«Ադրբեջանում սարսափում են բոլոր այն գործիչներից և ուժերից, որոնք Հայաստանում կարող են իշխանության գալ և անվտանգություն ապահովել». Տիգրան Աբրահամյան

«Բնական է, որ սահմաններում առկա իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիվ աշխատանք տանել, ինչը դրսևորվում է նաև ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի ակտիվացմանը, ապա այդ ակտիվացումը կարող էր լինել Սյունիքի հատվածում, Երասխում, այսինքն՝ փաստվում է, որ կա խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից հետո, և Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանում սարսափում են բոլոր այն գործիչներից և ուժերից, որոնք Հայաստանում կարող են իշխանության գալ և բերել անվտանգության բարձրացում, զինված ուժերի մարտունակության անհրաժեշտ մակարդակին հասցնել և գլոբալ իմաստով անվտանգություն ապահովել: Անվտանգություն ասվածը, ներքին բաղադրիչներից բացի, ունի նաև արտաքին բաղադրիչներ՝ սկսած ռեգիոնալ պետությունների հետ համագործակցություններից, տարբեր ռազմաքաղաքական դաշինքներից: Որևէ ուղղությամբ այս պահին ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում: Ադրբեջանի համար ամենաբարենպաստ իրավիճակն է ստեղծվել վերջին 30 տարում, արդյունքն այն էր, որ հենց այս իշխանության օրոք տեղի ունեցավ լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Ադրբեջանը փորձելու է զարգացնել իր հաջողությունները և պոկել Հայաստանից առավելագույնը»,- ընդգծեց նա:

Ադրբեջանի գործողություններին հակազդող միջոցառումներ ՀՀ իշխանությունների կողմից Աբրահամյանը չի տեսնում. «Այն դերակատարները, որոնք ռազմաքաղաքական վերնախավում տեղ են զբաղեցրել, նաև՝ վերջին կադրային փոփոխությունների արդյունքում կամ դրանից առաջ էլ, այդ մարդիկ նույնիսկ մեծ ցանկության դեպքում ունակ չեն լուծել մեր խնդիրները: Հետևաբար՝ իմ կանխատեսումները որևէ ձևով չեն կարող լավատեսական լինել»:

Դիտարկմանը՝ ընդդիմությանն էլ են մեղադրում այս իրավիճակում պասիվ լինելու համար, նա այսպես արձագանքեց. «Պասիվություն ասվածն ինձ համար լավ ընկալելի չէ: Ես էլ եմ հանդիպել նման մեկնաբանությունների. Ոմանք առաջարկում են ընդդիմությանը գնալ Երասխ, ոմանք՝ Կութ կամ Սյունիքի հատված: Ի վերջո, պետք է հստակ հասկանանք, թե որն է առհասարակ ոչ միայն այս իրավիճակում, այլև երկրում տեղի ունեցող զարգացումներում ընդդիմության դերակատարությունը:

Մենք խոսում ենք մի ժամանակահատվածի մասին, երբ ըստ ԿԸՀ-ի՝ հանրության մոտ 54 տոկոսը գնացել և քվեարկել է այս իշխանության, այս իշխանության արածի և չարածի և այս իշխանության առաջադրած «ապագայի» համար: Այս իրավիճակում ես չեմ հասկանում, օրինակ՝ ընդդիմության անելիքը, բացի նրանից, ինչ անում է՝ հայտարարությունների, որոշակի ճնշման փորձերի, հանրությանն իրականությունը ներկայացնելու տեսանկյունից: Նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ ընտրական գործընթացները նոր են ավարտվել, և խորհրդարանական ընդդիմությունը հանդես է գալիս վիրավոր դիրքերից՝ ընտրությունների արդյունքները հաշվի առնելով: Եվ չեմ կարծում, որ այս փուլում ճիշտ են հարվածները, որոնք գալիս են նաև որոշակի առումով պրագմատիկ հատվածից: Ընտրություններից հետո տեսել ենք, որ այն ուժերը, որոնք Փաշինյանի դեմ էին հանդես գալիս, գնացին և ողջունեցին, հանդիպեցին նրա հետ:

Մենք տեսանք, որ երկրում ռեալ ընդդիմադիր ուժերի կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա: Եվ այս իրավիճակում այն մարդիկ, ովքեր փորձում են հասնել այս իշխանությունների հեռացմանը, գոնե այս փուլում պետք է իրենց սատարումը կամ գոնե նեյտրալ լինելը ապահովեն»:

Տիգրան Աբրահամյանը նկատեց. «Պետք է խոստովանել, որ գոնե այս իրավիճակում ընդդիմության գործիքակազմը՝ ակտիվորեն ազդելու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վրա, այդքան էլ մեծ չէ: Մեր առաջնային քայլերից մեկը առաջիկայում հենց լինելու է մեր հնարավորությունների ընդլայնումը, իշխանության այս լկտիությունների, սամասուդների քաղաքականության զսպումը, բայց սրա համար նաև ժամանակ է պետք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս