկրաինայում, իսկ վերջին ամիսներին գունավոր հեղափոխություն են փորձել անել Բելառուսում։ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն, Լավրովի խոսքով, նաև աշխարհաքաղաքական պայքար են ծավալել Մոլդավայի համար։
«Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը»,- ասել է Լավրովը։
168․am-ի հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ յուրաքանչյուր բևեռ, որոնցից մեկն այս դեպքում Արևմուտքն է, մյուսը՝ Ռուսաստանը, ունեն տեղի ունեցողի իրենց նկարագիրն ու գնահատականը։
Ըստ նրա, ինչպես Ռուսաստանն է ավանդաբար փորձում պահպանել իր ազդեցության գոտիները, որոնցից ամենալուրջը հետսովետական տարածաշրջանն է, այնպես էլ ԵՄ-ն է ձգտում անվտանգության և բարեկեցության՝ այդ գոտում ստեղծելով Արևելյան գործընկերություն ծրագիրը։
Վերլուծաբանը բացատրեց, որ ի սկզբանե Արևմուտքը փորձում էր համագործակցել ԱլԳ երկրների հետ, այդ թվում՝ կանգնեցնելով ընտրության առջև, քանի որ զուգահեռաբար իր ինտեգրացիոն պրոյեկտները ձևավորեց Ռուսաստանը, և սկսեցին ծագել լուրջ խնդիրներ, երբ հետսովետական տարածքի երկրները կամ ԱլԳ երկրները փորձեցին ակտիվացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։
«Պետք է ընդունել, որ երկու բևեռի մոտ էլ կար այդ ընտրության առջև կանգնեցնելու հարցը, որի պատճառով էլ եղավ ուկրաինական պատերազմը, և դա ԵՄ-ին մտորելու առիթ տվեց, կարճ ժամանակ դադար տալուց հետո ԵՄ-ն նոր թափով սկսեց անդրադառնալ այս տարածաշրջանին, Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությանը և Հայաստանին՝ նաև ԱՄՆ քաղաքականության ակտիվացման շնորհիվ։ Ինչո՞ւ, որովհետև Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդավայի դեպքում իրավիճակը պարզ էր՝ կա հստակ ընտրություն, և ՌԴ դիմադրությունը պակասել է, դա եղել է այդ երկրների ընտրությունը։ Ադրբեջանը փորձում է խաղալ՝ այս փուլում սերտ հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ, Բելառուսը լքեց ԱլԳ-ն, իսկ Հայաստանն անցումային փուլում է, թեև կա ռուսական կողմնորոշում, բայց կա նաև ցանկություն՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու։ Այս գոտում կան նաև միջազգային տրանսպորտային նախագծեր, որոնցից ԵՄ-ն անմասն չէ։ Այս ամենով է պայմանավորված նաև հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, և, ամենայն հավանականությամբ, ռուսական դիվանագիտությունը հենց այս գործընթացները նկատի ունի։
Ակնհայտորեն կա որոշակի անհանգստություն նաև Աֆղանստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ՝ Միջին Ասիայում, որը ռուսական ազդեցության մյուս գոտիներից մեկը կարելի է համարել․ կարող են լինել փոփոխություններ, սա ևս նկատի է առնվում։
Մյուս կողմից՝ ՌԴ քաղաքականությունը միշտ չէ, որ միատարր ու հասկանալի է, քանի որ ներսում ևս կան քննարկումներ՝ ազդեցության գոտիները պահելու-չպահելու, ռեսուրսներ ներդնելու շուրջ, և դա կարելի է համարել նաև ՌԴ ներքաղաքական դիսկուրս։ Արևմուտքը փորձում է կազմակերպված գործել, և դա չի կարող չմտահոգել ռուսական կողմին»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով, որ ավանդաբար ՌԴ ազդեցության գոտիներում Արևմուտքը գործում է մեծ դժվարություններով, քանի որ Ռուսաստանի նման մեծ լծակներ չունի։
«Այս փուլում հստակ ասել, թե ինչի կհանգեցնի այս ամենը՝ բարդ է, քանի որ Արևմուտքն այդ լծակները ձևավորելու փուլում է, իսկ ՌԴ-ն, այնուամենայնիվ, շարունակում է ամրապնդվել, որոշ փուլերում նաև պասիվացնում է իր քաղաքականությունը»,- ասաց Հալբախը։