«Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի համար չի կարողանում գտնել համապատասխան կադր». Գևորգ Էմին-Տերյանը՝ ԿԳՄՍ նոր նախագծի մասին
Հուլիսի 8-ից e-draft.am կայքում ԿԳՄՍ նախարարության կողմից քննարկման է դրվել մի նախագիծ, համաձայն որի՝ բուհի ռեկտոր նշանակվելու համար այլևս հարկավոր չի լինի ունենալ դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում, փոխարենը՝ հարկավոր կլինի գիտական աստիճանի առկայություն ու ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժ:
168.am-ը ԵՊՀ մամուլի խոսնակ, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխության անհրաժեշտությունը:
«Միանշանակ նրանով, որ իշխանությունը ԵՊՀ ռեկտորի համար չի կարողանում գտնել համապատասխան կադր»,- պատասխանեց նա:
Մեր ճշտող հարցին, թե նշանակում է՝ իշխանությունը չունի՞ կադրեր, որոնք կունենան դոկտոր, պրոֆեսորի կոչում, Գևորգ Էմին-Տերյանն արձագանքեց.
«Այո, չունեն, այսինքն՝ այդ մարդիկ չեն համաձայնում համագործակցել»:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին կընձեռի հնարավորություն ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերելու ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը:
«Ավելի շատ մարդ կկարողանա հավակնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնին, բայց մարդը, որը չունի դոկտորի գիտական աստիճան, ինչպե՞ս պետք է ղեկավարի դոկտորներին, դա շատ ծիծաղելի հիմնավորում է»,- ասաց Էմին-Տերյանը:
Հարցին, թե մասնագիտական շրջանակներում այս հարցով քննարկումներ եղե՞լ են, գրականագետը պատասխանեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախնական նախագծում կար կետ, որով պետք է վերացնեին գիտական աստիճանները և թողնեին միայն մեկ աստիճան:
«Այսինքն՝ բոլոր թեկնածուներն ավտոմատ դառնալու էին դոկտոր, դա շատ մեծ բողոքի ալիք բարձրացրեց, և, ի վերջո, այդ օրենքի հեղինակները հետ կանգնեցին, և օրենքում մնաց երկաստիճան համակարգ»,- ասաց նա:
Իսկ ինչի՞ կհանգեցնի այս նախագիծը, եթե օրենքի ուժ ստանա, արդյոք մարդիկ չեն դադարի՞ ձգտել գիտական աստիճանների: Այս հարցին ի պատասխան՝ Գևորգ Էմին-Տերյանն ասաց․
«Կոչումներն ինքնանպատակ չեն, դրանք ցույց են տալիս մարդու գիտական պոտենցիալը: Աշխարհի շատ երկրներում դոկտորի կոչում ստանալուց հետո տարբերակում է մտցվում, բացի իր այդ աշխատանքն անելուց՝ մարդը պետք է ապացուցի, որ մնում է գիտության մեջ, մենագրությունների թիվ պետք է լինի, հրապարակումների թիվ պետք է լինի։ Այնինչ՝ մենք Հայաստանում տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ, նաև նրանք, ովքեր հավակնում են հիմա ԵՊՀ ռեկտորի պաշտոնին, իրենց դոկտորականների հոդվածները սխալ ամսագրերում են տպել, ԲՈԿ-ը չի կարողանում վերահսկել ամբողջը, և այսպես խառնաշփոթ իրավիճակ է։ Օրինակ, նշվում է, որ իբր դա միջազգային հանդես է, բայց իրականում անհայտ ինչ-որ ամսագիր է, որ փողով հոդված է տպում, չգրախոսվող պարբերականներ են: Եթե պետությունը չի կարողանում դա վերահսկել և մնալու է այսպես, ապա լինելու է խառնաշփոթ»:
Համալսարանները, մասնավորապես՝ ԵՊՀ-ն, գործող իշխանության թիրախում նոր չէ, որ հայտնվել է: ԱԺ-ն ընդունել է բազմաչարչար «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը, մասնագիտական շրջանակների գնահատմամբ՝ մեծացնում է գործող կառավարության իշխանությունը բուհի կառավարման գործում:
Ըստ օրենքի՝ բուհերի Հոգաբարձուների խորհրդի կազմում մեծամասնություն են կազմելու գործող իշխանության ներկայացուցիչները, հետևաբար՝ որոշումների ընդունման համար հարկավոր չի լինելու բուհի ներկայացուցիչների համաձայնությունը: