Կարեն Ֆարխոյան. հավերժ կամակատարը

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 2 ամսով կալանավորեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին:

Հիշեցնենք, որ երեկ Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) մեղադրանք էր առաջադրել Առուշանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

Գորիսի համայնքապետին, ըստ Առուշանյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանի, Կարեն Ֆարխոյանը կալանավորեց Քարահունջի կալանավորված կին համայնքապետ Լուսինե Ավետյանի հակասական ցուցմունքների հիման վրա, ով իր սկզբնական ցուցմունքում կատեգորիկ հերքել էր Առուշ Առուշանյանի առնչությունը իրեն մեղսագրվող արարքներին:

Կարեն Ֆարխոյանը, փաստորեն, Գորիսի ղեկավարին կալանավորեց մեկ անձի ցուցմունքի հիման վրա:

Կարեն Ֆարխոյանի անձը բավականին հայտնի է համակարգում: Դեռևս պատերազմի խայտառակ ավարտից ու կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից մեկ շաբաթ անց տեղեկություն տարածվեց, որ այդ օրերին դատավոր Կարեն Ֆարխոյանը Նիկոլ Փաշինյանի անունից հանդիպումներ է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ, երբ դատախազությունն ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք:

Նշվում էր, որ  դատավոր Կարեն Ֆարխոյանը Փաշինյանին է ներկայացրել 4 այդպիսի դատավորի անուն.

1. Աննա Դանիբեկյան,

2. Մնացական Մարտիրոսյան,

3. Գագիկ Պողոսյան,

4. Վաչե Մարգարյան։

Այդ օրերին դատական համակարգում մեր աղբյուրների փոխանցմամբ՝՝ մեծ չէր հավանականությունը, որ Փաշինյանի մոտ բանագնացային առաքելություն իրականացրած անձը Կարեն Ֆարխոյանը լինի, քանի որ նա այդ հեղինակությունը չունի, որ կարողանա նման բան կազմակերպել ու իրականացնել, բայց միևնույն ժամանակ՝ այն, որ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ճնշումներ կլինեն, աներկբա է:

Մեր դիտարկմանը, թե՝ իսկ եթե մյուսները չե՞ն համաձայնել այդ ամոթալի հանձնառությանը, ի պատասխան՝ նշվեց, որ հնարավոր է՝ Կարեն Ֆարխոյանը մտել է դրա տակ, քանի որ եղբոր՝ Ջոն Ֆարխոյանի հարցը կա, ով անցնում է քրեական գործով, և այդ ծառայության մատուցմամբ միգուցե նրան եղբոր վերաբերյալ երաշխիքներ են տրվել:

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա փետրվարի 7-ին 168.am-ը գրել էր, որ ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը: Վերջինս ձերբակալվել էր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործի շրջանակներում, և ըստ լուրերի՝ կաշառատուն Ջոն Ֆարխոյանն էր:

Դատական համակարգում կարծիք կա, որ Կարեն Ֆարխոյանն առանձնապես սկզբունքային մարդու որակներով աչքի չի ընկնում, և, որ նա այն մարդն էր, ով կալանավորել էր իր եղբոր ընկերոջ որդուն՝ Ազգային ժողովի (ԱԺ) աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ներկայումս՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, իսկ որ նրան կալանավորելը եղել է քաղաքական պատվերի շրջանակում, թերևս, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում:

Պատմում են, որ Ջոն Ֆարխոյանն ու Արսեն Բաբայանի հայրը երկար տարիներ գործընկերային մտերիմ հարաբերություններ են ունեցել, բայց դա չի խանգարել, որ ամեն դեպքում նա բարեխղճությամբ իրականացնի քաղաքական իշխանության կողմից իջեցված պատվերը:

Այնպես որ, Առուշ Առուշանյանին անհիմն կալանավորելը բոլորովին էլ ըստ ամենայնի խնդիր չէր կարող լինել դատավոր Ֆարխոյանի համար:

Ի դեպ, հատկանշական է, որ երբ պարզվեց՝ Գորիսի համայնքապետի կալանքի քննության գործը հանձնվել է Կարեն Ֆարխոյանին, բազմաթիվ իրավաբաններ հումորով Առուշանյանի պաշտպանական թիմին խորհուրդ էին տալիս միանգամից վերաքննիչ բողոք մուտքագրել:

Տեսանյութեր

Լրահոս