Նոր զոհ չունենք. Սամվել Ասատրյան
Սոցցանցերում լուրեր են շրջանառվում, թե հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հայկական կողմը երկրորդ զոհն ունի:
ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Երեկ ունեցել ենք մեկ զոհ, դրանից բացի, այլ զոհ չունենք: Իսկ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, մասնավորապես, Երասխի հատվածում հանգիստ է»,- նշեց նա:
Գնդապետ Ասատրյանը հորդորեց խուսափել ապատեղեկատվություններից և հատկապես զոհերի մասին լուրեր հայտնելու հարցում մրցավազքի դուրս չգալ, առավելևս, երբ հաղորդված լուրը, կատարված գրառումն իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ էր գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ կորուստներ է ունեցել նաև ադրբեջանական կողմը, Ադրբեջանը դեռ մեկ վիրավորի մասին է հայտնել: