Կկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը յուրային դատավորների խումբ ձևավորել
Այսօր Տելեգրամի Mediaport ալիքը տեղեկություն տարածեց, որ երկու օր է՝ դատավոր Կարեն Ֆարխոյանը Նիկոլ Փաշինյանի անունից հանդիպումներ է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ, երբ դատախազությունն ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք:
Ըստ տելեգրամյան նշյալ ալիքի՝ երեկ, ուշ գիշերին դատավոր Կարեն Ֆարխոյանը Փաշինյանին է ներկայացրել 4 այդպիսի դատավորի անուն.
1. Աննա Դանիբեկյան,
2. Մնացական Մարտիրոսյան,
3. Գագիկ Պողոսյան,
4. Վաչե Մարգարյան։
Ըստ Mediaport ալիքի՝ «Ֆարխոյանը հայտնել է, որ կան ևս 2 դատավորներ՝ Մանվել Շահվերդյանը և Արտակ Թադևոսյանը, որոնք դեռևս կամուկացի մեջ են, սակայն, եթե ԱԱԾ-ն կարողանա բավարար կոմպրոմատներ հավաքել, ապա նրանք նույնպես կմիանան այդ ցանկին»:
Դատական համակարգում մեր աղբյուրների խոսքով՝ մեծ չէ հավանականությունը, որ Փաշինյանի մոտ բանագնացային առաքելություն իրականացրած անձը Կարեն Ֆարխոյանը լինի, քանի որ նա այդ հեղինակությունը չունի, որ կարողանա նման բան կազմակերպել ու իրականացնել, բայց միևնույն ժամանակ՝ այն, որ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ճնշումներ կլինեն, դա աներկբա է:
Մեր դիտարկմանը, թե՝ իսկ եթե մյուսները չե՞ն համաձայնել այդ ամոթալի հանձնառությանը, ի պատասխան՝ նշվեց, որ հնարավոր է՝ Կարեն Ֆարխոյանը մտել է դրա տակ, քանի որ եղբոր՝ Ջոն Ֆարխոյանի հարցը կա, ով անցնում է քրեական գործով, և այդ ծառայության մատուցմամբ միգուցե նրան եղբոր վերաբերյալ երաշխիքներ են տրվել:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա փետրվարի 7-ին 168.am-ը գրեց, որ ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը:
Վերջինս ձերբակալվել էր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործի շրջանակներում, և ըստ լուրերի՝ կաշառատուն Ջոն Ֆարխոյանն էր:
Երկու օր անց, սակայն, Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն ազատ էր արձակվել գրավի դիմաց:
«Մենք դիմել էինք Ջոն Ֆարխոյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությամբ, դատարանն այն բավարարեց, սակայն կիրառեց այլընտրանքային խափանման միջոց՝ գրավի դիմաց ազատ արձակելը»,- հայտնել էին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Մեզ ասացին, որ Կարեն Ֆարխոյանն առանձնապես սկզբունքային մարդու որակներով աչքի չի ընկնում, և, որ նա այն մարդն էր, ով կալանավորել էր իր եղբոր ընկերոջ որդուն՝ Ազգային ժողովի (ԱԺ) աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ներկայումս՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, իսկ որ նրան կալանավորելը եղել է քաղաքական պատվերի շրջանակում, թերևս, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում:
Պատմում են, որ Ջոն Ֆարխոյանն ու Արսեն Բաբայանի հայրը երկար տարիներ գործընկերային մտերիմ հարաբերություններ են ունեցել, ու իսկապես նրան կալանավորելը ծանր է տրվել Կարեն Ֆարխոյանին, բայց դա չի խանգարել, որ ամեն դեպքում նա բարեխղճությամբ իրականացնի քաղաքական իշխանության կողմից իջեցված պատվերը: Թեպետ հանուն արդարության՝ նշում են նաև, որ նա դրան գնացել է իրեն դեմ տրված ինչ-որ կոմպրոմատից հետո:
Ինչ վերաբերում է ցանկում եղած դատավորներին, մեզ ասացին, որ, թեև կասկած չկա, որ նշված դատավորները կգնան այդ քայլին, բայց ասացին նաև, որ այդ ցանկն ամբողջական չէ, ու, թերևս, այնտեղ կարող էին լինել նաև Արտուշ Գաբրիելյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի, ինչպես նաև հետագայում՝ Վերաքննիչ դիմելու դեպքում՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արմեն Դանիելյանի, Ռուբեն Մխիթարյանի և Մնացական Հարությունյանի անունները:
Իշխանությունների սիրած արտահայտությունը կիրառելով՝ նշենք, որ օդից կախված լուրերի համաձայն՝ նշված դատավորներն ԱԱԾ-ի հետ աշխատելու բարեհաջող փորձ ունեն, և դա դատական համակարգում որևէ մեկի համար գաղտնիք չէ:
Ինչևէ, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, հույս ունենք, որ այս անձինք այնքան կամք կունենան, որ չեն տրվի քաղաքական կալանավորումների դակիչ դառնալու «գայթակղությանն» ու պատվով կկարողանան կրել դատավորի պատվաբեր կոչման իրավունքը: