ՄԻԵԴ-ի վճիռը լրացուցիչ փաստարկ է ՀՀ ձեռքին՝ ցույց տալու հայ գերիների հանդեպ իրական վտանգը․ Եղիշե Կիրակոսյան

Սա Եվրոպական դատարանի, ցավոք սրտի, արդեն որերորդ վճիռն է, որով հաստատում է Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ հայ անձանց նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունքի դեպքերը և խոշտանգման փաստերը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով ՄԻԵԴ-ի հրապարակած՝ «Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի մասին։

Վճիռն արձանագրում է, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ազատությունից ապօրինի զրկել է Արթուր Բադալյանին, ով մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում։

«Սա զուտ իրավական քայլերի առումով կարևոր վճիռ է, որովհետև արձանագրվում է թե՛ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ խոշտանգման արգելք, վատ վերաբերմունքի արգելք, թե՛ 5-րդ հոդվածի խախտում՝ ազատությունից ապօրինի զրկելու մասին է խոսքը։ Այս համատեքստում, ևս մեկ անգամ միջազգային անկախ դատարանի կողմից փաստվում է Ադրբեջանի իշխանության կողմից առանց որևէ հիմքի հայազգի անձանց ապօրինի առևանգելը, խոշտանգելը։ Վճիռը կարևոր է նաև հետագա իրավական քայլերի տրամաբանության մեջ՝ ինչ տեղ է կզբաղեցնի»,-ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցնում է Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ, որպես կանոն, այն գործերով, որ ունենք այս պահին՝ «Սարգսյանն  ընդդեմ Ադրբեջանի» հայտնի գործը, որը վերաբերում է Շահումյանի շրջանից տեղահանված մեր հայրենակիցների սեփականության  իրավունքի խախտումներին և այլն, մենք դեռևս Ադրբեջանի կառավարության կողմից վճարման իրականացման փաստ չունենք։ Կվճարե՞ն արդյոք Արթուր Բադալյանին՝ հետագայում կերևա՝ ասաց Եղիշե Կիրակոսյանը։ Համենայն դեպս, կան Ադրբեջանի վրա ճնշման մեխանիզմներ, որ կատարի դատարանի վճիռը։

«Այս վճիռը տեղափոխվելու է նախարարների կոմիտե․ ըստ կոնվենցիայի և ըստ նախարարների կոմիտեի կանոնների ենթադրում է պարբերաբար զեկույցների ներկայացում վճռի կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ, որը ներառում թե՛ ընդհանուր միջոցառումները, որոնք կբխեն վճռի կատարումից,  և թե՛ անհատական, այսինքն, արդարացի փոխհատուցման վճարումը և այլն։ Նաև մեխանիզմենր կան, որ կարող են այլ անկախ կազմակերպությունների կողմից ևս դիտարկումներ ներկայացվել՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից, նախարարների կոմիտեին։ Այսպիսով, ապահովվում է ճնշումը՝ ուղղված վճռի կատարմանը։ Կան մեխանիզմներ, դրանք պետք է գործարկել և դրանք մեր ուշադրության առանցքում են»,-ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

«Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը անհատական գանգատի շրջանակներում ներկայացրել են անհատ իրավաբանները։ Հայաստանի կառավարությունը միջամտել է գործի ընթացքին որպես երրորդ կողմ։

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այս հայցի՝ ՄԻԵԴ-ում դրական ելքը, անուղղակիորեն առնչվում է նաև Ադրբեջանում առայսօր ապօրինի պահվող՝ գերեվարված հայ անձանց։

«Հերթական անգամ նման վճիռ ստանալը լրացուցիչ փաստարկ է ՀՀ ձեռքին՝  ցույց տալու համար այն իրական վտանգը, որն առկա է հայ գերեվարված անձանց նկատմամբ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվելիս։ Սրանք շատ կարևոր զարգացումներ են, և Հայաստանի կողմից ողջունվում են նման վճիռները»,-ասաց նա։

Վճռի մեջ նաև հղումներ կան նմանատիպ դեպքերով նախկինում կայացված վճիռներին, օրինակ, «Սարիբեկյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, որը ևս վերաբերում է խոշտանգման և կյանքից զրկելու դեպքի։

«Ամեն դեպքում, նմանատիպ գործեր էլի քննվում են ՄԻԵԴ-ի կողմից, և, հուսով եմ, նմանատիպ վճիռներ էլի մենք կունենանք, որոնք կարձանագրեն Ադրբեջանի կողմից կոնվենցիայի կոպիտ խախտումները»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Հայ գերիներին ականապատման քարտեզների հետ փոխանակելը, նրա համոզմամբ, գերիներին պատանդի կարգավիճակ է հաղորդում․ ցանկացած պարագայում, նշեց նա, այն հանգամանքը, որ գերիները չեն վերադարձվում առանց որևէ պայմանի, որն ուղղակի նախատեսված պարտավորություն է միջազգային մարդասիրական նորմերով առհասարակ, անկախ ամեն ինչից, ցանկացած այլ հանգամանք արդեն նրանց իրավունքի խախտում է՝ անձին պահում են պատանդի կարգավիճակում, որը նաև միջազգային իրավական պայմանագրով արգելված իրավիճակ է։

Տեսանյութեր

Լրահոս