«Եթե այդ սահմանամերձ գյուղը մտածում է, որ Փաշինյանն է ապագան, թող Փաշինյանը գնա՝ նրանց պաշտպանի». Տիգրան Քոչարյան
«Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են այն փաստից, որ Հայաստանում շարունակում են իշխել այն ուժերը, ովքեր հանձնել են Արցախի 75 տոկոսը և Հայաստանի անվտանգությունն ադրբեջանաթուրքական տանդեմին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով Երասխում տեղի ունեցող գործողություններին, ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Եթե քաղաքական որոշում կար, որ ինչքան վատ լինի Արցախում, այդքան լավ կլինի այստեղի պրոթուրքական կառավարությանը, այստեղ անզոր ես մի բան անել: Այն, ինչ շարունակվում է Երասխում, ուղղակի, շատ լավ մեսիջ է այն մարդկանց համար, որ եթե մտածում էին՝ Արցախը տալով շունչ կքաշեն, իրենց երեխաները չեն վիրավորվի կամ չեն զոհվի Արցախում, սա նշանակում է, որ որևէ բան չի փոխվել, ուղղակի այն ժամանակ ռազմաճակատը 180 կմ հեռու էր Հայաստանից, իսկ հիմա Հայաստանի սահմաններին է: Բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք Փաշինյանին վերընտրեցին, պետք է հասկանան, թե ինչի է բերում այսպիսի ֆանատիկությունը, այսպիսի ինքնապաշտպանության բնազդի կորուստը»,- ընդգծեց նա:
Հարցին՝ այս իրավիճա՞կը նկատի ունեին Փաշինյանին ընտրողները, երբ բղավում էին, թե ապագա կա, նա պատասխանեց. «Իրենք նույնիսկ չէին հասկանում՝ ինչի համար էին բղավում: Այսօր Ֆեյսբուքում հերթական կեղծ բարեպաշտությունը նկատեցի որոշակի ընդդիմադիրների կողմից, թե՝ պետք չէ նրանց ինչ-որ բան ասել, մենք ինչո՞վ ենք ուրիշներից լավը, որ ասում եք՝ տեղն է իրենց, և այլն. Ընդդիմադիր դաշտի հարգելի կեղծ բարեպաշտներ, մեկ է՝ ձեզանից զզվում են այդ մարդիկ, իրենք իրենց Նիկոլի հետ են իրենց հարցերը պարզելու՝ առանց ձեր օգնության, դուք ավելի լավ է մնացեք ձեր դիրքերում: Երասխում, կարծեմ, 266 մարդ ընտրեց, որ ապագա լինի, 23 հոգի ընտրեց, որ ուժեղ Հայաստան լինի: Մարդը, որ ամուսնանում է, հետո պատասխանատվություն է կրում իր ընտրության համար, չէ՞: Դրա համար նույնն էլ այստեղ է: Եթե այդ սահմանամերձ գյուղը այսպիսի շոշափելի առավելությամբ մտածում է, որ Նիկոլ Փաշինյանն է ապագան, թող Նիկոլ Փաշինյանը գնա՝ նրանց պաշտպանի, թող իրենք մտածեն»:
Ճշտեցինք՝ այսինքն՝ ընդդիմությունը անելիք չունի՞ այս իրավիճակում:
«Մեզ փորձում են բրթել այն դիսկուրսը, որ մեր բանակը պաշտպանում է մեր բնակչությանը, և մենք պետք է պաշտպանենք մեր բնակչությանը. Դա սխալ դիսկուրս է: Մեր բանակը և մենք պետք է պաշտպանենք ՀՀ-ի և Արցախի տարածքը, որովհետև եթե մենք գանք այն դիսկուրսին, որ մենք պաշտպանում ենք բնակչությանը, կնշանակի, որ օրինակ՝ Լոռվա անտառները կամ Սևանա լիճը պետք է հանձնել, չպայքարել դրանց համար, որովհետև այնտեղ մարդ չի ապրում: Մենք պետք է պաշտպանենք մեր տարածքները, իսկ բնակչությունը, արդեն, ընտրություն է կատարում՝ ով պետք է լինի իր անվտանգության երաշխավորը»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ ընդդիմությունը ունի հետևյալ լծակները՝ ֆիզիկապես գնալ՝ սահմանին կանգնել և պայքարել:
Ինչ վերաբերում է Սյունիքին, նա ընդգծեց, որ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Սյունիքում բացվեն ենթակառուցվածքներ. «Ռուսաստանը շահագրգռված կլիներ, որ օգտագործվեր Մասիս-Նորաշեն-Նախիջևան երկաթգիծը, իսկ Թուրքիային պետք է, որ հենց Սյունիքով անցնի, առնվազն երկու միջանցքի նման բան են ուզում: Ռուսաստանը երբեք Սյունիքը չի տալու. 100 տարի առաջ այդ խնդիրն արդեն եղել է, որ Արցախն ու Սյունիքը փախցրեցին Ռուսաստանի տակից, և հետո երկար պրոցես տեղի ունեցավ, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ վերականգնի իր ներկայությունը Իրանի հետ սահմանին: Ռուսաստանին չհաջողվեց իր խաղաղապահներին տեղակայել Արցախ-Իրան սահմանին, որովհետև Փաշինյանենք շատ ավելի արագ հանձնեցին այդ տարածքները, և հիմա, ամեն դեպքում, Ռուսաստանն ու Իրանը պետք է ինչ-որ տեղ շփման կետ ունենան, և դա լինելու է Սյունիքը, և դրա համար մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը ուժեղացնում է և՛ Արցախում, և՛ Սյունիքում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում